ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մեր ունեցածը քոլիկներ չեն, տներ են․ Լվովյան փողոցի անհասցե բնակիչները քաղաքապետարանից օրինական հասցե են պահանջում

Քաղաքապետարանը նախորդ շաբաթ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի հարակից տարածքում շուրջ 1 տասնյակ  ինքնակամ շինություն է ապամոնտաժել։ Մինչ գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփվել են արված աշխատանքները, քաղաքապետարանի շենքի դիմաց են հավաքվել այդ տարածքի բնակիչները։ Նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Քաղաքային իշխանությունը դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ մտադիր է Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտայի շրջակայքում քաղաքային անտառ հիմնել, տարածքում, սակայն, տարիների պատմություն ունեցող ինքնակամ բազմաթիվ շինություններ կան։

«Այսքան տարի ոչ մի անգամ չեն եկել, մեզ չեն ասել՝ դուրս եկեք, մի արեք, մի սարքեք․․․ Հիմա եկել են, որոշում են կայացրել, թե դուրս եկեք, քանդում ենք»։

Նոր Նորքի Լվովյան փողոցի բնակիչներն են։ Եկել են քաղաքապետարան, ինչպես իրենք են ասում իրենց կացարանների իրավունքները պաշտպանելու։ Նախորդ շաբաթ քաղաքային իշխանությունը հենց նրանց ու նրանց հարևանների ինքնակամ շինություններն էր ապամոնտաժում։

«Մարդիկ չեն հասկանում՝ ում տունն են քանդելու, ումն են թողելու, տվյալ պահին քաղաքապետարանը որ հատվածի վրա է գործ անելու, որ հատվածն է կանաչապատվելու»,– ասում են բնակիչները։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախորդ շաբաթվա սկզբին էր հրահանգել՝ մեկ շաբաթվա ընթացքում ապամոնտաժել համայնքային հողերի վրա կառուցված ինքնակամ շինությունները տարածքը բարեկարգելու ու կանաչապատելու համար։ Մինչ բնակիչները քաղաքապետարանի դիմաց փորձում են ստանալ իրենց հարցերի պատասխանները, գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցվում է՝ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցին կից Թաթուլ Կրպեյանի զբոսայգու հարակից տարածքում արդեն 8 ինքնակամ շինություն ու 4 ցանկապատ է ապամոնտաժվել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձանագրում  է՝ պրոցեսը շարունակական է լինելու, շարունակելու են քանդել։

«Երբ խոսքը հեկտարներով այգիների և այդ այգու մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին է, այստեղ մենք անբեկելի ենք, այստեղ մեզ հետ որևէ կոմպրոմիս հնարավոր չէ։  Հնարավոր է միմիայն քննարկել իրականում անօթևան մնացող մարդկանց խնդիրների լուծումը։ Սա է այն մոտեցումը, որ մենք որդեգրել ենք դեռ 2 տարի առաջ և դրանից հետ չենք կանգնելու»։

Բնակիչները քաղաքապետի հետ համամիտ չեն։ Պնդում են՝ մի քանի սերունդ է ապրել այս տներում, իրենք էլ իրենց ձեռքով բարեկարգել ու կանաչապատել են ժամանակին ամայի այդ տարածքը։

«Այդտեղ քոլիկներ չեն, տներ են․․․ Մարդ կա 60 տարի է արդեն այնտեղ է ապրում, թոռներ են ծնվել այդ տարածքում, բանակ են գնացել եկել, սա մի օրվա պատմություն չի․․․ Մենք այնտեղ ապրում ենք, կոմունալ վճարներ ենք անում, կոմունալ հարմարություններ ենք ստեղծել։ Մինչև մեզ այնտեղ միայն քար էր, կարիճ, օձ ու դեղին խոտ»,– ասում է բնակիչներից մեկը։

Բնակիչներն ասում են՝ տարբեր քաղաքապետերի են դիմել իրենց տներն ու հողամասերը սեփականաշնորհելու հարցով, սակայն մերժվել են, չնայած պնդում են նաև, որ կան բնակիչներ, որոնց հաջողվել է օրինականացնել իրենց կացարանները։ Քաղաքապետարանի բակում լրատվության վարչության պետի պաշտոնակատար Տարոն Գևորգյանն է բնակիչներին պատասխանում։

«Փաստը, որ դուք դիմել եք օրինականացման, բավարար չէ, ուղղակի համայնքը նպատակահարմար չի գտել։ Այսինքն ձեր՝ անօրինական կառուցված գույքը օրինականացնելու հայտերը չեն ընդունվել։ Քաղաքապետի որոշման մեջ կա, որ համայնքը նպատակահարմար չի գտնում տվյալ տարածքում օրինականացման կամ քաղաքաշինական այլ ծրագիր իրականացնել»,– ասում է Տարոն Գևորգյանը։

Ավելի ուշ բողոքող քաղաքացիներին ընդունեց քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Վերջինը հանդիպումից հետո facebook–յան գրառմամբ տեղեկացրեց, որ նշված փողոցում նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն։ Իսկ հետագա գործողությունների հետ կապված լրացուցիչ քննարկումներ կլինեն

Ըստ քաղաքապետարանի՝ հանդիպման արդյունքում որոշվել է, որ առաջիկա օրերին Նոր Նորք վարչական շրջանի այգու հատվածում քանդման աշխատանքներ չեն իրականացվի, քանի դեռ քննարկումները  չեն ավարտվել և քաղաքացիներին խնդրի լուծման տարբերակեր չեն առաջարկվել:

Քաղաքային իշխանությունը մտադիր է այս ու Մյասնիկյան պողոտային հարակից շուրջ 26 հեկտար տարածքում քաղաքային ուրբան անտառ հիմնել։ Քաղաքապետարանն ավելի վաղ ուսումնասիրել ու պարզել էր, որ համայնքային հողերի վրա մի քանի տասնյակ ինքնակամ շինություններ՝ այդ թվում բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ կան։

«Կարծում եմ՝ ուղղակի այդ ժամանակն է անցել, որ այդ այգիներին այդ ձևով վերաբերվենք, այդ այգիները պետք է վերադարձվեն երևանցիներին, պետք է դառնան կանաչ տարածքներ, որտեղ մարդիկ իրենց հանգիստը կվայելեն»։

Նույն տրամաբանությամբ առաջիկայում քաղաքապետարանը կշրջանառի նաև Օղակաձև այգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Քաղաքային իշխանությունը մտադիր է այստեղ մասնավորի հետ համագործակցությամբ նոր այգի հիմնել։

«Եթե նորից վերադառնանք այն խոսակցությանը, որ տարբեր խեղճ մարդկանց տնակներ ենք քանդում, այստեղ այս տարածքում խեղճ մարդ չկա, այստեղի օբյեկտները տասնամյակներով շահագործվել են տարատեսակ ձևերով»,– եզրափակում է Ավինյանը։

Համայնքը մտադիր է բարեկարգել ու ավարտին հասցնել նաև Կասկադի՝ Խորհրդային տարիներից այդպես էլ անավարտ մնացած շինարարությունը։ Ավինյանը տեղեկացնում է՝ մայրաքաղաքին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը՝ շուրջ 11.5 հեկտար տարածք։ Քաղաքապետարանը նախատեսում է այստեղ լայնածավալ ծրագիր իրականացնել ու Կասկադը երևանցիներին ներկայացնել ավարտուն տեսքով։

Back to top button