ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ապահով ծերության երաշխի՞ք, թե՞ գլխացավանք․ արցախցիներն ուզում են հետ ստանալ կուտակային կենսաթոշակները 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ խնդիրներ ունեն արցախցի շահառուները։  Նրանք իրենցից գանձված գումարների վերադարձ են պահանջում կամ հստակ պարզաբանում, թե ինչպես է շարունակվելու գործընթացը։  «Ռադիոլուրը»  գրավոր հարցում էր ուղղել Կենտրոնական բանկին՝  խնդրելով  տեղեկություններ տրամադրել,  թե ինչ կազմակերպություններ են ստացել կամ տնօրինում արցախցիների կուտակած  գումարները և ինչպիսի լուծում  է առաջարկվելու նրանց։

ԿԲ-ն պատասխանել է, որ  հարցն իր իրավասությունների տիրույթում չէ՝ առաջարկելով  դիմել Արցախի պատկան մարմիններին։ «Ռադիոլուրի»  հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար Արամ Սարգսյանը հերքել է 53 մլրդ դրամի մասին շրջանառվող տեղեկությունը՝  նշելով, որ խոսքը շուրջ 17 մլրդ դրամի մասին է, որը 9 ամսվա ընթացքում պետք է հետ վերադարձվի 34000 շահառուների՝ իրենց կուտակած գումարների չափով։

2019 թվականին Արցախում  ներդրված պարտադիր կուտակային  կենսաթոշակային համակարգի  նկատմամբ կարծիքները միանշանակ չէին․  իշխանությունները պնդում էին, որ համակարգն ամենահուսալին է և կարող է ապահով ծերության երաշխիք դառնալ,  ընդդիմախոսները մտահոգություններ ունեին, որոնք մինչև  վերջ չպարզաբանվեցին։

«Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը օրենսդրական հաստատումից հետո բավականին փակ և ոչ լիարժեք էր մեկնաբանված Արցախում։ Համակարգի աշխատակիցը տեղեկացված չէր, թե իրեն այդ կուտակային բաղադրիչն ինչ գործիքակազմ է տալու, ինչ իրավունքներ ունի, լիարժեք իրազեկված չէին նաև բովանդակությանը։ Այլընտրանք չեն ունեցել և ավտոմատ կցել են այդ համակարգին։ Որևէ առաջարկ ռիսկայնության կամ եկամտաբերության տեսակետից նրանց չի արվել»,-ասում է «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արմինե Ավագիմյանը։

Հիմա այդ մտահոգություններն արդեն իրողություն են, և  մարդիկ իրենցից տարիներ շարունակ գանձված գումարների հետվերադարձ են պահանջում։ Բայց ումի՞ց՝ դեռևս պետք է պարզել։

Սոցցանցերում  տեղեկություններ էին շրջանառվում, որ խոսքը շուրջ 53 մլրդ դրամի մասին է, որը պետք է հետ վերադարձվի 34 000 շահառուի։ Այդ մասին խոսել է ԱՀ հանրային խորհրդի նախագահ Արմեն  Գևորգյանը։ Խնդիրը բարձրաձայնել է նաև «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արմինե Ավագիմյանը՝ հիմք ընդունելով կազմակերպությանը հղված  ավելի քան 600 շահառուների դիմումները։

«Փորձել եմ այդ վճարումների հետագա ճակատագրի վերաբերյալ հարցումներ անել, սակայն ստանալով ոչ լիարժեք, ոչ սպառիչ ու չհիմնավորված պատասխաններ՝ որոշել եմ ՖԲ տիրույթում հրապարակումներ անել»։

«Ռադիոլուրը»  գրավոր հարցում էր ուղղել Կենտրոնական բանկին՝  խնդրելով  տեղեկություններ տրամադրել,  թե ինչ կազմակերպություններ են ստացել կամ տնօրինում արցախցիների կուտակած  գումարները և ինչպիսի լուծում  է առաջարկվելու նրանց։

ԿԲ-ն պատասխանել է, որ  Արցախի կուտակային համակարգին առնչվող հարցերը, այդ թվում  կատարված կուտակային հատկացումների կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ , իր իրավասությունների տիրույթում չեն և  առաջարկել է դիմել Արցախի պատկան մարմիններին։

Իրավիճակի շուրջ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախի պետնախարար Արամ Սարգսյանը։ Նա հերքել է 53 մլրդ-ի մասին շրջանառվող տեղեկատվությունը՝  նշելով, որ խոսքը շուրջ 17 մլրդ դրամի մասին է, որը 9 ամսվա ընթացքում պետք է հետ վերադարձվի 34000 շահառուների՝ իրենց կուտակած գումարների չափով։ Այդ գումարների վերադարձը հնարավոր դարձնելու համար Արցախի օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել՝ տեղեկացրել է Արամ Սարգսյանը։

«Փոփոխություն է կատարվել օրենքում, որով արցախցիներին հնարավորություն է տրվել որոշելու իրենց կուտակած գումարների հետագա ճակատագիրը։ Համաձայն օրենքի՝ Արցախի ցանկացած քաղաքացի կարող է գումարների կուտակման շարունակությունը  տեղափոխել ՀՀ օրենսդրական դաշտ, կամ հետ ստանալ իր կուտակած գումարը։ Ներկա պահին կառավարության կողմից կատարվում է կարգի մշակում, որն առաջիկա օրերին պատրաստ կլինի և իրավական լուծում կստանա հարցը»։

Որտե՞ղ են կուտակվել այդ գումարները, ի՞նչ կարգավիճակ ունեն այդ գումարները կուտակած կազմակերպությունները հիմա, որտե՞ղ են գործում կամ գործու՞մ են արդյոք․  Արամ Սարգսյանի խոսքով՝ գումարները կուտակվել են «Ջեներալ  Ասեթ Մենեջմենթ» ֆոնդում, որն էլ այդ գումարները փոխանցել է «Ց կվադրատ» կազմակերպությանը։

«Ջեներալ ասեթ մենեջմենթը»  ՀՀ կենտրոնական բանկում գրանցվել է 2019 թվականի օգոստոսին՝ ստանալով ներդրումային ֆոնդի կառավարման լիցենզիա։  Ֆոնդը հիմնադրվել է Արցախի կառավարության կողմից և կատարում էր միջնորդ կազմակերպության դեր։

«Քանի որ հարցը ՀՀ օրենսդրական դաշտից դուրս էր, ԱՀ կառավարության կողմից ստեղծվել էր «Ջեներալ Ասեթ մենեջմենթ»–ը, որն էլ ստացել է գումարները և փոխանցել «Ց կվադրատին»։ Ֆոնդը գործում է, կառավարում է այդ գումարները և լուծարվել չի կարող, քանի դեռ այդ գումարների հարցը լուծում չի ստացել»։

Արցախի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունն արդյո՞ք չիհակասում  ՀՀ օրենսդրությանը, առավել ևս այն դեպքում, երբ կազմակերպությունները գրանցվել և գործում են ՀՀ օրենսդրության համաձայն։ Արամ Սարգսյանը պատասխանում է, որ ֆոնդերը կառավարում են գումարները, իսկ դրանք տնօրինում են Արցախի բնակիչները՝ ըստ իրենց փայերի։ 

«Կուտակային կենսաթոշակի մասին օրենքն ընդունվել է 2019 թվականին՝ Արցախի օրենսդրությամբ, ստեղծված իրավիճակով պայմանավորված ԱՀ օրենսդրության մեջ է կատարվել փոփոխություն։ Եթե ներդրումային ֆոնդերը  ՀՀ օրենսդրությամբ են գործում, դա գումարների վերադարձի հետ առնչություն չունի։ Ներդրումային ֆոնդերն այդ գումարը կառավարում են, իսկ  դրանք տնօրինում են քաղաքացիները՝ ըստ իրենց փայերի։

Գումարների հետվերադարձը որևէ ձևով կախված չէ արցախցիների կարգավիճակից։ Այսինքն՝ անկախ նրանից՝ ունե՞ն  փախստականի կարգավիճակ, թե՞ ոչ, այդ գումարները նրանց պետք է վերադարձվեն՝ ըստ սահմանվող կարգի։

Արդեն  ՀՀ–ում  Արցախի՝  կենսաթոշակային համակարգին կցված  քաղաքացիների  կուտակած գումարները  կկառավարվեն ու կտնօրինվեն ըստ ՀՀ օրենսդրության, շահառուների կողմից նախընտրելի կազմակերպությունների  ու հիմնադրամների կողմից։

«Այդ գումարները վճարվել են Արցախում գործունեության ժամանակ, կուտակվել է այնտեղ, ՀՀ-ում աշխատելու ժամանակ կկուտակվի առանձին, որը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, վերադարձի ենթակա չէ։ Այն գումարները, որ «Ց կվադրատին» փոխանցվել են «Ջեներալ ասեթ մենեջմենթի» կողմից, կուտակվել են Արցախի Հանրապետությունում։

Ինչպես են առանձնացվելու այդ  գումարները, համաձայն  և իրավասո՞ւ է արդյոք «Ց կվադրատը» վերադարձնել այդ գումարները Արցախի օրենսդրական կարգավորումներով այն դեպքում, երբ կազմակերպությունն ինքը գործում է Հայաստանի օրենսդրական դաշտում․  հարցեր են, որոնք հստակ պատասխաններ դեռևս չունեն, և որոնք, ըստ Արցախի պետնախարարի, կպարզաբանվեն վերադարձի կարգի ամբողջական մշակումից հետո։

Արմինե Ավագիմյանը  մեզ հետ զրույցում նշեց նաև, որ ահազանգեր են ստանում այն մասին, որ 2023 թվականի փետրվար-մարտ ամիսներից Արցախում  գրանցված աշխատակիցներից կենսաթոշակային գումարները գանձվել են, բայց չեն փոխանցվել համապատասխան ֆոնդերին։

«Թե ինչ նպատակով են ծախսվել, որտեղ են ուղղվել, ում լիազորությամբ, ինչ իրավունքով, անհասկանալի է»։

Արամ Սարգսյանը հարցին համառոտ է անդրադառնում՝ առանց փակագծերը բացելու։

«Քանի որ ծրագիրը հիմա չի աշխատում, կոնկրետ գումարը որոշելը դժվար է, 1,5 մլրդ-ից ավելի է։ Շրջափակման պայմաններում կառավարությունը որոշում է կայացրել հրատապ ծրագրեր իրականացնել»։

Արցախի նախկին պաշտոնյաներն ու պատկան կառույցները հորդորում են սպասել, արցախցիները սպասում են, բայց` թերահավատությամբ, որ 9 ամիս հետո հարցը լուծված կտեսնեն։

Back to top button