ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Դիվանագիտական ֆորումի դիվանագիտական տողատակերը. Անթալիայի հուշումները

Անթալիայի դիվանագիտական ֆորումի աշխատանային երկրորդ օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը:

Հայաստանի արտգործնախարարը Անթալիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, նշելով, որ այն տնտեսականից բացի ունի նաև քաղաքական բաղադիչ, ինչը նշանակալի գործոն է տևական խաղաղության համար:

Անթալիայի դիվանագիտական ֆորումի երկու օրվա ընթացքում նկատելի են նաև դիվանագիտական մանր քայլեր և ձևակերպումներ, որոնք պակաս կարևոր չեն:

Անթալիայի արդյունքներից արդեն կարելի է համարել նոր պայմանավորվածությունը. Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպման մասին: Այս մասին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ասել է ՌԻԱ Նովոստիին՝ նշելով, որ հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ համաձայնեցված չէ։

Անթալիայի դիվանագիտական ֆորումը չի շրջանցել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը:

Տարբեր թեմաներով պանելային քննարկումներից բացի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում արդեն երկրորդ օրն է, ինչ ուշադրության կենտրոնում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցն ու խաղաղության պայմանագրին առնչվող քննարկումները:

Ադրբեջանը շարունակում է պնդել՝ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից՝ նորմալացման գործընթացն ու խաղաղության բանակցությունները չվնասելու համար: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սա ասել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը: 

Ադրբեջանը, սակայն, հրապարակային հայտարարել է՝ Բաքուն պարզաբանումների է սպասում Երևանից Հայաստանի Սահմանադրության բովանդակության հետ կապված: Պնդում են՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող ձևակերպումների առնչությամբ պազրաբանումները պետք է ստացվեն շատ մոտ ապագայում:

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի նման հայտարարություններին Անթալիայում պատասխանել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:  Նա շեշտել է, որ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և որևէ կերպ կապված չէ խաղաղ գործընթացի հետ:

Պարզաբանումների ամենալավ տարբերակը, ըստ Ռուբինյանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Ասում է՝ փաստաթղթում առկա երկու դրույթը փարատում են բոլոր մտահոգությունները: Մեկով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվում են տարածքային հավակնություններ չունենալ ապագայում, իսկ երկրորդ դրույթով կողմերը պարտավորվում են չվկայակոչել ներքին օրենսդրությունը տվյալ պայմանագրի իրագործումը չկատարելու համար:

Աժ փոխնախագահը Անթալիայում նշել է՝ բարձր մակարդակով խաղաղության սկզբունքների համաձայնեցումից հետո մնացել է տեխնիկական աշխատանքը: Հայաստանը պատրաստ է և անում է ամեն ինչ համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ամրագրելու համար։

Այդ դեպքում խաղաղությունը լիովին հասանելի է, համոզված է Ռուբինյանը՝ շեշտելով, որ այդ քայլեր փոխադարձ չեն, նույն պատրաստակամությունը չեն տեսնում Ադրբեջանի կողմից։

Խաղաղության գործընթացին առնչվող Հաջիևի հայտարարություններում կան նոր նրբերանգներ: Ասում է՝ արտգործնախարարների Բեռլինի բանակցություններից հետո դեռ կան բացեր և պարզաբանումների անհրաժեշտություն: Նաև կրկին շրջանառում է երկկողմ աշխատելու ցանկությունը՝ ուղիղ ասելով, թե որտեղ Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ կա Ադրբեջան և կա Հայաստան: Դա ոչ Փարիզն է, ոչ Բրյուսելը և խաղաղության պայմանագիրը այնտեղ չպետք է ստորագրվի:

Մինչդեռ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շեշտում է՝ ԵՄ-ն դեռ վաղուց ներգրավված է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործընթացում: Ուշագրավ է, որ «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» պանելային քննարկմանը տարածաշրջանային երկրների ներկայացուցիչների հետ ՌԴ արտգործնախարարը, որը նույնպես Անթալիայում է, չի մասնակցել։

Իսկ Տոյվո Կլաարը անդրադարձել է նաև Ադրբեջան-Նախիջևան կապին, որը անհրաժեշտ է համարում տարածաշրջանում տնտեսական կապերի առումով ևս:

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ Հայաստանը, դեպի ծով ելք չունեցող երկիր է, և շատ լավ է հասկանում վերոնշյալի կարևորությունը: Հայաստանը ունի 4 հարևան, բայց միայն 2 բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում և Հայաստանը մյուս երկու հարևանների հետ բանակցություններ է վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար:

Արարատ Միրզոյանի պնդմամբ՝ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար:

Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այն սկզբունքները, որոնք ընկած են դրա հիմքում՝ նախարարը շեշտել է հատկապես տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային օրենսդրության հիման վրա: Արտգործնախարարը նշել է, որ համագործակցությունը պետք է կառուցվի հավասարության և փոխադարձության հիման վրա:

Կարդացեք նաև
Close
Back to top button