Հայաստանն ընդլայնում է ռազմաքաղաքական համագործակցությունը ու նոր գործընկերներ փնտրում․ այս մասին անցնող շաբաթվա ընթացքում մի քանի տարբեր հարթակներից ու տարբեր մակարդակներում հայտարարություններ հնչեցին։ Արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցերը նաև իշխող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպման օրակարգում էր։ Երեկ Հանրային Հեռուստաընկերությանը տված հացազրույցում թեմային անդրադարձել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա Ռուսաստանի Դաշնության հետ վերջին տարիների համագործակցությունը անարդյունավետ է որակել։
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգային, ռազմական համագործակցությունները և դա օբեկտիվ պահանջ է՝ շեշտել է Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը վերջին տարիներին, ըստ նրա, այնքան էլ արդյունավետ չէ, ինչը ստիպել է այլ գործընկերներ փնտրել ու գտնել։
«Երբ 2021թ-ից սկսած փորձել ենք զենք գնել ՌԴ-ից, Ռուսաստանի հետ պայմանագրեր ենք կնքել, մենք բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել Ռուսաստանի հետ, որ համատեղ այդ բարեփոխումները իրականացնենք, բայց դրա փոխարեն մայիսին ու նոյեմբերին Հայաստանի վրա հարձակումներ են տեղի ունեցել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը և ոչ միայն անհրաժեշտ այլև արդեն գնված զենքը»,– ասել է Արմեն Գրիգորյանը։
2020թ․ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության ավելի քան 95 տոկոսը բաժին էր ընկնում Ռուսաստանին, իսկ 2021-ից սկսած Հայաստանը մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել նաև այլ երկրների հետ և այս պայմանագրերում Ռուսաստանի հետ ունեցած ծավալը 10 տոկոսից էլ պակաս է՝ նկատում է ԱԽ քարտուղարը։
«Երբ 2020թ-ից սկսած մենք տեսել ենք, որ այդ անվտանգության համակարգը չի աշխատում, մենք սկսել ենք քայլեր ձեռնարկել, որ այլընտրանքներ ունենանք ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովենք, այսինքն քայլերը եղել են այն պատճառով, որ անվտանգության համակարգը չի աշխատել երկկողմ՝ Հայաստան-Ռուսաստան, և բազմակողմ՝ ՀԱՊԿ շրջանակներում։ Եվ արդյուքնում՝ Հայաստանը սկսել է իր համար այլընտրանքներ փնտրել»։
Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները անցնող շաբաթվա ամենաքննարկված թեմաներից մեկն էր։ Նախ France 24-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Պատասխանելով ՀԱՊԿ-ը լքելու մասին հարցին՝ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ռազմական այդ դաշինքին։ Փաշինյանն արդեն Հայաստանում Ազգային Ժողովի գործընկերների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Փարիզում արած հայտարարությանը՝ պնդելով, որ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
«Մենք հարց ենք տվել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, և մինչև այսօր պատասխան չենք ստացել, ինչը սպառնալիքներ է ստեղծում։ ՀԱՊԿ-ը փոխանակ կատարելու Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար։ Հիմա մենք դե ֆակտո ենք սառեցրել (անդամակցությունը), և եթե էս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք, ի՞նչ անենք ուրիշ: 23 թվականն էլ անցավ, մենք պետք է դիրքավորվենք»,-ասել էր վարչապետը։
Ռուսական արձագանքը չուշացավ։ Վարչապետի հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ էր ակնկալում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Մոսկվան, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ»։
«Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման նպատակներին, հուսով ենք՝ Երևանը կգա այն ըմբռնմանը, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով»,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Մինչ այդ Հայաստանը շարունակում է ընդլայնել եվրոպացի գործընկերների հետ համագործակցությունը։ Շաբաթվա սկզբին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Փաշինյանի հետ հանդիպումից հետո շեշտեց, որ Հունաստանը Հայաստանի կողքին կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին։ Իսկ հաջորդ շաբաթ արդեն Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարարը՝ այցի առանցքում ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությունը կլինի։
Եվրամիության հետ ընդլայնվող համագործակցության մասին նաև անվտանգության խորհրդի քարտուղարն է խոսել։
«Եվրամիության հետ այս պահին շատ ընդլայնված օրակարգ ունենք, վիզաների ազատականացումից սկսած Եվրոպական խաղաղոթյան գործիքակազմ, և կարելի է ասել՝ անվտանգությունը շատ մեծ տեղ է գրավում Եվրամիության հետ համագործակցության օրակարգում նաև այստեղ շատ կարևոր է, որ Ֆրանսիան շատ կարևոր դերակատարում ունի անվտանգության ոլորտում երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, դուք գիտեք, որ Ֆրանսիան մեծ ծավալի ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Հայաստանի հետ, և սա ընդլայնելու մեծ հնարավորություններ կան»,-ասել էր անվտանգության խորհրդի քարտուղարը։
Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մասին կողմերը մեկ շաբաթ առաջ Երևանում խոսեցին։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծեց, որ եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, Ֆրանսիայի հետ նման ռազմական համագործակցություն չէր լինի։