ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վերադարձ գրաբարին․ երեխաները մրցում են հին հայերենով

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում ամփոփվել է դպրոցականների գրաբարյան մրցույթը։ 4 ամիս տևած հեռավար մրցակցության ընթացքում 170 աշակերտներ ու նրանց ուսուցիչները զարգացրել են գրաբարի իրենց իմացությունը, մրցել, այժմ էլ հավաքվել են մի վայրում՝ աշխատանքները ցուցադրելու ու մրցանակները ստանալու համար։

Մի խումբ երեխաները գուցե դեռ չգիտեն, որ երեքհարյուրամյա ռազմավարական պլանի առաջին քայլն են կատարում։ Նրանք այժմ գրաբարով են արտասանում Թումանյանի «Արծիվն ու կաղնին», որ, ասենք, 500 տարի հետո մենք մեզ հասկանալու խնդիր չունենանք։

«500 տարին մեկ կենդանի լեզուն այնպես է անճանաչելի փոխվում, որ Ֆրիկի, Քուչակի գրածները հիմա այլևս չեն հասկանում, իսկ Սևակի, Չարենցի գրածները չեն հասկանալու 500 տարի հետո։ Եվ եթե մենք ամեն ոսկեդարը գրենք մեկ այլ լեզվով, մեր երեխեքը պիտի սկսեն իրենց նախնիների ոսկեդարյան գրականությանը և հավերժական արժեքներին ծանոթանալ թարգմանչի միջնորդությամբ, ինչպես օտարազգիները, և այլևս ոչ մի տարբերություն չլինի՝ դու հա՞յ ես, թե՞ ֆրանսիացի, մեկ է՝ Նարեկը թարգմանած ես կարդում, դու էլ մաքուր աղբյուրից այդ ջուրը չես կարող խմել»,- ասում է «Ինսթիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Նա այս հնարավորությունը բացառելով է ներգրավվել «Դասական լեզու հայոց» մրցույթի կայացման աշխատանքներում։ 170 երեխա մասնակցել են գրաբարի իրենց իմացությունը ստուգող մրցույթին։ Ինչո՞ւ է դա կարևոր՝ Վահագն Պողոսյանն է պատմում․

«Հայ ժողովուրդը «մեռել է» մոտավորապես 10-րդ դարում։ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ 5-րդ դարում չի մեռել․ բուզանդահպատակ արևմտահահայերին ու պարսկահպատակ արևելահայերին կարկատեց հայկական տառերով, ստիպեց նորից մի լեզվով խոսել, ու 5 դար հայ ժողովրդի մահը ուշացավ։ Հայ ժողովուրդը «մեռավ» 10-րդ դարում, երբ ծնվեցին երկու նոր ժողովուրդներ՝ արևմտահայ ու արևելահայ, և մենք մտադիր ենք եկուսին էլ մատաղ անել, որ մի 500 տարի հետո նորից ծնվի հայ ժողովուրդ։ Նկատի ունենք 300 տարվա ծրագիր։ Այսօր ոչ մեկը ոչ մեկին չի ստիպում գրաբար սովորել, մենք կրթական ծրագիր ենք մշակում ապագա սերունդների համար, որոնք հետո կմեծանան, իսկական հայ կլինեն ու կկերտեն իսկական Հայաստանը»։

Իսկ էլ ավելի կարճաժամկետ հեռանկարում աշակերտների նպատակը պարզապես գրաբարին մի քիչ ավելի լավ տիրապետելն ու մրցույթում հաղթելն է եղել։ Մանրամասնում է մրցույթի համակազմակերպիչներից «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Մանե Ղևոնդյանը։

««Դասական լեզու հայոց» մրցույթը կազմակեպրվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, Արարատյան հայրապետական թիմի, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի, «Դասական դպրոց»-ի և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի համատեղ ջանքերով։ Իր ձևաչափով ու մասշտաբով հանրապետությունում առաջինն էր, մեզ համար կարևոր էր, որ ուսուցիչն ու աշակերը մոտ չորս ամիս ամբողջ ընթացքում սովորել են ու կիրառել են»։

170 երեխաները սովորում են 5-11-րդ դասարաններում։ Կազմակերպիչների տրամադրած օժանդակ նյութերն օգնել են մասնակիցներին կարդալ դասական հայերենով, պատրաստել տեսնայութեր, այնուհետև ինքնուրույն պատրաստել կոմիքսներ, բեմադրություններ, տեսանյութեր՝ ամբողջովին գրաբարով։

Հաղթող աշակերտների աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ

«Մենք շատ բարձր նշաձող ենք վերցրել․ իրենք ոչ միայն կարդացել, այլ ստեղծել են նոր խոսք։ Կարդում են բոլորը։ Ես վստահ եմ, բոլորը կարող են հանգիստ Աստվածաշունչ կարդալ, կարող են մի քիչ դժվարությամբ Խորենացու «Հայոց պատմություն»-ը կարդալ։ Ես նաև սեփական փորձով եմ համոզվել, որ կարող են 300 ժավա մարզանքից հետո նաև գրել։ 300 ժամ է տևում, որ նյարդային ցանցը վարժվի, ու խոսի, մտածի այդ լեզվով, 300 ժամ, և երբ այդ չնչին ներդրումը անում ենք մանկապարտեզից, առաջին դասարանում ենք ունենում դա, առաջին դասարանում ենք անում՝ երկրորդից ենք ունենում։ Առհասարակ դա խնդիր չի, ապացուցված է, հիմնավորված է գիտականորեն՝ նյարդային ցանցը մարզվում է մոտ 300 ժամում»։

4 ամիս տևած այս մրցույթի ընթացքում երեխաները բավարար չափով ժամանակ ունեցել են գրաբարը հարազատ դարձնելու համար։ Եթե նույնիսկ դա ամբողջովին չեն արել, մրցույթի կազմակերպիչները չեն սրտնեղում․ մեծ գործերը փոքր քայլերով են կազմակերպվում։

Հաղթողները ստացան դրամական պարգևներ՝ «Ինսթիգեյթ» ընկերության կողմից, իսկ հաղթողների ուսուցիչները անհատական սալիկային՝ հայ մասնագետների կողմից ստեղծված համակարգիչներ՝ Բուտեխ ընկերության կողմից։

Կարդացեք նաև
Close
Back to top button