ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տաք շենքեր, քիչ ծախսեր. Վանաձորը ամենաքիչն է օգտվել ջերմաարդիականացման ծրագրից

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով իրականացվող շենքերի էներգաարդյունավետ արդիականացումըմիտված է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ու ջերմաարդիականացմանն աջակցելուն: Լոռու մարզում, ի տարբերություն մարզկենտրոն Վանաձորի, մյուս քաղաքային համայնքներն ակտիվորեն ներգրավված են ծրագրում:

Այն տեսանելի արդյունքներ է գրանցել: Բազմաթիվ շենքերի բնակիչներ էներգաարդյունավետ արդիականացման շնորհիվ ջեռուցման ծախսերի շոշափելի տնտեսումներ ունեն, հատկապես ձմռանը: Ծրագրի ավարտը 2025-ին է:Մինչ այդ համայնքները դրամաշնորհային համաֆինանսավորումից օգտվելու հնարավորություն ունեն:

Անուշիկ Սարգսյանը Ստեփանավանի նորակառույց Ռումինական թաղամասի բնակիչ է: Ասում է՝ նոր բնակարանի առավելություններն առաջին իսկ օրից  են զգում: Շենքը շատ տաք է, արտաքին տեսքը լրիվ փոխվել, գեղեցկացել է, շքամուտքը՝ նորոգվել: Հարևաններն էլ են գոհ, ջեռուցման ծախսերը մոտ 20 %-ով նվազել են. «Հարևաններն ասում են՝ նախկինի համեմատ շատ տաքացել ա շենքը, կոմունալները հիմա քիչ ա գալիս: Առաջինը մեր շենքն են արել, ու լրիվ տարբերվում է արտաքնապես, ներսն էլ ա ռեմոնտ արած, լույսեր ա տեղադրած, շատ գոհ ենք»:

Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքաշինության, բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետ Լևոն Քալանթարյանն ասում է՝ Ստեփանավանի Ռումինական թաղամասի 3 շենք փորձնական ջերմաարդիականացրել են: Որոշել են այս տարի մյուս շենքերն էլ ներառել ծրագրում. «Ի սկզբանե մենք առաջին տարին որոշեցինք ընտրել տարբեր հատվածներից, որ բնակչությունը ծանոթանար ծրագրին, հաջորդը ընտրեցինք արդեն Ռումինական 3 շենք։ Հիմա մնացել են 5 շենք, որը մենք ընդգրկում ենք այս տարի: Շատ արդյունավետ ա, բնակչությունը գոհ ա, փոխվել ա արտաքին տեսքը: Մենք վճարել ենք 25 %»:

Համաֆինանսավորումը բազմաբնակարանների էներգաարդյունավետության բարձրացման դեպքում կազմում է շինարարության արժեքի 25%-ը, հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20%-ը,-ասում է ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը: Ծրագիրն իրագործվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ:

2018-23 թթ.-ին ծրագիրը 1,6 մլրդ. դրամի չափով համաֆինանսավորել է շուրջ 200 շենքի ջերմաարդիականացումը: 150 շենքեր բնակելի են. «Հայաստանի բնակչության զգալի մասը համարվում է էներգետիկ աղքատ, այսինքն ամսական եկամտի մեծ մասը գնում է կոմունալ վճարներին: Մոտ 50 %տարբերություն ա տալիս բնակիչների վրա կոմֆորտի մակարդակով, էներգախնայողության և բնապահպանական»:

2023 -ին Լոռու մարզում համաֆինանսավորված 54 շենքերից 52-ը բնակելի են: Ամենաշատը՝ 29 բնակելիներ, արդիականացվել են Ալավերդիում և միայն 8-ը՝ Վանաձորում: Ծրագրի պատասխանատուներն ասում են՝ ի տարբերություն մարզի մյուս քաղաքների, որոնք ակտիվ ներգրավված են ծրագրում, մարզկենտրոն Վանաձորի ՏԻՄ-ում 2021-ի –ից հետո առաջացած ճգնաժամը որոշակի խոչընդոտեց ծրագրի ընթացքին: Ավագանին նիստեր չէր գումարում, չկար համայնքի ղեկավար:

Անունը չհրապարակելու պայմանով, Վանաձորի բնակիչներից մեկը «Ռադիոլուր» — ին ասաց՝ 2019-ին իրենց 5 շենքերը ևս ներառված են եղել ծրագրում: Նախատեսված էր, որ շենքն արտաքինից պիտի պատվեր պենոպլաստե շերտով, նաև շքամուտքերն էին նորոգվելու: Ինչ որ փուլում, ասում է, ամեն ինչ կանգ առավ:

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրի շինարարության և էներգաարդյունավետության փորձագետ Անդրե Օհանյանն ասում է՝ նախկին համայնքապետի օրոք Վանաձորի 11 շենքերի համար 42 մլն. դրամի նախագծեր էին պատվիրվել, հետո գործընթացը չեղարկվեց. «42 մլն. դրամ փող ա ծախսվել, 11 բազմաբնակարան շենքերի նախագիծ- նախահաշիվ պատվիրվել, ոչ մի գործ արած չի: Տենդեր եղավ, հանդիպեցի շինարարին, հետո չեղարկվեց: Էդքան գումար ծախսվել ա: Նախկին քաղաքապետի ժամանակ է էդ ամեն ինչը արվել, հետո իր հետ դեպքեր եղան, պասիվացավ»:

Վանաձորի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանն ասում է՝10 շենքի նախագիծ-նախահաշիվը հաստատվել էր: 3 անգամ մրցույթ է հայտարարվել: 1 շենքի համար է հաղթող ճանաչվել, ով հետո հրաժարվել է: Մյուս շենքերի մրցույթներին անգամ մասնակիցներ չեն եղել: Դժվարանում է ասել՝ ինչն էր պատճառը, որ գործընթացը չեղարկվեց: Այժմ այդ չեղարկված նախագծերը այլ դոնորների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով համաֆինանսավորման հնարավոր տարբերակներն են քննարկվում:

Ծրագրում ընդգրկված 2021-ի 2 սուբվենցիոն հայտեր դարձյալ Վանաձորի ՏԻՄ ճգնաժամով պայմանավորված՝ ավարտին են հասցվել 2022-ին՝ ասում է Լիլյա Դավթյանը.«10 շենքի տանիք է նորոգվել Վանաձորում, որի, ինչպես նաև Տիկնիկային թատրոնի այն կոմպոնենտները, որոնք վերաբերում են շենքի էներգաարդյունավետությանը՝ տանիքի ջերմամեկուսացնող դուռ, պատուհան, ֆինանսավորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: էս տարվա սուբվենցիոն ծրագրերով էլ ունենք նախատեսած շենքեր, մանկապարտեզներ և կդիմենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրին»:

Միայն 2019-21 թթ-ին մարզի Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան և Ախթալա քաղաքների ընդհանուր թվով 28 շենքեր ջերմաարդիականացվել են սուբվենցիա- դրամաշնորհ համաֆինանսավորմամբ: Համայնքների բնակիչները 20%-ով ջեռուցման ծախսերի տնտեսում ունեն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՏԻՄ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ ծրագիրը մեծապես աջակցում է համայնքներին սուբվենցիոն հայտերով արդիականացնել հնացած բնակֆոնդն ու թեթևացնել բնակիչների ու համայնքային բյուջեի բեռը, հատկապես ձմռանը. «Մեր շենքերը բարոյապես մաշվում են, դրանք էներգաարդյունավետ դարձնելով, համայնքը նաև իր քաղաքացիների մասին է մտածում, բայց երբ համայնքահեն՝ մանկապարտեզ, մշակույթի պալատ, երաժշտական դպրոց է ջերմաարդիականացնում, անմիջապես էդ օգուտը ինքը համայնքի բյուջեի վրա է զգում»:

2017-ից Վանաձորը միացել է նաև Եվրոհանձնաժողովի «Քաղաքապետների դաշնագրին»՝ նպատակ ունենալով աջակցել կայուն էներգետիկ քաղաքականության իրականացմանը: Քաղաքային իշխանությունները պարտավորվել են մինչև 2020 թվականը նվազեցնել համայնքի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 20%-ով: Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված ծրագրով համայնքային իշխաննությունները գործողությունների մեծ ցանկ են կազմել, որն այդպես էլ թղթին է մնացել:

Back to top button