ԿարևորՔաղաքական

Քըլըչն առաջարկում է հայ-թուրքական բանակցությունների հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում

Անթալիայի  դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար մի շարք երկրների արտգործնախարարներ են մեկնել Թուրքիա։ Բեռլինից Անթալիա է մեկնել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Թուրքիայում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Համաժողովի շրջանակներում նախատեսված է Դաշնության արքաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Թուրքիայի և Ադրբեջանի իր պաշոնակիցների հետ։ Ադրբեջանի արտգործնախարարը Թուրքիա է մեկնել նախօրեին՝ Բեռլինում հայ-ադրբեջանական երկօրյա բանակցությունների ավարտից անմիջապես հետո։ Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք Միրզոյանը նույնպիսի հանդիպումներ կունենա իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ։ ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է միայն, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում տեղի կունենան հանդիպումներ։

Այսօր մեկնարկել են պանելային քննարկումները, որոնց մասնակցել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ հայ-թուրքական կարգավորման հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։  

Փորձագետները նկատում են՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովն այս անգամ առանձնապես ներկայացուցչական չէ, քանի որ եվրոպական և ամերիկյան շրջանակներից նախարարների մակարդակով մասնակցություն գրեթե չկա։ Մեր հյուսիսային հարևան Վրաստանը փոխարտգործնախարարի մակարդակով է մասնակցում համաժողովին։ Հարավային հարևան Իրանի մասնակցությունն էլ առաջին դեմքերով չէ։

Փորձագետները, սակայն,  չեն կասկածում, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ անդրադարձ է լինելու նաև Հարավային Կովկասի խնդիրներին, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։ Արդյո՞ք Միրզոյանը նույնպիսի հանդիպումներ կունենա իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ, դեռ պարզ չէ։

ԱԳՆ-ից հայտնել են, որ Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով լինելու է Անթալիայում՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ X-ի իր միկրոբլոգում մեր երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը գրել է, որ այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին։

Մինչ այդ՝ այսօր համաժողովի «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար, սակայն նույն պատրաստակամությունը չի տեսնում Ադրբեջանի կողմից։

«Մենք Ադրբեջանից չենք տեսնում ցանկություն՝ այս ամենը արտահայտել թղթի վրա, սակայն հուսով ենք, որ դա կփոխվի»։ 

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի համար կոնֆլիկտն ավարտված է, և օրակարգում  խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունն են։

«Մեզ համար որոշ հարցեր բաց են մնացել, և մենք սպասում ենք բացատրությունների կապված ՀՀ Սահմանադրության ու իրավական որոշ կետերի հետ։ ՀՀ-ում դեռ կա «միացում» բաղադրիչը և այն կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, որն ըստ դրա մտնում է ՀՀ սահմանադրության լիազորությունների մեջ և որոշ հղումներ են արվում Ալմաթիի հռչակագրին։ Մենք սպասում ենք բացատրությունների հայկական կողմից, և դրանք պետք է տրվեն  հնարավորինս շուտ»։

Ի պատասխան Ռուբինյանն ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը Հայաստանի ներքին հարցն են և  խաղաղության գործընթացի հետ կապ չունեն։

Համաձայնեցված սկզբունքները միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն են՝ շեշտել է Ռուբինյանը, թվարկել դրանք՝ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեկը մյուսի իրավասությունը հարգելը, բոլոր հաղորդակցությունների բացումը հավասարության սկզբունքի վրա հիմնված։

«Ռուբենին ու Հիքմեթին լսելով  պարզ է դառնում՝ ինչքան զգայուն է իրավիճակը ու բարդ են բանակցությունները»,-ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։ Ըստ նրա՝ պետք է միջոցներ ձեռնարկել կողմերի միջև վստահության ամրապնդման համար և կենտրոնանալ կետերի վրա, որոնք միավորում են, ոչ թե բաժանում, հակառակ դեպքում  ավելի մեծ հեռավորություն կլինի՝ ձևակերպել է թուրք բանագնացը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Քըլըչն ասել է, թե բանակցությունները շարունակվում են:

«Մոսկվայում հանդիպման ժամանակ մենք նշել ենք հայ-թուրքական կարգավորման գործընթացի հիմնական չափորոշիչները և կողմ ենք ամբողջական կարգավորմանը։ Հայաստանի և Թուրքիայի տեսանկյունից՝ սա ոչ թե կարգավորման, այլ երկու երկրի միջև փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է»։

Ըստ Քըլըչի՝ հայ-թուրքական գործընթացը ճիշտ ուղղությամբ է շարժվում, և պետք է կենտրոնանալ այն պահերի վրա, որոնք, նրա ձևակերպմամբ, միավորում են, այլ ոչ թե բաժանում:  Սրանով թուրքական կողմի բանագնացն, ըստ էության, արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի մինչ այդ արած այն ձևակերպմանը, թե հայ-թուրքական սահմանի փակ մնալու որևէ պատճառ չի տեսնում։ Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Ռուբինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ շուտով կիրականացվեն, և դա առաջին քայլը կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման և հայ-թուրքական սահմանի ամբողջական ապաշրջափակման համար։

«Սա շատ դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- թեման եզրափակել է Ռուբինյանը։ Քըլըչն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել։

Փորձագիտական շրջանակներում, սակայն, այնքան էլ լավատես չեն։ Փորձագետները նկատում են, որ մեկ տարի առաջ էլ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցեց Թուրքիայում անցկացվող դիվանագիտական այս համաժողովին։ Դրա շրջանակում տեղի ունեցած Ռուբինյան-Քըլըչ առաջին շրջանի հանդիպումից հետո՝ անցած մեկ տարվա ընթացքում, որոշ փորձագետների գնահատմամբ, Թուրքիան փոխել է իր կեցվածքը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը  նկատում է, որ Թուրքիան բոլոր մակարդակներով շարունակում է կոշտ խոսել Հայաստանի հետ։  

«Շատ բացահայտ, բոլոր մակարդակներով՝ նախագահ, պաշտպանության նախարար, խորհրդարանի նախագահ, արտգործնախարար. բոլոր մակարդակներով  շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմաններով»։

Ըստ Մանուկյանի՝ կյանքը ցույց տվեց, որ ճիշտ էին այն մտավախությունները, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորում է նախապայմաններով և դրանք շարունակում է փոխկապակցել Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ։

Back to top button