ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Օտար ուժեր Հայաստանում․ ԱԺ մեծամասնության և ընդդիմության մտահոգությունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է Եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութունում չեն հերքում, որ իրենց քաղաքական ուժը նպատակ ունի առաջիկայում անդամակցելու որևէ եվրոպական կուսակցության։

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամությունը և ցանկությունը՝ համագործակցելու եվրոպական քաղաքական ընտանիքի հետ։

Այդ ցանկությունը, ի դեպ, վերաբերում է ոչ միայն կուսակցությանը, այլև՝ պետության արտաքին քաղաքականությանը։ Հայաստանում վերջերս ավելի հաճախ են սկսել խոսել, որ պետք է մտածել ԵՄ թեկնածու–անդամ դառնալու մասին։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանի շահերից բխում է բալանսավորված քաղաքականությունը։

Խորհրդարանական մեծամասնությանն ու ընդդիմությանը միավորում է մեկ մտահոգություն՝ Հայաստանի տարածքում այլ ուժերի ներկայությունը։ Տարբերությունը, սակայն, այն է, որ իշխանությունը, ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, փորձում է պարզել կոնկրետ ռուս զինծառայողների ներկայության իրավական հիմքերը, ասենք, «Զվարթնոց» օդանավակայանում կամ Ներքին Հանդի հատվածում, իսկ ընդդիմադիրները՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ներկայացմամբ՝ խոսում են այլ ուժերի մասին։

Արթուր Հովհաննիսյան․ «Այո, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին, այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է։ Քննարկումներ են տեղի ունենում։ Երբ որոշումներ կլինեն, այդ որոշումների մասին կիմանանք ինստիտուցիոնալ ճանապարհով։ Բազմաթիվ իրողություններ տեղի ունեցան ոչ թե 6 տարի հետո, այլ 6 տարիների ընթացքում, հետևաբար՝ յուրաքանչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, որոշումներ և գործողություններ»։

Հայկ Մամիջանյան․ «Ինձ հետաքրքիր է՝ երկա՞ր է շարունակվելու այդ բացահայտումները ՔՊում։ Քնում-արթնանում են՝ բաներ են իմանում մեր երկրի մասին։ ՀԱՊԿ արտաքին սահման է, Եվրասիականը արտաքին սահման է, ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ՝ դրանով է պայմանավորված։ Այնպես որ, ինձ ավելի շատ անհանգստացնում է ադրբեջանցիների առկայությունը Ջերմուկից 1 կմ այն կողմ, Վարդենիսից մի քիչ այն կողմ, Սյունիքում»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ ռուս սահմանապահները Հայաստանում իրականացնում են նաև այլ առաքելություն շուրջ 300 կմ Թուրքիայի և մոտ 43 կմ Իրանի հետ սահմանին։ Եթե հարցեր են առաջանում Հայաստանում ռուս զինծառայողների գործունեության առնչությամբ, նախկին պաշտպանության նախարարը հորդորում է պարզել նաև մեկ այլ հարց Ներքին Հանդում նրանց տեղակայման առնչությամբ․  

«ՀՀ-ում փաստորեն կարելի է, օրինակ, նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո բանավոր հրահանգ տալ և ասել՝ զորքերը հետ քաշեք մինչև ՀՀ սահման, երբ պայմանավորվածություն կար զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ մարտական գործողությունները ավարտվել են։ Չհասկանալով, որ յուրաքանչյուր այդպիսի հատված հիմք է հանդիսանալու հետագայում սահմանազատման, սահմանագծման բանակցություններում շահ ունենալու համար։ Ինչպես այսօր տեսնում ենք։ Նաև զարմանում եմ՝ եթե այդպիսի պայմանագիր չկա, դա նշանակում է, որ երբ անհրաժեշտություն եղել է և «նեղն» է եղել, ՀՀ իշխանությունները հենց այնպես, բանավոր ասել են, որ կարող եք գնալ տեղակայվել։ Բայց այս ամբողջ քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ասացին, որ ՌԴ սահմանապահները ոչինչ չեն արել կանխելու կամ թույլ չեն տվել, որպեսզի եվրոպական դիտորդները այցելեն այնտեղ»։

Հայաստանում վերջերս ավելի հաճախ են սկսել խոսել, որ պետք է մտածել ԵՄ թեկնածու-անդամ դառնալու մասին։ Նման հայտարարություն օրեր առաջ արեց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իշխող քաղաքական ուժի համար այս հարցը նույնպես օրակարգային է։ Խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տարբեր հիմնավորումներ են ներկայացնում։

Արթուր Հովհաննիսյան․ «Այո, մենք պատրաստ ենք էլ ավելի ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ հետ, հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, մեր քաղաքական զարգացման ուղղությունը, նաև այն հանգմանաքը, որ այսօր ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով շատ կարևոր նշանակում ունեն ԵՄ դիտորդական առաքելությունը, որոնց տեղակայումից հետո էականորեն դինամիկան փոխվել է ՀՀ սահմաններին։ Ըստ էության, «հողի վրա» էլ դուք տեսնում եք հարաբերությունների մակարդակում մերձեցումը ՀՀ և ԵՄ անդամ երկրների միջև։ Թե ինչ օարակարգեր կլինեն, առաջիկայում դրանց մասին կիմանաք, երբ համապատասխան որոշումներ կայացվեն»։

Վլադիմիր Վարդանյան․ «Հայաստանի 4 սահմանակից պետություններից երկուսը ԵՄ անդամակցության թեկնածու են։ Սա որոշակի առումով տեղափոխում է այս անդամակցության աշխարհագրական սահմանները դեպի ՀՀ»։

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով ՀՀ անվտանգության դիվերսիֆիկացման հարցը պետք չէ դիտարկել հակասությունների տիրույթում։ Նշում է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը նախ և առաջ հենց ՀԱՊԿ-ում պետք է փորձեն հասկանալ։ Նա համարում է, որ կառույցի աշխատունակության հետ կապված խնդիրները միայն Հայաստանին չեն առնչվում։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը մինչդեռ «Հանրապետական» կուսակցության պաշտոնավարման օրերից փաստեր է ներկայացնում, որ հարաբերությունների կոմպլեմենտար տարբերակը Հայաստանին թույլ չի տրվի, բայց ամեն դեպքում համոզված է, որ բալանսավորված քաղաքականություն վարել հնարավոր է։

 «ԵՄ-ի հետ բանակցային գործընթացում մենք միշտ բարձրաձայնել ենք մեր ՀԱՊԿ անդամությունը, մեր ստրատեգիական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, և ինչ-որ պահի մեր որոշ գործընկերներ ասացին, որ «և-և»-ը իրենց համար ընդունելի չէ։ Ընդ որում, այդ գործընկերները Ռուսաստանում չէին։ Չնայած դրան, երկու տարի անց Հայաստանին հաջողվեց կնքել, ստորագրել և վավերացնել CEPA-ն շատ մեծ աշխատանքի արդյունքում»։

Խորհրդարանական ուժերը այս պահին մեծ ակնկալիքներ չունեն արևմտյան հարթակում Հայաստան-Ադրբեջան վերահսկսված բանակցություններից։ Ընդդիմադիրները ուշադրություն են հրավիրում, որ այս փուլում որպես միջնորդ հանդես է գալիս արդեն Գերմանիան։

Իսկ դա դիտարկում են որպես Ադրբեջանի ևս մեկ պահանջի բավարարում, որը մինչ այդ պահանջում էր կա՛մ փոխել միջնորդներին, կա՛մ բանակցել առանց միջնորդների։

Ընդհանուր առմամբ արտգործնախարարների բեռլինյան հանդիպումից հետո ընդհանրական հայտարարությունները, ըստ պատգամավորների, վկայում են, որ կողմերի դիրքորոշումները դեռ մոտեցված չեն։

Back to top button