ԿարևորՀասարակություն

ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, տեղեկացնում են ՊԵԿ-ից:

«Օրերս մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում՝ հայտնաբերվել է գնդակի մեջ թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 780 դեղահաբ և 1.69 գրամ ընդհանուր քաշով վնասված դեղահաբեր:

Մաքսանենգության  դեպքով` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ նշված առաքանին պետք է ստանար ՀՀ քաղաքացի Ա. Ե.-ն։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի դեղահաբերի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային փոստային առաքանին «ՀայՓոստի» փոստային բաժանմունքից ստանալուց հետո ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նախկինում մի քանի անգամ դատապարտված ՀՀ քաղաքացին: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով  հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button