ԿարևորՀասարակություն

Գերմանիայում լույս է տեսել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն

Օրերս Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե):

Ժողովածուն արդյունք է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում և Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում խմբագիրների կազմակերպած համանուն միջազգային գիտաժողովի, որին մասնակցել են բազմաթիվ գիտնականներ և փորձագետներ Հայաստանից, Արցախից, Գերմանիայից, Շվեյցարիայից և Բելգիայից։

Հատորում ընդգրկված հոդվածներն (գերմաներեն, հայերեն և անգլերեն) առնչվում են Արցախի պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև՝ միջազգային քաղաքագիտական և իրավագիտական հարցերին:

Գրքում ներառված են նաև Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Վահան Տեր-Ղևոնդյանի «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը», Թամարա Մինասյանի «Արցախի Քարվաճառ բնակավայրը XV դ. հայերեն ձեռագիր հիշատակարանում», Լուսինե Թումանյանի «Եղիշա և Դադ առաքյալների քարոզչությունը Արցախում և Ուտիքում՝ ըստ հայկական ավանդության» և Արմինե Մելքոնյանի «Փիլիսոփա, աստվածաբան և բանասեր Հովսեփ Արցախեցու գրական ժառանգությունը (18-19-րդ դդ.)» հոդվածները: Հատորի կազմման աշխատանքների և հոդվածների գերմաներեն թարգմանության գործում իր կարևոր մասնակցությունն է ունեցել ավագ գիտաշխատող Անահիտ Ավագյանը, հայտնում են Մատենադարանից։

Մարտի 6-ին Բեռլինում տեղի կունենա գրքի շնորհանդեսը՝ Արտաքին քաղաքականության գերմանական միության (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (KAS) կազմակերպմամբ:

Back to top button