ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Հայոց պատմություն» դասագրքի սխալները կուղղվեն, բայց գործն արդեն դատարանում է

ԿԳՄՍ նախարարությանը 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագքրի վերաբերյալ ամենահավաստի կարծիքն արդեն ստացել է ու ըստ դրա գործողությունների անցել։ Այս մասին «Ռադիոլուրին» պատմել է ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, որի հետ մեր նախորդ զրույցն ավարտվել էր «սպասում ենք փորձագիտական կարծիքին» կետի վրա։

«Մոտավոր 130 էջ դիտարկումներ կային դասագրքի վերաբերյալ, մենք ունեինք դրանց մասին նաև հեղինակի արձագանքը՝ որոնք են ընդունելի, որոնք ընդունելի չեն, և հիմնավորումները։ Մենք հիմա ունենք նաև փորձագետի կարծիքը այդ հիմնավորումների և դիտողությունների վերաբերյալ, դրանք ուղարկվում են հեղինակին՝ դասագրքում բոլոր փոփոխություններն ու դիտարկումները ընդգրկելու, ավելացնելու կամ փոփոխելու»,- ասում է Թամարա Սարգսյանը։

Ուսումնական տարվա 6 ամիսները՝ 6 աղմկահարույց դրվագով․ ինչո՞ւ է ԿԳՄՍ-ն անընդհատ պազաբանում

Այժմ հեղինակը դասագիրք ստեղծող խմբի հետ միասին երկու շաբաթ ունի փորձագետի դիտարկումներին համապատասխան փոփոխություններ կատարելու համար։ Դրանց ծավալից ելնելով կորոշվի՝ փոփոխությունները դպրոց կհասնեն ներդիրի՞, վերահրատարակված դասագրքի՞, թե՞ այլ տարբերակով։

Դասագրքի խմբագրումը կամ հետկանչը չի բացառվում. խճճվող պատմություն «Հայոց պատմության» շուրջ

Իսկ մինչ այդ հարցերը որոշում կայացնողի մասին են։ Ո՞վ է այն փորձագետը, որի կարծիքը նախարարությունն ընդունել է որպես միակ ճշմարտություն, ում վստահված է արդեն վեց ամիս ձգվող այս պատմության եզրահանգումը տալու իրավունքը․

«Չենք հրապարակելու՝ մարդուն տարբեր տեսակի թիրախավորումներից ապահովագրելու համար։ Նույնիսկ ես չգիտեմ՝ ով է արել։ Տեղեկատվությունը խիստ կոնֆիդենցիալ է նաև նախարարության ներսում»։

Ինչպե՞ս է որոշվել, որ հենց նա է ամենավստահելին․

«Չեմ կարող ինչ-որ մեխանիզմ ասել։ Ընդգրկված էին մարդիկ, որոնք տվյալ գիտության ոլորտում գիտական գործունեություն են իրականացնում ու գիտական ճանաչում, կոչումներ ունեն։ Միանշանակ ոլորտի մասնագետ է աշխատել»։

Ի՞նչ է ի վերջո ասել ոլորտի այդ մասնագետը։

«Փորձագետների դիտարկումների հարցը դեռ չենք քննարկել, ոչ մի թաքցնելու բան չունենք, բայց առայժմ դեռ ուղարկում եք հեղինակին ու «Մրցակցային դպրոցին», որը ներկայացրել է դասագիրքը»։

Եթե մինչ այս «Հայոց պատմության» շուրջ խտացած պատմությունը եզակի էր համարվում, ասենք, քննարկումների երկարակեցության ու քննադատությունների խտության պատճառով, ապա այժմ՝ հավանական եզրահանգումից առաջ, այն բացառիկ դարձնող նոր զարգացում է հասունանում։ Օրերս փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության:

Դատարանից ակնկալվում է անվավեր ճանաչել դասագիրքը երաշխավորելու մասին նախարարի հրամանը․

«Իրավական հիմնավորումները հետևյալն են․ ընդհանրապես կրթության մասին օրենքը սահմանում է՝ ինչ նորմերի պահանջներ պետք է պահպանվեն։ Տվյալ դեպքում մենք մեր հայցադիմումում հղում ենք կատարել կրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-դ մասին, որի համաձայն Հայաստանի կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային ու համամարդկային արժեքների պահպանմանը ու զարգացմանը։ Մինչդեռ այս դասագրքում տեղ գտած շատ դրույթներ այս նպատակին չեն ծառայում»։

Ըստ փաստաբանի՝ խախտվել է նաև ԿԳՄՍ նախարարի նորմատիվ հրամանով սահմանված կարգը, որի համաձայն դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հիմնավորված ու ճշգրիտ տեղեկություն։ Հայցվորները այս տեսանկյունից ևս դասագիրքը խնդրահարույց են համարում։

Հայցի մասին նախարարությունում տեղյակ են, տրամադրված են ոչ թե մարտական, այլ կառուցողական։

«Մեր որոշումը ոչ մի սուբյեկտիվ մոտեցմամբ կաղապարված չէ, մեր նպատակը հիմա բացահայտելն է՝ որքանով են էս բոլոր դիտարկումները կառուցողական և որքան են բխում, մեր տեսանկյունից, կրթության որակի լավացման շահերից։ Եթե մենք ի վերջո հասկանում ենք, որ ստեղծվել է մի դասագիք, որը չի ծառայում այն նպատակին, որն ի սկզբանե նախատեսված է եղել, որը սահմանված է տվյալ առարկայի դասավանդման սկզբունքներով, վերջնարդյունքներով և այլն, մենք որևէ բանով կաշկանդված չենք այդ դասագիրքն, օրինակ, երաշխավորությունից հանելու, նոր մրցույթ հայտարարելու և այլն»,- ասում է Թամարա Սարգսյանը։

Հիշեցնենք՝ նախարարությունը նախորդիվ հայտնել էր, որ մրցույթի ուշ հայտարարման պատճառով դասագրքաստեղծ խմբերը կարճ ժամանակ էին ունեցել գրքերը կազմելու համար և սխալվելու հավանականություն կար։ Այժմ էլ վերահաստատում են 6 ամիս դասագրքով ուսուցումը կազմակերպելուց հետո սխալներն ուղղելու իրենց պատրաստակամությունը։

Կարդացեք նաև
Close
Back to top button