ԿարևորՀասարակություն

Միջազգային հեղինակավոր փառատոների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչները կստանան դրամական խրախուսում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը» հաստատելու մասին որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է դրամական խրախուսում սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխու­թյուններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Ըստ նախարարի՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև այս ոլորտում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը:

«Այս մոտեցման մշակումը բխում է արդեն իսկ անցյալ տարի հաստատված ՀՀ մշակույթի պահ­պանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավա­րությունից: Միջազգային հեղինա­կավոր ծրագրերը բազմաթիվ են. այս նախագծով ընդգրկված են ավելի քան 150 նման փա­ռատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ: Դրանց թվին են դասվում այն միջոցառումները, որոնց ցանկը հաստատվում է ոլոր­տային միջազգային կազմակերպություննե­րի կամ ասոցիա­ցիաների կողմից: Դրա հիման վրա էլ ձևավորվել է նախագծով հաստատվող ցանկը: Ընդ որում՝ միջազգային հեղինակավոր մրցույթները և փառատոները պետք է պարտադիր համա­պատասխանեն որոշակի չափորոշիչների՝ միջազգային ձևաչափ, պարբերական անցկա­ցում, միջազգային ժյուրի և այն երկրի պետական աջակցություն, որտեղ դրանք անցկացվում են, ինչը լրացուցիչ ընդգծում է նաև տվյալ երկրի կառավարության կողմից այդ մրցանակաբաշխության կամ փառատոնի արժևորումը»,-նշել է նախարարը։

Օրինակ՝ 1933 թվականին կազմավորված Կինոպրոդյուսերների ասոցիացի­աների միջազգային ֆեդերա­ցիա­յի (ՖԻԱՊՖ-ի) կողմից հաստատված հեղինակավոր Ա դասի կինոփառատոների շարքին է դասվում 51 կինոփառատոն, որոնց թվում՝ մրցութային և ոչ մրցութային, խաղարկային և ոչ խաղարկային, ինչպես նաև մասնագիտացված փառատոներ: Ա դասի կինոփառատոների շարքին դասվելու համար, ըստ ՖԻԱՊՖ-ի, անհրաժեշտ է համապատասխանել որոշ չափորոշիչների, և դրանք ապահովելու պարագայում միայն կինոփառատոնն ընդգրկվում է ցանկում:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ցանկը կազմվել է այնպես, որ դրանում ընդգրկվեն տարբեր ոլորտներ՝ երաժշտարվեստ, պարարվեստ, թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, մշակութային ժառանգություն և գրականություն: Ներկայացված ցանկում ընդգրկված են նաև մրցանակաբաշխություններ կամ փառա­տոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը նշյալ փառատոնին արդեն իսկ հա­վասարազոր է հաղթանակի, ինչը նշանակում է, որ ֆիլմերը կամ ներկայացումներն անցել են նախըն­տրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում։

Դրամական խրախուսում տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես ՀՀ ներկայացուցիչ՝ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ՝ մեկ տարի ժամկետով: Մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։

«Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը, որով փորձել ենք ապահովել երկու ոլորտներում խրախուսման համաչափությունը՝ ամսական 130-ից մինչև 800 հազար դրամ։ Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը, սակայն հետագա քննարկման կարիք ունի խմբերի պարագայում ավելի արդյունավետ խրախուսման ձևը: Նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ խրախուսում ստացողների թիվը տարեկան կկազմի շուրջ 11 մարդ և 2 խումբ։ Դրա համաձայն՝ ֆինանսական գնահա­տականով տարեկան շուրջ 85 մլն դրամ գումարի մասին է խոսքը, և այդ ֆինանսավորումը նախատեսվում է իրակա­նացնել ԿԳՄՍՆ-ին արդեն հատկացված միջոց­ների շրջանակում»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ որոշմամբ կարգավորվում են նաև մյուս տեխնիկական ընթացակարգերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մշակութային կոլեկտիվներին խրախուսելու հարցին, նշել է. «Որոշման կանխատեսման մեջ նշված է 11 անձ և 2 կոլեկտիվ, սակայն սա նախնական դիտարկում է: Մենք ցանկանում ենք, որ խրախուսվեն ավելի շատ կոլեկտիվներ ու անձեր: Այս ամեն կխթանի մշակույթի զարգացմանը և՛ որպես մշակույթ, և՛ որպես տնտեսության ճյուղ, և՛ որպես հանրային կյանքում առավել տեսանելի գործոն՝ հանրային խնդիրների քննարկման հարթակ դառնալու տրամաբանությամբ»:

Back to top button