Հասարակություն

Վարդան Պետրոսյանի փաստաբանները հիասթափված են դատաքննությունից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Անցյալ տարի աշնանը Եղվարդ- Երևան ավտոմայրուղում  տեղի ունեցած ողբերգական ավտովթարի աղմկահարույց գործով շարունակվող դատաքննության շուրջ  իրենց դիտարկումներն են այսօր ներկայացրել ամբաստանյալ, դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Ֆրանսիայից ժամանածՄարի Լոռ Դոզեն: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել տուժող կողմի և դատարանի կողմից ցուցաբերվող վերաբերմունքից։

Հիշեցնենք՝ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էին «ՎԱԶ 2121» և BMW մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Վազ 2121» մակնիշի մեքենայի երկու անչափահաս ուղևորները մահացել էին, մյուս մեքենայի ղեկին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն էր, որը կես տարուց ավելի կալանավորված է:  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունում Պետրոսյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ  Նիկոլայ Բաղդասարյանը և Մարի Լոռ Դոզեն՝ Ֆրանսիայից: Վերջինս մասնակցել է դատական վերջին երեք նիստերին և հիասթափված է դատաքննության ընթացքից։

Վթարից հետո իրականացված փորձաքննությունը ցույց է տվել, որ երկու մեքենաների վարորդներն էլ սթափ են եղել, սակայն տուժող կողմի փաստաբանը փորձում է վիճարկել Վարդան Պետրոսյանի մասով տրված եզրակացության իսկությունը, ինչը հարուցել է մեղադրյալի մյուս պատապաշտպանի՝ Նիկոլայ Բաղդասարյանի զարմանքը։

Ի դեպ՝ մեղադրական եզրակացությունում Վարդան Պետրոսյանի անսթափության մասին որևէ դրույթ չկա, սակայն տուժող կողմը նկատել է փաստաթղթերի լրացման ընթացքում տեղ գտած  աննշան անճշտությունը «սթափ» բառի մեջ «ս» տառի գրվածքի մասով և կասկած է հայտնել ամբողջ փորձաքննության իսկության կապակցությամբ։ Մեղադրյալի խմած լինելու վարկածը տուժող կողմը փորձում է ամեն կերպ ապացուցել, նկատեց ֆրանսուհի դատապաշտպանը։

Վարդան Պետրոսյանի փաստաբանները նշեցին, որ  իրենց պաշտպանյալի նախնական կալանքի տակ գտնվելու հանգամանքը անօրինական է: Մերժելով նրանց համապատասխան միջնորդությունը՝ դատարանը նշել է, որ մեղադրյալը, լինելով ազատության մեջ, կարող է դիմել փախուստի կամ ճնշում բանեցնել գործով անցնող վկաների վրա: Այդ երկու փաստարկները կասկածելի են թվում դատապաշտպաններին, քանի որ Վարդան Պետրոսյանը հանձնել է իր անձնագրերը դատարանին, իսկ գործով, բացի մեղադրյալից և տուժող կողմից, վկա չկա: Այս պարագայում առկա են լրջագույն դատավարական խախտումներ, հավելեց Մարի Լոռ Դոզենը։

Եթե այս գործը հայտնվի Եվրոպական դատարանում, ապա Հայաստանը այն տանուլ կտա, եզրակացրեց փաստաբանը։

Back to top button