ԿարևորՀասարակություն

Կդիտարկվի Լվովյան փողոցի անօրինական շինություններից մեկում բնակվող ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը․ փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի անօրինական շինությունների քանդմանը:

«Կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:

Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել:

Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը:

Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով՝ պատրաստակամ ենք աջակցել գործընթացին»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը:

Կարդացեք նաև

Back to top button