Եվրախորհրդից դուրս գալու մասին Ադրբեջանը կմտածի
Ադրբեջանը կմտածի Եվրախորհրդից դուրս գալու մասին, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում նրա պատվիրակության իրավունքները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արեւելյան կոմիտեի պատվիրակությանը։
«Ինչպես գիտեք, մենք որոշել ենք չմասնակցել այս կառույցի նիստերին (ԵԽԽՎ), քանի որ եթե իրավունք չունենք արտահայտելու մեր դիրքորոշումը, ապա ինչո՞ւ պետք է այնտեղ լինենք, եթե մեկ տարվա ընթացքում մեր պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, մենք կարող ենք լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջական դուրս գալու հարցը»,- ասել է Ալիևը, ըստ «ԱզերԹաջ» գործակալության։
Հունվարի 24-ին ձայների 76 կողմ, 10 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ԵԽԽՎ լիագումար նիստում որոշում է ընդունվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնել: ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից ադրբեջանական պատվիրակությունը զրկվել է մինչև 2025թ-ի հունվար: