Փաշինյան-Շոլց-Ալիև մյունխենյան եռակողմ հանդիպման արդյունքով փետրվարի 28-29-ը Բեռլինում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Քննարկումները ծավալվելու են խաղաղության պայմանագրի շուրջ։ Հավանական է, որ հենց այդ ժամանակ էր հայկական կողմը Ադրբեջանին փոխանցի առաջարկությունների հերթական փաթեթը։
Խաղաղության պայմանագրի տարբերակները Երևանն ու Բաքուն արդեն փոխանակել են երկու անգամ։ Երևանը հունվարի 4-ին էր պատասխանել Բաքվի դեկտեմբերյան տեքստին, իսկ փետրվարի 21-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ Երևանը ստացել է նաև այդ առաջարկների պատասխանները։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրեր առաջ խորհրդարանում նշել էր, որ փաստաթուղթն ուսումնասիրվում է, և պատասխանները կտրվեն առաջիկա հանդիպմանը։
Քաղաքապետարանում նախօրեին արված հայտարարությունն իրարանցում է առաջացրել Երևանի ամենահին թաղամասերից մեկում ՝ Կոնդում։ Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ մտադիր է վերակառուցել երևանյան ամենակոլորիտային անկյուններից մեկը։ Կոնդեցիները, սակայն, բազմաթիվ հարցեր ունեն։ Կարծում են, որ նախ պետք է հստակեցվեն իրենց սեփականության վկայականները, նորից չափագրումներ արվեն, վիճելի տարածքները ամրագրվեն, դրանից հետո են միայն պատրաստ քննարկել իրենց ունեցվածքն օտարելու պայմանները։ Քաղաքապետարանն այս գործընթացը անցնելու համար կոնդեցիներից ավելի քան 250 դիմում է ստացել։ Դիմումատուները, սակայն, պնդում են՝ չեն վճարելու մի սեփականության համար, որն ավելի քան 1 դար իրենցն է։
Աթենքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոնստանտինոս Տասուլասի հետ:
Հունաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է վարչապետի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը: Կոնստանտինոս Տասուլասը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանը:
Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար:
E-draft համակարգում տեղադրված է «Հարկային օրենսգրում» լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, ըստ որի՝ եթե այլ պետությունում աշխատող ՀՀ քաղաքացին հարկվել է, ապա Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանա։ Բայց գումարի շեմ է սահմանվել՝ 12 մլն դրամ։ Փորձագետներն այս առաջարկը դրական են համարում՝ նշելով, որ սովորաբար միգրանտների հիմնական մասի աշխատած գումարը մեկ կամ երկու միլիոն դրամ է կազմում։
Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:
Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։
4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի գնահատմամբ՝ սա բավականին լավ արդյունք է:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ։
«1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին», ասված է հայտարարությունում։
Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամիկառավարման խորհուրդը հայտնում է, որ Նախապատրաստման դասընթացների կենտրոն, Դիլիջանին (ՆԴԿԴ) շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դասարանների համար: ՆԴԿԴ-ը տեղակայված է UWC Դիլիջանի միջազգային դպրոցի կամպուսում: UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի կրթական ծրագիրը, և այստեղ սովորում է 220 ուսանող ավելի քան 80 երկրից: ՆԴԿԴ-ը գործարկվել էր UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: UWC Դիլիջանի գոյության տաս տարիների ընթացքում կենտրոնը զարգացել է՝ վերածվելով լիարժեք դպրոցի, և այժմ ունի աշակերտներ նախակրթարանից մինչև 9-րդ դասարան: Այսպիսով, միջազգային հավատարմագրման գործընթացը դպրոցի բնականոն զարգացման տրամաբանական շարունակությունն է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:
Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։
Փետրվարի 23-ին Երևանում կայացել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը, GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Ծրագրի շրջանակում 14,95 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով 150 ձեռնարկություններ և ընկերություններ ստացել են տեխնիկական և ֆինանսական աջակցություն, 126 գործընկեր ստացել է դրամաշնորհ:
Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղեկցել է նորոգվող Մայր տաճար։ Արդեն գմբեթի ու որմնանկարների մեծ մասի վերականգնումն ավարտվել է։ Որմնանկարները նախ իջեցրել են պատերից, վերամշակել, վերականգնել ու կրկին տեղադրել։ Հատկապես ուշադրություն են դարձրել ջեռուցման, օդափոխության և ջրահեռացման համակարգերի կառուցմանը։ Առաջիկայում շինարարները պատրաստվում են մարմարե սալերով պատել տաճարի գրեթե 900 քմ մակերեսով հատակը։