ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ով ում պետք է վճարի․ կոնդեցիները՝ սեփականության իրավունք «գնելու» ու թաղամասը «վաճառելու» մասին

Քաղաքապետարանում նախօրեին  արված հայտարարությունն իրարանցում է առաջացրել Երևանի ամենահին թաղամասերից մեկում ՝ Կոնդում։ Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ մտադիր է վերակառուցել երևանյան ամենակոլորիտային անկյուններից մեկը։ Կոնդեցիները, սակայն, բազմաթիվ հարցեր ունեն։ Կարծում են, որ նախ պետք է հստակեցվեն իրենց սեփականության վկայականները, նորից չափագրումներ արվեն, վիճելի տարածքները ամրագրվեն, դրանից հետո են միայն պատրաստ քննարկել իրենց ունեցվածքն օտարելու պայմանները։ Քաղաքապետարանն այս գործընթացը անցնելու համար կոնդեցիներից ավելի քան 250 դիմում է ստացել։ Դիմումատուները, սակայն, պնդում են՝ չեն վճարելու մի սեփականության համար, որն ավելի քան 1 դար իրենցն է։

86–ամյա Աշոտ պապը ծնվել է Կոնդում, հենց այն տանը, որտեղ հիմա ապրում է։  Թաղամասը վերակառուցելու ծրագրեր շատ է լսել, ասում է՝ դրանք բոլոր իշխանությունների հետ եկել ու գնացել են, հիմա էլ թերահավատ է, որ իր թաղամասի վերջը լավ կլինի։ 270 քառակուսի մետր հողամասով տուն ունի, ասում է՝ եթե փոխհատուցումը համարժեք լինի, կգնա, բայց համաձայն չէ, որ Կոնդը անհարմար թաղամաս է։

«Կոնդը ոչ մեկին նեղություն չի տվել, Կոնդը միշտ էլ լեն ու բոլ է եղել։ Ես հաստատ հենց հիմա էլ կտեղափոխվեմ․․․ ախր իմ տունը 1924թ է կառուցվել, հայրս է սարքել, հին է, հնարավոր է մի օր քանդվի վրաս»,-ասում է կոնդեցի Աշոտ պապը։

Քաղաքային իշխանության վերջին հայտարարությունն իրար է խառնել Կոնդը․ կոնդեցիները փողոցներում մեկը մյուսից ու անցնող–դարձողից են փորձում իմանալ՝ իրենց ու իրենց թաղամասի վերջն ինչ է լինելու։ Երեկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ Կոնդն ամբողջությամբ պետք է օտարվի ու վերակառուցվի։ Մինչև այդ քաղաքապետարանը ամիսներ առաջ հորդորել էր կոնդեցիներին դիմումներ ներկայացնել ու նորից չափագրել իրենց գույքը, համադրել սեփականության վկայականներում ամրագրված տարածքը փաստացի տնօրինվողների հետ օտարման գործընթացում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

«Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման՝ օտարման նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար, և այս նախաձեռնության նպատակը կայանում էր նրանում, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ իրենց փաստացի սեփականությունը տարիներ շարունակ իրենց սեփականությունը չի հանդիսացել»,-ասում էր Ավինյանը։

Քաղաքապետարանն այս պահին սեփականությունը հստակեցնելու, նորից չափագրումներ իրականացնելու վերաբերյալ ավելի քան 250 դիմում է ստացել։ Դիմումատուներից մեկին Կոնդում հանդիպեցինք։ Ներկայանալ չցանկացող կինը ծնվել ու մեծացել է Կոնդում, մի տանը, որը մեկ դարից ավելի է կա, բայց լիարժեք սեփականության վկայական չունի։

«Այն ժամանակ շատ քիչ տներ են եղել, ամեն մեկը մի հատ փայտ է խփել, իր համար տարածք որոշել ու տուն կառուցել, հետո գյուղից մյուսն է եկել ու այդպես շարունակ։ Այն ժամանակ, որ սկսեցին Կոնդի տները սեփականաշնորհել, մեր տան առաջին հարկը 35 քմ պակաս են հաշվել»։

Կոնդեցի Նաիրա Երեմյանը հիշում է՝ կոնդեցիները սեփականության վկայականները 2000–ականների սկզբին են ստացել՝ կիսատ–պռատ, թերի չափագրումներով։

«Օրինակ՝ իմ փաստացի հողը 193 քմ է, բայց վկայականում 100 քմ է գրված»։

Օրինակ՝ տիկին Նաիրան իր տան լիարժեք սեփականության վկայականն ունենալու համար մի քանի 100 հազար դրամ  պետք է վճարի։ Կոնդի տարածքում անշարժ գույքերի կադաստրային արժեքը 139 կամ 214 հազար դրամ է՝ կախված տեղադիրքից։ Իսկ Երևանի ավագանու համապատասխան որոշման համաձայն՝ հողամասերի սահմանների ճշտման դեպքում փաստաթղթերի փաթեթի նախապատրաստման համար քաղաքացին պետք է վճարի կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Կոնդեցիները, սակայն, հակադարձում են՝ ինչու պիտի իրենց ունեցածի համար վճարեն։

«Մենք մեր պահանջն ասել ենք․ այդ պակաս տարածքները պիտի լրացնեն, մեր սեփականության վկայականները տան։ Բայց մենք չենք պատրաստվում մեր ունեցածի համար Քաղաքապետարանի ու կադաստրի թերի աշխատանքի համար վճարենք։ Որոշել են, որ կոնդեցիները պետք է իրենց ունեցածի համար բերեն կադաստրային արժեքի 2 տոկոսը վճարեն, բայց մենք հարցնում ենք՝ ինչ կապ ունի ձեզ կազմած փաստաթուղթը քառակուսի մետրի հետ»,– ասում է կոնդեցին։

«Հիմա ես ինչ անեմ, ես պիտի փող տամ իմ տունը նորից առնե՞մ»։

Կոնդեցիները շեշտում են՝ վերակառուցմանը դեմ չեն, տեղափոխվելուն էլ, բայց քանի դեռ իրենց սեփականությունը լիարժեք արտացոլող փաստաթղթեր չունեն, ոչ մի տեղ չեն գնա, ոչ մեկին հող չեն զիջի։ Հաշվել են նաև իրենց տների շուկայական արժեքը․ հարևանությամբ վեր խոյացող նորակառույցներում քառակուսի մետրի արժեքով են առաջնորդվում։

«Եթե վճարեն 2200-2800 դոլարի սահմաններում, այդ դեպքում միայն բնակիչները կլքեն տները, հակառակ դեպքում ոչ մի տեղ չենք գնալու, մենք հող ենք զիջում։ Իրենք 100 քմ–ի վրա կարող են մի քանի հարկ կառուցել ու էլի եկամուտ ստանալ։ Ինչո՞ւ պետք է ընտանիքը, որը 4-5–րդ սերունդ այստեղ է ապրում, իր տեղը զիջի կառուցապատողի շահին»,– ասում է Նաիրա Երեմյանը։

Կոնդն այլևս առաջվանը չի լինի, բայց թե ինչպիսին կդառնա,  քաղաքապետարանը դեռ  չի հստակեցրել․ թաղամասը վերակառուցելու նախագծերի մրցույթն առայժմ ընթացքի մեջ է։ Բնակիչները հիշում են՝ ժամանակին այստեղ 1200-ից ավելի տնտեսություն կար․ մի մասը վաճառել են իրենց տներն ու հեռացել, հիմա 800-ից մի փոքր ավելի է տների թիվը։ Կոնդեցիներն ասում են՝ համբերատար պայքարելու են մինչև վերջ։

Back to top button