ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Միջնորդների հերթափոխ․ ի՞նչ սպասել գերմանական բանակցություններից

Փաշինյան-Շոլց-Ալիև մյունխենյան եռակողմ հանդիպման արդյունքով փետրվարի 28-29-ը Բեռլինում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Քննարկումները ծավալվելու են խաղաղության պայմանագրի շուրջ։ Հավանական է, որ հենց այդ ժամանակ էր հայկական կողմը Ադրբեջանին փոխանցի առաջարկությունների հերթական փաթեթը։

Խաղաղության պայմանագրի տարբերակները Երևանն ու Բաքուն արդեն փոխանակել են երկու անգամ։ Երևանը հունվարի 4-ին էր պատասխանել Բաքվի դեկտեմբերյան տեքստին, իսկ փետրվարի 21-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ Երևանը ստացել է նաև այդ առաջարկների պատասխանները։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրեր առաջ խորհրդարանում նշել էր, որ փաստաթուղթն ուսումնասիրվում է, և պատասխանները կտրվեն առաջիկա հանդիպմանը։

Հայաստան-Ադրբեջան հերթական բանակցություններից առաջ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը պնդում է, որ խաղաղության պայմանագրին առնչվող բանակցություններում առաջընթաց կա։ Նախ, որ երկու երկրների արտգործնախարարները հանդիպելու են, արդեն դրական է գնահատում և երկրորդը՝ պայմանագրի մի մասը համաձայնեցված է, ըստ Ալեն Սիմոնյանի։ Մինչդեռ վերջին երկու ամսում առաջարկների փոխանակման փուլում պաշտոնական Երևանը երկու անգամ հետընթաց արձանագրեց։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հիմնավորմամբ խնդիրը հետևյալն է․

 «Շատ անգամ լինում է, որ իրենք ( ադրբեջանական կողմը-խմբ․ ) ինչ-որ բան համաձայնեցնում են, համաձայնեցնում ենք, խոսում ենք, բան ենք պայմանավորվում, գնում ենք թղթին հանձնելու ժամանակ, վերադառնում ենք տեսնում ենք թղթի մեջ այդ բանը այլ կերպ է ձևակերպված։ Դա հետընթաց է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բանակցությունը չշարունակենք, քննարկումը չշարունակենք և լուծումներ չգտնենք։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ մանրամասներին, բայց հիմնական երեք սկզբունքների վերաբերյալ՝ տարածքային ամբողջականությունը, տրանսպորտային կոմունիկացիաները և այլն, և այլն համաձայնությունները ձեռք են բերվել Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների ղեկավարների ներկայությամբ»։  

Եթե գործընթացը ամբողջությամբ փակուղային լիներ, կդադարեին նաև հանդիպումները․ միայն այդ տեսանկյունից է իրավիճակը դրական գնահատում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

 «Բայց սա չի նշանակում, որ եթե հանդիպում են, ապա թնդանոթները լռում են, և գործընթացը ամբողջությամբ տեղափոխվում է բանակցային գործընթաց։ Իրականության մեջ իրադրությունը շարունակում է մնալ լարված, որովհետև գլխավոր խնդիրների շուրջ համաձայնություն չկա։ Ադրբեջանը շարունակում է զինվել, հունվարփետրվար ամիսներին միայն Իսրայելից մեծաքանակ զինտեխնիկա և սպառազինություն է տեղափոխվել, և ռազմատրանսպորտային միջոցների այդ չվերթները ֆիքսվել են։ Այսինքն՝ Ադրբեջանը մի կողմից ցույց է տալիս, թե տարբեր փուլերում պատրաստ է բանակցելու, բայց իրականության մեջ տարածաշրջանում տեղի է ունենում սպառազինությունների մեծ մրցավազք, անընդհատ զորավարժություններ են տարբեր մակարդակների՝ սկսած տարբեր նշանակության խմբերի, վերջացրած շատ ավելի բարձր զորային մակարդակով և, բնականաբար, այս իրավիճակում որևէ լավատեսական սպասում չի կարող լինել»։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական բանակցությունները անցնում են Գերմանիայի նախագահության պայմաններում։ Մի պետություն, որը երբեք սերտորեն չի զբաղվել արցախյան հակամարտության կարգավորմամբ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման վայր հաստատվել է Բեռլինը՝ փետրվարի 28-29-ին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրեր առաջ Մյունխենում։  

Վերջին տարիների բանակցությունների ժամանակագրությունը փաստում է՝ Գերմանիայի ակտիվացումը այս հարցում սկսվեց բոլորովին վերջերս՝ Քիշնևի Եվրոպական համայնքի գագաթնաժողովից հետո, 2023-ի հունիսից։ Դրան հաջորդեց Գրանադան, ապա՝ Մյունխենը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը մեծ ակնկալիքներ չունի Գերմանիայի և անձամբ կանցլեր Շոլցի միջնորդությունից։

«Մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում բանակցությունների ֆորմատի փոփոխություն, եթե իհարկե, բանակցություններ կան։ Հայկական կողմը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկությունից, Ադրբեջանը Արևմուտքում, մասնավորապես, Բրյուսելից ստանալով այն ինչ ցանկանում էր, հրաժարվում է մեկնել Բրյուսել, ԱՄՆ-ն հայտարարում է, որ խրախուսում են հայ-ադրբեջանական անմիջական շփումները։ Ավելի պարզ նշանակում է, որ ձեռքերը լվանում են այդ գործընթացից, ասում են՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, մենք ո՛չ երաշխավոր ենք, ո՛չ միջնորդ ենք։ Իրենք բազմաթիվ այլ խնդիրներ ունեն Մերձավոր Արևելք, Ուկրաինա և այլն։ Չգիտեմ, ինչու Գերմանիան ծագեց։

Գերմանիայի թեկնածությունը դեռևս 90-ականների սկզբին էր դիտարկվում, բայց հայկական կողմը համաձայն չէր։ Նաև առաջարկվող թեկնածուի անձով էր պայմանավորված, բայց դա պատմություն է իհարկե։ Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, և ես չգիտեմ ՝Հայաստանին գերմանական միջնորդությունը ինչ կարող է տալ»։  

Վերլուծական դաշտում կարծիք կա, որ համաշխարհային քաղաքականության մեջ Գերմանիայի ակտիվացումը ընդգծվեց հենց Մյունխենի անվտանգային համաժողովի ժամանակ։ Ուկրաինայի հարցով եվրոպական օգնության կեսից ավելին՝  40 միլիարդի օգնությունը հենց Գերմանիան է ցուցաբերել, և, ըստ վերլուծությունների՝ պատահական չէ այդ երկրի ակտիվացումը նաև հայ-ադրբեջանական բանակցություններում։

Միջնորդական որոշ ջանքերի առնչությամբ Հայաստանի շրջանցած վտանգները փոքր ինչ «գաղտնազերծել» է Ալեն Սիմոնյանը՝ առանց հստակ անուններ նշելու։

 «Պլանը եղել է ՀՀ-ն ներքաշել լայնամաշտաբ պատերազմի մեջ Ադրբեջանի Հանրապետության հետ, և վերջում խաղաղապահի դեմքի արտահայտությամբ գալ և հերթական «խաղաղությունը» հաստատել տարածաշրջանում և օղակ գցել երկու երկրների վզին, որպեսզի նրանք որևէ տեղ չփախնեն»։

Արտգործնախարարների սպասվող հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը նոր հայտարարություն է արել՝ «Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»։ Պայմաններ ասվածի մեջ մինչ այժմ ներկայացվում էր այսպես կոչված «միջանցքը», իսկ հիմա արդեն նաև Սահմանադրության փոփոխությունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, սա սխալ մոտուցում է համարում։

 «Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ։ Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա, մշտապես հարձակումներ էին գործում, փորձելով բանակցությունների վրա ճնշում գործադրել։ Եկեք թույլ չտանք, որպեսզի իրականություն դառնա իր փորձելը մեր երկրում օրակարգ թելադրելը։ Ինքը շրջանառության մեջ դրեց «միջանցքը», մենք շատ դժվարությամբ այդ «միջանցքի» խոսույթը հանեցինք, հիմա էլ ասում են՝ դե որ դուք չեք ուզում, դե ուրեմն Իրանով կանցկացնենք այդ միջանցքը։ Տեսեք ոնց են խաղում։ ՀՀ-ն երբ կորոշի, որ իր Սահմանադրության մեջ կամ օրենսդրության մեջ բան պետք է փոխի, այն ժամանակ կփոխի։ 2020 թվականի սկզբին ես եմ բուկլետի հեղինակը եղել, անձնագրի նման կհիշե՞ք, որ բաժանում էին։ Մենք սահմանադրական գործընթացը սկսել էինք այդ ժամանակ, ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան»։

ԱԺ նախագահը պնդում է՝ նոր Սահմանադրության մշակումը դեռ որոշված հարց չէ։ Ընդամենը առաջարկը ներկայացվել է հանրային քննարկման և տրամադրությունները շոշափելու համար։ Սիմոնյանը սահմանադրական փոփոխությունների համար հավանական համարեց անգամ 2030 թվականը։

Back to top button