ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ֆինանսական մասնակի ներում․ երթևեկության կանոնների խախտումներին վերաբերող նախագիծը հաստատվեց

Կառավարությունն առաջարկել, խորհրդարանն էլ հավանություն է տվել տեսալուսանկարահանման սարքերով իրականացվող խախտումների ծանուցման էլեկտրոնային համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը։ Առաջարկով որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում քաղաքացին տուգանքը կարող է վճարել 20 տոկոսով քիչ։ Փոփոխություններն ուժի մեջ կտնեն ոչ թե այս տարվա հուլիսի 1-ից, այլ ավելի շուտ։

2024 թվականի հուլիսի 1-ի փոխարեն մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի ճանապարհային երթևեկության խախտումների բոնուսային նոր համակարգը։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, նոր համակարգը վերաբերում է տեսալուսանկարահանման սարքերով արձանագրված խախտումներին, որոնց մասին որոշումներն էլեկտրոնային ծանուցմամբ ստանալու դեպքում քաղաքացին տուգանքը կարող է վճարել 20 տոկոսով քիչ:

«Երկրորդ կանոնը, որը վերաբերում էր, անկախ էլեկտրոնային ծանուցումից, 15-օրյա ժամկետում 30 տոկոսը վճարելուն, այս կանոնն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: Այս բոլոր փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացված վարչական իրավախախտումներին: Իսկ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը առկա իրավախախտումների մասով ևս նախատեսված է համահարթեցման որոշակի կառուցակարգ, այն է՝ եթե մեր քաղաքացիները վճարեն առկա պարտավորության 50 տոկոսը, պլյուս եթե գործը գտնվում է Հարկադիր կատարման ծառայությունում՝ նաև կատարողական ծախսը, ապա այս դեպքում ևս ամբողջությամբ պարտավորությունը կհամարվի կատարված»։

Փոխնախարարի տեղեկացմամբ, սա անվերջ տևող բոնուսային մեխանիզմ չէ։ Քաղաքացիներն այս կառուցակարգից կարող են օգտվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում: Բալային համակարգին անդրադառնալով՝ Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ խստացումները, որոնք նախանշվել էին, դուրս են բերվել երկրորդ ընթերցմանն ընդառաջ, և ըստ այդմ՝ բալային համակարգում մնացել է 2 փոփոխություն:

«Առաջարկում ենք կողային ապակիների լուսաթափանցելիության դեպքում, եթե արարքը 1 տարվա ընթացքում կատարվում է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա այս դեպքում նախատեսել տուգանք նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով և տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր: Այսինքն՝ առաջին դեպքում որևէ բալային համակարգ չենք կիրառում, բայց երկրորդ անգամ, հաշվի առնելով չարամիտ վարքագիծը՝ կանոնին չհետևելու, նախատեսվում է միանգամից երկու բալ»։

Ինչ վերաբերում է մեքենան երկրորդ գծում կանգնեցնելուն, ապա 0,5 տուգանային միավորը կդառնա 0,25 տուգանային միավոր: Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ ընդունվել են ԱԺ «Հայաստան» խմբակցության բոլոր առաջարկները, որոնց միացել են նաև հանձնաժողովի անդամները:

Դրանք վերաբերում են 2 խումբ հարցերի.

 «Մի դեպքում նախատեսվում էր, որ եթե Ոստիկանությունը կազմում էր արձանագրություն, այն պետք է հաստատվի Վարչական դատարանի կողմից և նրա կողմից էլ նշանակվի տուգանք։ Այս դեպքում նախատեսվում էր փոխել մեխանիզմը, ըստ որի՝ ակտը կարող էր կայացվել Ոստիկանության կողմից։ Սա հանել ենք փաթեթից, բայց ոչ առաջարկների հիմնավորմամբ, որը ներկայացված էր: Հարգելի՛ գործընկերներ, մենք այս գաղափարից չենք հրաժարվելու, պարզապես, խուսափելով հատվածային լուծումներից, այս առաջարկը կբերի Կառավարությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի շրջանակներում, և արձանագրության ամբողջ ինստիտուտն առաջարկելու ենք հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական դատարաններն այս դեպքում վերածվում են կլասիկ վարչական մարմինների և չեն լուծում հանրային իրավահարաբերութուններից ծագող որևէ վեճ»։

Ըստ Սարգսյանի՝ փաթեթից դուրս է բերվել նաև պետական տուրքի մասին առաջարկվող փոփոխությունը, որին ևս անդրադարձ է լինելու ընդհանուր պետտուրքերի վերանայման տրամաբանության մեջ, որ հնարավոր լինի խուսափել անհիմն հայցապահանջներից: Վարչարարության պարզեցման և այս խումբ գործերով դատավորների կողմից գրավոր ընթացակարգ կիրառելու ընթացակարգերն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախագիծը ֆինանսական մասնակի ներում է համարում․

«Ներկայումս հարկադիր կատարման վարույթում գտնվող ՃՏՊ-ի համար տուգանքների դեպքում օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, եթե վճարումները կատարում են 50 տոկոսի չափով, ապա ամբողջությամբ համարվում է պատշաճ կատարված։ Նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կատարվել է տուգանքների վճարումը մինչև 50 տոկոսի չափով նույնպես կհամարվի պատշաճ կատարված, այդ տուգանքները կմարվեն»։

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանն էլ առաջարկել էր, որ ավտոապակիների մուգ թաղանթների դեպքում ոչ միայն տուգանք վճարեն, այլև 2 տուգանային միավոր հանվի։ Առաջարկն ընդունվել է։  

Back to top button