ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անկառավարելի երթևեկություն գյուղական նորոգված ճանապարհներին

Ներհամայնքային վերանորոգված ճանապարհների երթևեկությունը պատուհասել էլ բնակիչներին: Բնակավայրի ներսում թեպետ կան ճանապարհային երթևեկութփյան նշաններ, բայց վարորդները գերազանցում են արագությունը՝ վտանգելով հետիոտնի կյանքը: Գյուղերի բնակիչները մտահոգված են նաև ճանապարհների դիմացկունությամբ, քանի որ հանքանյութերով գերբեռնված ծանրաքաշ մեքենաները կարող են ավելի շուտ քայքայել ճանապարհները: Խնդրին շուրջ պարզաբանումներ է տջվել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակը երկար տարիների դժգոհության տեղիք է տվել: Դրանք ակնառու են հատկապես գյուղական բնակավայրերում, որոնք հիմնականում դուրս են մնացել ուշադրությունից: Վերջին տարիներին ճանապարհային բարեփոխումները հասել են գյուղեր, սակայն համայնքների ներսում նորոգված ճանապարհները մեկ այլ խնդիր են առաջ բերել. անկառավարելի են  դարձել վարորդները: Ճանապարհները բարեկարգվում են, բայց ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը դրանից չի նվազում: Արմավիրի մարզի Այգեկ գյուղում  երկու տարի առաջ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել էր 1.5 կմ երկարությամբ կենտրոնական ճանապարհը, որը բանուկ մայրուղի է նաև հարևան բնակավայրերի համար:

«Մենք գոհ ենք այս ասֆալտապատումից, բայց եթե պետք է մի օր մարդ մահանա, մի օր շուն, մեր ինչին էր պետք: Արագությունը շատ ուժեղ է: Առաջին գործողությունը պետք է արհեստական խոչընդոտ լինի: Իմ շանը գցեցին ավտոյի տակ, ստակեց, երեք տարեկան հովվաշուն էր: Կամաց քշել հասկացողություն չկա»:      

Բնակավայրերի ներսում հիմնանորոգված ճանապարհներին չեն կառուցվում արհեստական խոչընդոտներ կամ արգելապատնեշներ, որոնք վարորդներին զգոն են դարձնում ու նվազեցնում մեքենայի արագությունը: Արհեստական խոչընդոտներ չկան նաև Վարդանաշեն համայնքում:

«100 արագությամբ են անցնում, նույն արագությամբ դատարկ բեռնատար մեքենան մտավ գյուղ, այստեղ մի քիչ թուլացրեց: Աստված չանի, եթե միամիտ մեկը դուրս գար դիմացը՝ պետք է լղճե՞ր»:

Վարդանաշենցիները բողոքում են ոչ միայն մարդատար մեքենաներերի արագությունից, այլև մոտակա ավազահանքերի բեռնատարների: Մայրուղին անցնում է մի քանի գյուղերի միջով, որը նորոգումից հետո պատուհասել են տեղի բնակիչներին՝ փողոց անցնելը վտանգավոր է դարձել: Թեպետ ճանապարհները կահավորված են երթևեկության նշաններով, բայց վարորդներն անտեսում են  կանոններն ու գերազանցում են սահմանված արագությունը:

«Մեր պահանջն այն է, որ արագաչափեր տեղադրեն, որ մարդիկ չվնասվեն ու ողբերգական պահ չլինի: Մարդիկ, չգիտեմ, մայրուղու վրա չեն ապրում, երևի չեն էլ պատկերացնում, իսկ իմ տունը ճանապարհի դիմաց է գտնվում: Մեքենաներն այնքան արագ են անցնում, որ չես հասցնում տեսնել, թե ում մեքենան գնաց»:

Գյուղացիների բարձրացրած հարցերն ինչ լուծում կարող են ստանալ «Ռադիոլուրի» հարցին անդրադարձել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը.

«Արագաչափերն ամենուր չեն կարող տեղադրել, պետք է համայնքի ու ոստիկանության հետ համատեղ աշխատել, որպեսզի հասկանալ այն վայրերը, որտեղ վթարային, վտանգավոր իրավիճակներ կան, ինչ-որ լուծումներ գտնել: Բայց Արագաչափերն այնպես չէ, որ համատարած կարող է տեղակայվել, կարող է արհեստական խոչընդոտներով կարգավորվել հարցը»:

Բացի արագությունը գերազանցելուց վարդանաշենցիներին, ինչպես նաև նորոգված մայրուղիների վրա  գտնվող մյուս գյուղերի բնակիչներին անհնագստացնում է նաև ճանապարհների դիմացկունության  խնդիրը. հանքանյութով գերբեռնված բեռնատարները կարող են ավելի շուտ վնասել: Գյուղացիներն առաջարկում են  Ճանապարհային կշեռքները տեղադրել հանքավայրերի ճանապարհի սկզբում:

«Մարդիկ այնքան շրջանցիկ ճանապարհներ են գտնում: Կշեռքը պետք է տեղադրվի այնպիսի տեղ, որ հանքից դուրս գալիս բեռնատարը կշռվի: Թե չէ՝ մարդիկ Էջմիածնով, Մեյմանդարով (Հովտաշատ գյուղ) են գնում, չոլերով: Նրանք ճանապարհը շրջանցում են, ինչու՞ են մտնում Զվարթնոց, որ տուգանվեն: Զվարթնոցում հանքեր կա՞ն, որ կշեռք են դրել»:

Խնդրի շուրջ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասում է, որ ներկա ճանապարհային կշեռքները ժամանակավոր լուծումներ են և նոր համակարգ է տեղադրվելու: Իսկ  մինչ այդ խնդրի կարգավորմանը կմիջամտեն ոստիկանական ծառայությունները.

«Կառավարությունը մտածում է, որ մի շարք ճանապարհների վրա կտեղադրի ստատիկա, որով կփորձենք ամբողջ համակարգը փակել: Խոսքը մոտ 40 տեղով տեղադրման մասին է, բայց ոչ թե այս տիպի՝ այլ կերպ աշխատող համակարգ է լինելու: Դա որոշակի ժամանակ կպահանջի մինչև իրագործվեն: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հատվածի ձեր մտահոգությանը, ես տեսչական մարմնի գործընկերներին կփոխանցեմ, բայց ռեսուրսների խնդիր կա: Պարեկային ոստիկանության գործընկերներն էլ են աշխատում, որպեսզի ծանրաքաշ մեքենաները համայնքային ճանապարհների վրա չհայտնվեն, որոհետև այդ ճանապարհները նման բեռների համար նախատեսված չեն և դրանք էլ են քայքայում»:         

Արմավիր մարզում շատ կան  ավազի ու բնական քարերի հանքավայրեր, որոնց ճանապարհները հիմնականում անցնում են գյուղերի միջով, որտեղ պետական ու տեղական  բյուջեի ֆինանսավորմամբ նորոգվում ու կառուցվում են նոր ճանապարհներ: Իսկ գերբեռնված ծանրաքաշ մեքենաները կարող են ավելի շուտ քայքայել ասֆալտի ծածկույթը:

Կարդացեք նաև
Close
Back to top button