ԿարևորՔաղաքական

ԱԺ հայտարարությունները՝ ի պատասխան ՄԽ հայտարարությունների

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Աժ- ում հայտարարությունների ժամին այսօր պատգամավորները բազում հարցերի շարքում առաջին հերթին անդրադարձան նախ` ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, այնուհետեւ` մի քանի օր հետո հենց ՄԽ-ի արված հայտարարություններին: Հիեցնենք, դրանք վերաբերում են ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկներին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը միջնորդների հայտարարությունները որակեց «վտանգավոր» եւ կոչ արեց Հայաստանի իշխանություններին բանակցող կողմի դիրքերը փոխանցել ԼՂՀ- ին։

«Ստացվում է, որ առաջին անգամ ՄԽ-ն բացահայտ հայտարարում է, որ ստատուս-քվոն պետք է փոխվի, որովհետեւ խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը եւ երկրորդ` արդեն առաջին պլան է մղվում այս ձեւաչափով, իրենց իսկ բնորոշմամբ, «օկուպացված տարածքների վերադարձը»: Ես կարծում եմ՝ չափազանց վտանգավոր մոտեցում է, եթե նկատի ունենանք այն պատկերը, որն այսօր կա աշխարհում: Աշխարհի ուժեղներն այսօր իրար հետ հարցեր են լուծում եւ կարծես թե պատերազմական գործողությունների դաշտը ինչ- որ տեղ կամաց-կամաց տեղափոխվում է մեր տարածաշրջան: Ես ողջունում են ԼՂ իշխանության եւ հասարակության այն ակտիվ դիրքորոշումը ինչով նրանք դիմավորեցին ՄԽ եռանախագահներին: Շատ պարզ հասկանալի է, որ առանց ԼՂ ժողովրդի, առանց ԼՂ մանդատի մասնակցության այս ձեւաչափով ոչինչ հնարավոր չէ լուծել»,- ասում է Ռուբիկ Հակոբյանը։

Նա նշեց, որ փաստաթղթում Հայաստանը ներկայացված է որպես հողային պահանջատեր: «Իսկ այդ դեպքում ինչպես ուզեն կարող են խոսել պահանջատեր կողմի հետ»,- նշեց պատգամավորը` Հայաստանի իշխանություններին կոչ անելով շուտափույթ քայլեր ձեռնարկել հնարավոր մարտահրավերներին հակազդելու համար։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ անհանգստություն հայտնեց նաեւ ՍԻմ նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։ «Բաքվում ԱՄՆ դեսպանն օրերս մեկնաբանեց նաեւ, թե ինչ է նշանակում փոխզիջում ասվածը։ Ըստ ԱՄՆ-ի` ԼՂ-ին հարող 7 շրջանների ազատագրումը անվերապահ պայման է եւ հանդիսանում է հակամարտության կարգավորման բաղադրիչներից մեկը: Ու դրանից հետո նա ասում է. հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի ԼՂ վերջնական կարգավիճակը: Թե այս հայտարարությունը ինչ ջուր է լցնում Ադրբեջանի պատերազմական ջրաղացին դժվար չէ պատկերացնել, առավել եւս, որ դրանից հետո դեսպանը բացում է բոլոր փակագծերը` ղարաբաղյան բանակցությունների այս փուլում ԱՄՆ-ի այսօրինակ ակտիվացումն ուղղակիորեն կապելով Ուկրայինայի հետ: Նա ասում է. «Այն բոլոր քայլերից հետո, որ ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմը»։ Սա, ըստ էության, Բաքվին հասցեագրված շատ թափանցիկ մեսիջ է»։

Հանրապետական խմբակցությունից նույն խնդրին անդրադարձավ նաեւ պատգամավոր Մարգարիտ Եսայանը` կարեւորելով, որ համանախագահներն իրենց այցի ժամանակ առաջին անգամ հանդիպեցին նաեւ Բերձորի բնակչությանը եւ տեղեկացան հենց նրանց դիրքորոշման մասին։ «Կարծում եմ, վաղուց ժամանակն է, որ Արցախի խնդրի կարգավորումները ընթանան արցախցու անմիջական մասնակցությամբ: Իմ, որպես ԱԺ պատգամավորի, կոչը ուղղված է համանախագահներին: Նայեք պատմական ճշմարտության երեսին, մի մոռացեք խայտառակ սաֆարովյան գործելաոճը եւ միշտ հիշեք, որ եթե խոսում եք գրավյալ տարածքների մասին, այո, խոսեք Շահումյանի եւ Գետաշենի եւ այս ու այն վայրերից տեղահանված հայերի մասին: Կարծում եմ՝ այդպես ավելի արդար կլինի»,- ասաց։

Back to top button