

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովն այսօր սկսել է կառավարության ծրագրի քննարկումը: Մոտ 80 էջանոց փաստաթուղթը խորհրդարանում ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իր կեսժամանոց ելույթում վարչապետը խոսել է այն հիմնական խնդիրների մասին, որոնք կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու առաջիկա երեք տարիների ընթացքում։ Գործադիրն այդ ընթացքում 5 տոկոսանոց տնտեսական աճ է նախատեսում, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65000 դրամի սահմանագիծը և աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով։ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում ասել է, որ կառավարությունն իրատեսական ծրագիր է ներկայացնում, ինչը ոչ թե հավակնությունների բացակայության, այլ ռեսուրսների սթափ գիտակցման ապացույցն է: Վարչապետը հանրությանը խոստացել է հուսախաբ չանել, իսկ ահա ընդդիմախոսներին հակառակ խոստումն է տվել. նրանց կառավարությունը հուսախաբ է անելու իր լավ աշխատանքով։
Իրատեսական, բայց հավակնոտ, խստապահանջ, բայց ոչ անտարբեր, ականջալուր, բայց և սեփական ուղեգծին հավատարիմ ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս երեք սկզբունքերով բնորոշեց կառավարության եռամյա գործունեության ծրագիրը։ «Իրատեսական՝ խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր՝ հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ»:
Իրատեսականությունը, ըստ վարչապետի, խոսում է ոչ թե հավակնություների բացակայության, այլ առկա ռեսուրսների սթափ գիտակցման մասին : Թվային տվյալներով ու ցուցանիշներով ծրագիրն առանձանպես հարուստ չէ: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը երեք թիրախային ցուցանիշ է ամրագրում ՝ 5 տոկոսանոց տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65000 դրամ և աղքատության կրճատում 10 տոկոսային կետով: Ցուցանիշների այս ցանկը շատ ավելի ընդգրկուն էր Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրում: Պատգամավորները հիշեցրին՝ օրինակ 100 հազար աշխատատեղ ստեղծելու մասին էր խոսվում։ «Սուտ խոստումներ չեմ ուզում տալ: Կարող էինք գրել 100 հազար, է գրված էր: Ես դեմ եմ այնպիսի թվեր գրելուն, որոնք իրականանալի չեն: Կառավարության գործը, իմ կարծիքով, ոչ թե աշխատատեղ ստեղծելն է, այլ ՝ պայմաններ ձևավորելը, որ աշխատատեղեր ստեղծվեն»։
Կառավարությունը խոստանում է պայքարել ստվերի դեմ, մրցակացության հավասար պայմաններ ապահովել, նախատեսում է փուլ առ փուլ հրաժարվել ավելացած արժեքի հարկի սահմանային գանձումից, մտածում է համահայկական ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին, քննարկում է հակամենաշնորհային օրենսդրություն մշակելու հարցը: Սրանք այն գաղափարներն են, որոնք կառավարությունը ծրագրում ներառել է ՝ նաև հաշվի առնելով քաղաքական այլ ուժերի առաջարկները։
Բայց կան նաև առաջարկներ , որոնք տեսականորեն ընդունելի են, իսկ գործանակնում՝ ոչ իրագործելի: Այդպիսին, օրինակ, Հովիկ Աբրահամյանը համարեց բոլոր անկախ հանձնաժողովների և վերահսկիչ կառույցների ղեկավարումն ընդդիմությանը վերապահելը։ «Միգուցե՝ նման գաղափարն աշխատի արդեն կայացած կուսակցական համակարգով երկրներում: Սակայն, երբ մենք ունենք խորհրդարանական ուժեր, որոնք առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, որոնք պատրաստ են մերժել համագործակցության ցանկացած առիթ, ես խիստ կասկածում եմ, որ նման առաջարկը Հայաստանում կիրառելը կբերի առաջընթացի»։
Կան գաղափարներ, որոնք ամբոխահաճո են և չունեն երկարաժամկետ հեռանկար: Ըստ վարչապետի՝ այդպիսին օրինակ կենսաթոշակային բարեփոխումների անհապաղ կասեցումն է: Ի դեպ՝ կուտակայինի մասին հարց վարչապետին ուղղեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Եթե կառավարությունը հանրությանը որոշել է ականջալուր լինել, ապա ինչ է որոշելու կուտակայինի հարցով։ «Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված», և մենք ամեն օր աշխատում ենք այդ լուծումը ձևավորելու ուղղությամբ և շուտով ներկայացնելու ենք ձեր դատին»։
Հերթագրված 34 պատգամավորից այսօր մոտ կեսը հասցրեց հարց ուղղել Հովիկ Աբրահամյանին: Հարցերը տարբեր էին ՝ կադրերից մինչև արտաքին քաղաքականություն ու ՄՄ անդամակցություն: Կադրերի մասին ՀԱԿ-ից Արամ Մանուկյանի հարցն էր. «Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ձեր կառավարությունում արդյո՞ք չկան նախարարներ, ովքեր զբաղվում են այդ գործունեությամբ»,- ասաց։ «Ես կոնկրետ տեղեկատվություն չունեմ, որ նախարարները զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ եթե կան նման մարդիկ, ապա կհեռանան»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը։
Ծրագրում նշվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը ձգումն է անդամակցել Մաքսային միությանը: Ալեքսանդր Արզումնայանի հարցը Ղարաբաղի չճշտված կարգավիճակին էր վերաբերում: Մայիսի վերջին նախագահների, իսկ հունիսին վարչապետերի հանդիպումը գործընթացի մեջ հստակեցումներ կմտցնի, ասաց Հովիկ Աբրահամյանը, իսկ Ղարաբաղի հարցի մասին հորդորեց քիչ խոսել, «որովհետև մեր շատ խոսելը խանգարում է ընդհանուր բանակցություններին: Մենք ուզում ենք, որ բանակցութոյունների ավարտին լինի այն , ինչ մենք ուզում ենք»։
Ալեքսանդր Արզումանյանը նաև նկատել էր, որ գազի մասին ծրագրում որևէ ամրագրում չկա։ Ի պատասխան այս դիտարկման՝ վարչապետն այլ ամրագրում արեց՝ վերջին մեկ ամսվա ուսումնասիրության արդյունքում կառավարությունը եկել է այն եզրահանգման , որ էներգետիկ ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոնք ոչ ստանդարտ լուծումներ են պահանջելու։
Ընդհանուր առմամբ՝հասարակությանը Հովիկ Աբրհամայանը խոստացավ հուսախաբ չանել, ասաց, որ փոփոխությունները զգալի են են լինելու, իսկ ահա ընդդիմախոսներին հակառակ խոստումը տրվեց՝ հուսախաբության առիթներ լինելու են։ «Ես հասկանում եմ ձեր մտավախությունը, որ մենք կարող է լավ աշխատենք, ու դուք կարող եք հնարավորություն չունենալ մեզ շատ փնովելու: Կաշխատենք այդ հաճույքը ձեզ չպատճառել»։
+++
Խորհրդարանական օրվա երկրորդ նիստի ընթացքում Ազգային ժողովը քննարկել է Ընտրական օրենսգքրում փոփոխություններ կատարելու ՀՅԴ օրենսդրական առաջարկը: Խմբակցությունը հարցը համարել էր արտահերթ ու արտահերթ ընթացակարգով էլ այն քննարկման ներկայացրել: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի։ Հիմնական զեկուցող ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ խմբակցությունն առաջին անգամ չէ 100 տոկոսանոց համամասնականի հարցը բարձրացնում, բայց հարցը չի կորցնի արդիականությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել: Նախագծին կողմ են արտահայտվել ոչ իշխանական բոլոր ուժերը: Դրական չեն եղել գլխադասային հանձնաժողովի և կառավարության եզրակացությունները: Երկուսն էլ պնդել են, որ հարցի բարձրացումն այս փուլում հիմնավորված չէ առնվազն այն պատճառով, որ քննարկման է ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագիծը։
Արտահերթ հարցի քվեարկությունը խորհրդարանը կկազմակերպի վաղը: