ԿարևորՀասարակություն

Թբիլիսիում ոգեկոչել են Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

2024 թվականի փետրվարի 25-ին Թբիլիսիում, Վիրահայոց թեմի և «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության համատեղ միջոցառումներով, ոգեկոչել են Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

Օրվա մեկնարկ է դարձել Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանի առաջնորդությամբ, Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներով պարուրված թբիլիսահայ երիտասարդների քայլերթ  դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միանալը Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ  ընթացող կիրակնօրյա Սուրբ Պատարագին:

Սբ. Պատարագին  ներկա  են եղել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, դեսպանության դիվանագետներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության անդամներ:

Ներկաներին ուղղված իր քարոզչությունում Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, զուգահեռ անցկացնելով  Մեծ Պահքի Անառակի կիրակիի խորհրդին, հայ ազգաբնակչությանը հորդորել է սթափվել անգործության նիրհից և հայրենիքի սահմանները անխախտելի, պետականությունը անսասան, մայրենի լեզուն, ազգային արժեքները անաղարտ պահել:

Հավարտ Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ, հոգևորաց և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայազգի բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հոգու խաղաղության համար:

Ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվել են Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, որին   ներկա էին արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետներ Ավետիք Հարությունյանը և  Դավիթ Տեր Մկրտչյանը, «Վրաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Back to top button