ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Բարեփոխումների պատճառով հանրային սննդի ոլորտում հարկային բեռը «կծանրանա» 2.5 անգամ․ ՓՄՁ ասոցիացիայի ներկայացուցիչ

Հարկային բարեփոխումը, որը կարող է ուժի մեջ մտնել 2025թ.-ի հունվարի 1-ից, հանրային սննդի ոլորտում կարող է դադարեցնել 2 տարի ձգվող աճը։ Սպասումները վատատեսական են՝ ասում է «Փոքր ու միջին ձեռնարկությունների ասոցիացիայի» ներկայացուցիչ Արման Պետրոսյանը։ Սննդի ոլորտում մոտ 20 տարվա փորձ ունեցող գործարարը մանրամասնում է՝ բարեփոխումը մշակած նախարարությունը չի հերքում, որ տնտեսվարողների «բեռը» կավելանա։

«Նախագիծը e-draft-ում արդեն հրապարակված է։ Ֆինանսների նախարարությունը մի քանի ոլորտների հետ հանդիպել  և քննարկումներ է իրականացրել։ Բնականաբար մենք որպես հանրային սննդի ոլորտ, մեր հաշվարկներն ենք ունեցել։ Բայց միևնույն է 2  կողմի հաշվարկներն էլ բերում են 2.5 անգամ հարկերի ավելացման»։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft  հարթակում նախագծի վերաբերյալ կարդում ենք՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները հաջորդ տարեսկզբից կհարկվեն 12%-ով։ Այժմ սնունդ պատրաստող և մատակարարող տնտեսվարողներից գանձվում է 6% շրջանառության հարկ։

Հարթակում նախագծի քննարկման ժամկետն ավարտված է, այն արժանացել է 819 դեմ և 4 կողմ ձայների։ Բացի սնունդ մատակարարողներից, այն մասնավորապես առնչվում է առևտրական, արտադրական և նոտարական գործունեությամբ զբաղվողներին։

Ֆինանսների նախարարությունը կամփոփի նախագիծը, կհանձնի կառավարությանը, հետո այն կներկայացվի Ազգային ժողովի դատին։

Օրենսդրական փոփոխություններն արվում են առանց խորքային երկխոսության՝ ասում  է «ՓՄՁ ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը։

«Երկխոսությունը դա միայն այն չէ, որ կանչում, ասում են՝ այսպիսի բան ենք որոշել և 1 ժամ է տևում հանդիպումը։ Օրինակ 20 կառույց է նստած, դու չես կարող դետալային խոսել։ Մեր առաջարկն է, որ ֆոկուս-խմբային հանդիպումներ լինեն։ Այսօր մարզերի ՓՄՁ-ներն անտեսված են բառի բուն իմաստով։ Նրանց մոտ ոչ ոք չի գնում խոսի։ Բայց այդ մարդիկ մեր հանրության մասն են»։

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ հարկային վերջին փոփոխություններն ըստ ամենայնի կտարածվեն հայաստանյան ավելի քան 50 հազար փոքր ու միջին ձեռնարկությունների վրա։

«e-draft-ում գրված է բարեփոխում, բայց այն, որ այս անգամ ֆինանսների նախարարությունը փորձել է 6-ամսյա ժամկետը պահպանել, որ շուտ ուժի մեջ չմտնի, դա նշանակում է, որ հենց ֆիննախը ընդունում է, որ դրա մեջ կան վատթարացնող նորմեր»։

Ավանդաբար Հայաստանում միկրոձեռնարկատիրությունը համարվել է այսպես կոչված «գերփոքր բիզնեսի» կամ «ընտանեկան ձեռնարկատիրության» իրավահաջորդ։ Դա է պատճառը, որ մանր բիզնեսները գործում էին արտոնյալ ռեժիմում՝ համեմատաբար պարզ հարկային դաշտում։ Նման բիզնեսով զբաղվողներից էր, օրինակ, մեքենա վերանորոգողն ու արծաթագործը։ Այժմ, սակայն, նրանք համարվում են միկրոձեռնարկատեր։

Հակոբ Ավագյանը մանրամասնում է՝ կան բազմաթիվ սիրիահայեր որոնք պահում են «ձեռքի գործը հորից-որդի փոխանցման» մշակույթը։ Նոր փոփոխություններով ընտանիքով կամ միայնակ աշխատող արհեստագործը միկրոձեռնարկության ռեժիմից էլ «վեր կբարձրանա» և կմտնի ավելի խիստ հարկային տիրույթ։

«Նրանց շրջանառության հարկի կյանքն էլ է փոխվում 5% է, բայց այդ 5-ն էլ են բարձրացնելու։ Հասկանում եմ ֆիննախի ներկայացրած հիմնավորումները, որ մարդիկ կան, որոնք պատսպարված են «միկրոձեռնարկատիրության» տակ, բայց նաև մեքենայի յուղ են ներմուծում։ Ամբողջ աշխարհում կան բիզնեսներ, որոնք խաբում են, կան բիզնեսներ, որոնք չեն խաբում։ Բայց, դա չի նշանակում, որ այդ մշակույթը, որ արհեստավորներինն է, նրանց պետք է զրկենք դրանից։ Արհեստագործությունը, խմորեղենի արտադրությունը, դրանից հաջորդն է նոր դառնում բիզնես։ Բայց, մենք բոլորին դիտարկում ենք, որ դրանք հենց ծնված օրվանից պետք է վճարեն»։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահը ներկայացնում է՝ ավելի քան 2 տարի է, ինչ Հայաստանում «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը» գործում է որպես «Ներդրումային ազգային կենտրոն», որի գործունեության դաշտն առաջվանը չէ։ Վերափոխված կենտրոնը նախկինում ուներ մարզային մասնաճյուղեր, որոնք այսօր գոյություն չունեն։

«Մարզային ՓՄՁ-ների տեսանկյունից եթե խոսենք, էնտեղ պատկերը ավելի վատ է։ Էնտեղի գերփոքր բիզնեսը չգիտի որտեղ գնա հարցնի փոփոխությունը ճի՞շտ եմ հասկացել։ Քաղաքականություն մշակող մարմինը՝ կլինի ֆինանսների նախարարությունը, հարկային մարմիններ, էկոնոմիկայի նախարարություն, ռեֆորմ են անում, պարտավոր են իրազեկում անել։ Այդ կետը իրավական ակտերի մասին օրենքում մնացել է որպես նկարագրություն»։

Փոքր ու միջին ձեռնարկությունների խնդիրներին ծանոթ մասնագետը պնդում է՝ Հայաստանում հարկերից խուսափելու դեպքերի որոշ մասը փոփոխություններին ծանոթ չլինելու պատճառով է։

Back to top button