ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մեկնարկել է «գոլդ» պետհամարանիշների աճուրդը․ ամենապահանջվածը 00 OO 000–ն է

Արդեն մի քանի ժամ է քաղաքացիներ պայքարում են իրենց մեքենայի վրա ամենատարբերվող պետհամարանիշն ունենալու համար։ Այսօր փետրվարի 23-ին մեկնարկել է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող՝ 0-ների կոմբինացիայով համարանիշների առաջին աճուրդը։ Ներքին գործերի նախարարությունը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել՝ պահանջարկը հաշվի առնելով՝ որոշել են գործածության մեջ դնել մեքենայի պետհամարանիշների նոր խմբաքանակ ու վաճառել դրանք աճուրդով։ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ քաղաքացիների օնլայն քվեարկության ու համակարգի միջոցով են ընտրվել այն մարանիշները, որոնք աճուրդի կդրվեն հենց առաջին փուլով։

«Որպես օրինակ, կարող եմ ասել, 00 OO 000 պետհամարանիշը, իհարկե, կոմբինացիաներում կան նաև տարբերվող տառեր կամ թվեր, բայց պետք է արձանագրենք, որ սրանք իրենց կոմբինացիաներով տարբերվում են մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշներից»։

Մինչ այս պահը Հայաստանում գործածության մեջ էին 3 տեսակի համարանիշներ․ հերթական, ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող։ Սրանց արժեքը սկսվում է 12 հազար դրամից և հասնում մինչև 8 միլիոնի։ Հիմա «խաղարկվում են» առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարները։

00 ՕՕ 000 պետհամարանիշի մեկնարկային արժեքն ամենաբարձրն է։ Միայն «օղակներից» բաղկացած կոմբինացիան սեփական մեքենայի վրա ունենալու համար քաղաքացին պետք է պատրաստ լինի նվազագույնը 20 միլիոն դրամ վճարելու։ Մարանդյանը բացատրում է՝ աճուրդի ներկայացված կամ ապագայում ներկայացվող համարանիշները 6 գնային կատեգորիա ունեն՝ 10-20 միլիոն դրամի շրջանակում։

«Քաղաքացիների քվեարկությամբ ու ինքնաշխատ համակարգով ձևավորվել է 48 պետհամարանիշից բաղկացած ցանկ, որոնցից 24-ը ֆիզիկական և 24-ը իրավաբանական անձանց համար։ Գոյություն ունեն 6 գնային խմբեր և յուրաքանչյուր գնային խմբից ընտրվում է 4 համարանիշ»,– մանրամասնում է ՆԳՆ պաշտոնյան։

Աճուրդին մասնակցելու համար քաղաքացիները նախ գրանցվել են Ներքին գործերի նախարարության համապատասխան կայքում, հետո նաև նույնականացում անցել։ Իսկ արդեն բուն աճուրդին մասնակցելու համար քաղաքացին պետք է իր նախընտրած համարանիշի արժեքի 10 տոկոսի չափով նախավճար անի։ Նախարարությունից չեն մանրամասնում, թե մեզ հետ զրույցի պահին քանի քաղաքացի է աճուրդի մասնակցում, կամ հիմնական պայքարը ո՞ր թվերի ու տառերի շուրջ է ընթանում, բայց ընդգծում են՝ ակտիվություն կա։

«Մոտավորապես 700 գրանցված օգտատեր կա կայքում, կատարված որոնումների քանակը հասնում է շուրջ 42 հազարի, բավականին շատ են եղել նաև քվեարկությունները։ Սա նշանակում է, որ հանրությունը հետաքրքրված է աճուրդով»։

Աճուրդի առաջին փուլը կտևի 3 աշխատանքային օր։ Այն կավարտվի փետրվարի 28-ի կեսօրին, եթե վերջին 10 րոպեների ընթացքում նոր գնային առաջարկ չլինի։ Նախարարությունում նախատեսում են հետագայում ևս նմանօրինակ աճուրդներ կազմակերպել, բայց թե դրանք երբ կամ քանիսը կլինեն, կախված է նաև ընթացիկ աճուրդի արդյունքներից։ Մարանդյանին հարցնում ենք՝ ի՞նչ ընթացքի մեջ է աճուրդը, ի՞նչ գնային առաջարկներ կան․ պատասխանը հստակ է․

«Քանի որ աճուրդն ընթացքի մեջ է, թույլ տվեք այս հարցին չպատասխանել, քանի որ կազմակերպիչը չեզոք դեր է ստանձնում այդ պրոցեսում, և այս պահին նպատակահարման չէ տվյալներ հրապարակելը»,– պատասխանում է Մարանդյանը։

20 միլիոն դրամ, շուրջ 50 հազար դոլար, 2 թանկարժեք ավտոմեքենայի կամ մեկ 2 սենյականոց բնակարանի մեկնարկային արժեք ունեցող պետհամարանիշն ի վերջո ինչ գնով կվաճառվի, նույնիսկ մոտավոր հաշվարկ չկա։ Մի բան, սակայն, հստակ է՝ պետհամարանիշը աճուրդով ձեռք բերած քաղաքացին այն վերավաճառել կամ մեկ ուրիշին փոխանցել չի կարող։

Back to top button