ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, ռազմական համագործակցության կարիք չէր լինի. Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Եթե Հայաստանը հակաօդային պաշտպանության սարքերի կարիք ունենա՝ կարճ, միջին և այլ երկարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության տակ։ Այսօր այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Սեբաստիան Լըկորնյուի խոսքով՝ եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, Ֆրանսիայի հետ նման ռազմական համագործակցություն չէր լինի։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ «Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով կգա Հայաստան։ Գիշերային հեռադիտակների մի մասն արդեն փոխանցվել է։ Ասուլիսից առաջ երկու երկրների պաշտոնյաները մի շարք փաստաթղթեր են ստորագրել։ Սուրեն Պապիկյանի խոսքով՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից, Հայաստանի զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք, զինամթերք գնել։ Նախարարները նաև նշել են, որ չեն կարծում, թե հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը պետք է մտահոգեն որևէ մեկին, քանի որ դրանք բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:

Ֆրանսիան հանձնառություն ունի օգնելու Հայաստանին, և այս պահի առաջնահերթությունն է՝ սպառազինություն տրամադրել ու վերապատրաստել հայ մասնմագետներին դրանք կիրառելու համար։ Այս նպատակով էլ մի շարք փաստաթղթեր են ստորագրել երկու երկրների պաշտպանության նախարարները։ Ամեն անգամ ելնելու ենք պաշտպանական օպերատիվ կարիքներից, որը կարտահայտվի հայ գործընկերների կողմից՝ ասաց Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Հակաօդային պաշտպանության սարքերի մասին նույնպես ասեմ՝ եթե Հայաստանը կարիք ունենա, կարճ, միջին և այլ երկարության հրթիռներն էլ ձեր տրամադրության տակ կլինեն»։

Շատ շուտով GM200 ռադարներ  կմատակարարվեն Հայաստանին։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հիշեցնում է՝ միակ ձևը, որ հակաօդային պաշտպանությունը չկիրառվի, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի, բայց Ֆրանսիայի համար բացարձակ առաջնահերթություն է՝ օգնել Հայաստանին պաշտպանել իր հասարակությանը, եթե այն հարձակման զոհ դառնա։  

Արդյո՞ք զգում եք վտանգ Ադրբեջանի կողմից, ինչի համար էլ կնքում եք նոր պայմանագրեր և արդյո՞ք այսօր Հայաստանը կարողանում է ինքնուրույն ապահովել այդ գնումները, թե՞ կարիք է զգում Եվրոպայի ֆինանսական օգնության՝ նախարարներից հետաքրքրվեց «Լը Մոնդի» թղթակիցը։ Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը չհերքեց, որ կա վտանգ։

 «Մենք ունենք և սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն, և իհարկե՝ գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ, այդ թվում նաև եվրոպական գործընկերների։ Խոսքը վերաբերում է նաև խաղաղության գործիքակազմից օգտվելու հնարավորություններին։ Բայց մեր մոտեցումը հետևյալն է՝ ՀՀ-ն զենք, զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ ՀՀ-ի կողմից գնվող զենք, զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից»։

Հետևաբար, մեր պարտավորությունն է՝ պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը, հավելեց Պապիկյանը, ապա շեշտեց նաև, որ անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, ի՞նչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք, զինամթերք գնել և այսօր ստորագրած պայմանագրերը հենց դրա մասին են։  

Որքան Ֆրանսիան կհզորացնի իր բազան, այնքան հայելային ձևով դա ավելի մեծ հնարավորություն կտա Հայաստանի հետ համագործակցության համար՝ վստահեցրեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Սեբաստիեն Լըկորնյուի խոսքով՝ հայ–ֆրանսիական հարաբերության համար կարևոր ուղղություն է պաշտպանությունը։ Արձագանքելով տեղեկատվական դաշտում Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներին վերաբերող հարցին, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը շեշտեց, որ Ֆրանսիան թույլ չի տա, որ իրեն վախեցնեն։

«Մենք նման բաների միջով անցել ենք։ Դա, կարծում եմ, միայն պետք է դատապարտել։ Պետք չէ շատ տպավորվել և վախենալ դրանից։ Պետք է հանդարտ մնալ և վճռական»։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական շատ ջերմ հարաբերությունները հիմա շարունակվում են նաև ռազմական ոլորտում. այդ հին ու ջերմ հարաբերությունները համահունչ են դառնում նաև այս մակարդակում։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նկատում է՝ եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, նման քննարկումների կարիքն էլ չէր լինի։

2022 թ.-ի սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստանն իր զինված ուժերն ու ռազմատեխնիկակակն համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց իր առջև՝ իր հերթին հիշեցրեց Սուրեն Պապիկյանը։ Ինչպես առաջինն արևելքում Հնդկաստանն արձագանքեց, Եվրոպայի գործընկերներից առաջինը բարեկամ Ֆրանսիան եղավ։ Դա կարևոր նշանակություն ունի և Հայաստանը բարձր է գնահատում՝ ասաց նախարարը։

«Մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվել է էական առաջընթաց գրանցել, և նաև թույլ է տալիս մեզ ասել, որ մեր գործընկերությունը նաև առաջիկա տարիների համար մեզ հնարավորություն է տալու երկարաժամկետ պլանավորում իրականացնել»։  

Որոշումը, թե ո՞ւմ հետ և ի՞նչ մակարդակով համագործակցել, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, և դա բխում է Հայաստանի և նրա ժողովրդի շահերից, ի պատասխան լրագրողների հարցերի՝ շեշտեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է հարգի այլ գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա հայ-ֆրանսիական համագործակցությունը Հայաստանի անունից է և ուղղված չէ որևէ մեկի դեմ։

 «Մեր իրավունքն է համագործակցել թե՛ Ֆրանսիայի, թե՛ Իրանի հետ։ Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը մյուս գործընկերների հետ։ Կարծում եմ, որ Ռուսաստանը նույնը պետք է անի։ Եվ մնացած մեր բոլոր գործընկերները»։

Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության. սա միայն հանուն ՀՀ-ի և մեր տարածքային ամբողջականության է, եզրափակեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Back to top button