ԿարևորՀասարակություն

Շուրջ 16 հազար քաղաքացի վարձակալության տված տան համար արդեն հարկ է վճարում

Նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից վարձակալության տրված տան համար քաղաքացիները պարտադիր եկամտահարկ են վճարում։ Որոշման ընդունումից 3 ամիս անց ՊԵԿ-ն այն հաջողված է համարում։ Սակայն լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիները շրջանցում են օրենքը։ Կոմիտեից հիշեցնում են՝ շուտով կսկսվեն ստուգումները։

Շուրջ 16 հազար քաղաքացի վարձակալության տված տան համար արդեն հարկ է վճարում։ Կառավարությունը դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշումը գործնականում հաջողված է համարում։

«Մենք շարունակում ենք քաղաքացիներից ակնկալել, որ բնակարանները վարձով տալու դեպքում հայտարարագրեն դրանք։ Երբ այս որոշումը կայացնում էինք, բավականին հոռետեսություն կար, թե այն ինչքանով կաշխատի։ Բայց հիմա շուրջ 21 հազար քաղաքացի արդեն հայտրարարգրել են իրենց բնակարանները»։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հստակեցնում ՝15․392 քաղաքացի ներկայացրել է շուրջ 21․000 հայտարարություն, որ վարձով բնակարան է տալիս:

«Այսինքն՝ մեկ անձը կարող է մի քանի վարձակալության հարաբերություններ ունենալ։ Մենք նայել ենք՝ արդյո՞ք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի հետ և 90 տոկոսից ավելին չեն համընկնում։ Այսինքն, մեր օրենքը գործել է, և շուրջ 21 հազար ստվերից դուրս եկած վարձակալության հարաբերություններ կան»։

Անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները հարկելը հայաստանյան օրենսդրությամբ վաղուց է նախատեսված։ Բայց օրենքի այս դրույթը մինչ այժմ գործել է միայն վարձակալության պայմանագրերի կնքման դեպքում, քանի որ ֆիզիկական անձանց բանավոր գործարքների դեպքում անօրինական ձեռնարկատիրության այս տեսակը գրեթե անհնար էր հայտնաբերել։ Այժմ օրենքի պահանջը չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի։

Օրինական պայմանագիրը երկու կողմերի համար էլ ոչ միայն երաշխիքներ է խոստանում, այլև պարտավորեցնող է՝ նշում է անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը։

«Լիքը դեպքեր են լինում, որ մարդուն գալիս, բնակարանից հանում են, ասում են տունը թանկացել է, ազատիր տունը։ Նման դեպքերը կբացառվեն։ Ով հիմա վարձով տուն է հանձնում, ընթացակարգով են հետաքրքրվում, որ անեն, հանգիստ ապրեն։ Ոչ միայն տուգանքից խուսափելու համար, այլև ուզում են հասկանալ՝ ինչ օգուտ է ունենալու։ Նույն վարձատուները խնդիրներ են ունենում միջդատական ատյաններում, երբ իրենց վարձակալները  իրենց գույքին վնաս են պատճառում։ Իսկ երբ մտնում են օրինական դաշտ, հարկ են վճարում, պայմանագիր կնքում, վաղը նաև կարողանալու են իրենց իրավունքները պաշտպանել»։

Դեպքեր կան նաև, երբ մարդիկ շարունակում են շրջանցել օրենքը։ «Ռադիոլուրի» զրուցակիցը արդեն 5 ամիս է 2 սենյականոց տան համար 500 դոլլար է վճարում։ Տանտերը սակայն խնդրել է ոչ մի տեղ չնշել, որ վարձով են ապրում։

«Վերջերս, երբ տանտերն իմացավ, որ հարկ պետք է վճարի, խնդրել է, որ ոչ մի տեղ չասենք, որ վարձով ենք ապրում։ Ասենք, որ բարեկամի տանն ենք ապրում։ Մենք էլ ուրիշ տարբերակ չունենք, հիմա նորմալ պայմաններով տուն գտնելը շատ դժվար է»։

ՊԵԿ-ում վճռական են տրամադրված։ Եթե պարզվի, որ վարձով տրված տան տերը խուսափում է հարկերից, տուգանքից հաստատ չի խուսափի։ Իսկ ինֆորմացիայի արտահոսք ցանկացած տեղից կարող է լինել, հավաստիացնում է հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման 3-րդ բաժնի պետ Իննա Հախումյանը։

«Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, երրորդ անձից ստացված տեղեկատվության արդյունքում կարող է այդ տեղեկատվությունը հասանելի դառնալ հարկային մարմնին»։

ՊԵԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ քաղաքացիների դիմումներին կսպասեն մինչև փետրվար, այնուհետև կսկսվեն ստուգումները։ Դրանց արդյունքների վերաբերյալ մանրամասներ դեռ չի հաղորդվում։ Կոմիտեից նշում են, որ առաջիկայում օրենսդրությամբ կկարգավորվի նաև օրավարձով տրվող բնակարանների հարցը։ Օրենքը արդեն մշակված է և ներկայացվել է կառավարությանը։

Back to top button