Էկոսֆերա

Հայաստանը՝ ջրային անվտանգության խնդրի առջև․ «Էկոսֆերա»

Թուրքիան շարունակում է Արաքսի ափին կառուցել ջրամբարներ։ Մասնագետները նշում են, որ մեր երկրի մի շարք բնակավայրերին շատ մոտ ապագայում սպասվում է «ջրային սով»։

«Էկոսֆերա»-ն անդրադարձել է թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում Արդբեջանի՝ ակնհայտ ջրային պաշարների թիրախավորմանը և թե՛ մյուս հարևան պետության՝ Թուրքիայի ջրային «ագահությանը»:

Եվ քանի դեռ մեր հարևանների ախորժակն այս առումով դեռ չի փակվել, ապա հարկ ենք համարում ևս մեկ անգամ որպես ահազանգ հնչեցնել, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ և ի՞նչ է սպասվում մեզ առաջիկայում։ Ինչո՞ւ է հատկապես հիմա այսչափ կարևոր խնդրին ուշադրություն դարձնելը:

2020 թվականից հետո Հայաստանն ունի ջրային անվտանգության ակնհայտ խնդիր։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վարդուհի Մարգարյանն ասում է, և՛ քանակական, և՛ որակական առումով իրավիճակը խիստ մտահոգիչ է: Ադրբեջանը տարածական նկտրումներից զատ չի քողարկում նաև ջրային ռեսուրսների նկատմամբ իր հետաքրքրությունը։

Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ Ադրբեջանում քաջատեղյակ են, թե առաջիկա 40 տարվա ընթացքում ինչպիսի խնդիրներ են առաջանալու տարածաշրջանում, ինչից էլ բխում է նրանց վարքագիծը: Ջրային անվտանգության մասով խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Մյուս հարևանը՝ Թուրքիան, արդեն մի քանի տարի շարունակ ծրագրեր է իրականացնում հայ-թուրքական սահմանին՝ Արաքս գետի ավազանին կառուցելով խոշոր ջրամբարներ և հիդրոէլեկտրակայաններ։

Մասնավորապես՝ 2012 թվականից սկսած ջրամաբարաշինություն է իրականացվում խոշոր մասշտաբի, ինչի հետևանքով Արաքս գետի հոսքն արդեն նվազել է 30-40 տոկոսով։ Թուրքիան նույն վարքագիծը դրսևորում է նաև մյուս հարևանների նկատմամբ, այդ թվում՝ Վրաստանի և Սիրիայի։

Այս համատեքստում բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը հիշեցնում է՝ Սիրիայի օրինակն ու նշում է, որ օրինակներն աչքի տակ ունենալով, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասվում Արարատյան դաշտի բնակավայրերին։

Երկարաժամկետ կտրվածքով բացասական փոփոխություններ են սպասվում ավազանից սնվող մեր բնակավայրերի համար։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրի քանակական խնդիր է առաջանալու, մյուս կողմից էլ՝ կառուցվող և կառուցված ջրամբարներն էլ ավելի են սրելու Հայաստանում ջրի սակավության խնդիրը։

Ի՞նչ կարող ենք անել։ Պետք է անել այն, ինչի մասին բարձրաձայնվում է միշտ՝ կառուցել ջրամբարներ և հնարավորինս շատ ջուր ամբարել մեր երկրում։

Back to top button