ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 22․02․2024

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում մասնակցում է աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:

Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը անցել են եզրափակիչ փուլ:

Վաղը պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իր հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը:

Դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. արդյունքում քաղաքացիները զերծ կմնան ինքնաբուժումից, նշանակված դեղամիջոցն այլ դեղով փոխարինելու ինքնուրույն որոշումից, անհարկի կիրառումից և այլն:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութում։

30 նոր ավտոբուս կհամալրի մայրաքաղաքի երթուղային ցանցը։ Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, 44 հասցեներում կտեղադրվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով լուսացույցներ։ Մայրաքաղաքը ընթացիկ տարում կունենա 100 նոր կանգառասրահներ:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի հրապարակած տեսանյութում

Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը հնարավոր է և կողմերին կոչ է անում  աշխատել միասին ՝ չհամաձայնեցված հարցերը հաղթահարելու համար։ Թե որոնք են խնդրահարույց հարցերը, պաշտոնական Երևանը չի բացահայտում, բայց հաստատում է՝ Խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերը դեռ համաձայնեցված չեն։ Նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էր  հայտարարել, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝  հետընթացը, որն ավելի վաղ Երևանն արձանագրել էր, պահպանվում է, բայց աշխատելու հնարավորություն կա։

Դպրոցական նոր կարգը, ըստ որի ուսումնական տարում կիսամյակային 60 ժամ բացակայություն ունեցող աշակերտը պետք է վերաքննություն հանձնի, ծնողների շրջանում դժգոհություն է առաջացրել։ Նախարարության որոշումը չեն ողջունում նաև դպրոցների ուսուցիչները։

Որպեսզի 60 ժամը չլրանա, ուսուցիչները բացականեր չեն դնում, աշակերտներն էլ հիվանդությունը (եթե բացակայության պատճառը դա է) ամբողջությամբ չհաղթահարած, դպրոց են գնում։ Կրթության գերատեսչությունում ծանոթ են դժգոհություններին։ Հավաստիացնում են՝ հեռավար դասապրոցեսը ուսուցիչների համար լրացուցիչ հոգս չի դառնա։ Իսկ կարգը վերանայվել է աշակերտների շահերից ելնելով։ Ասում են՝ այս կարգավորմամբ ո՛չ երեխան սթրեսի կենթարկվի ամբողջ տարվա ծրագրով միանգամից քննություն հանձնելով, ո՛չ էլ արհեստական խոչընդոտներ կստեղծվեն երեխայի՝ հաջորդ դասարան տեղափոխվելիս։

Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները։ Դրանք սահմանվել էին Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկի հետ։ Այժմ ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը։ Այն պաշտոնապես ուժի մեջ կմտնի փետրարի 24-ին։ Միաժամանակ Պետդեպարտամենտը նույնպես հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր «հզոր» փաթեթի մասին։ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է։ Ի՞նչ ազդեցություն կունենան նոր պատժամիջոցները մեր երկրի տնտեսության վրա։

Back to top button