ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղաքային իշխանությունը գծագրում է, ընդդիմությունը՝ քննադատում․ Երևանն այս տարի գլխավոր հատակագիծ կունենաս

Երևանն այս տարի վերջապես՝ 4 տարի ուշացումով, գլխավոր հատակագիծ կունենա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անցյալ տարեվերջին էր հայտարարել, որ քաղաքային իշխանությունը գործադիրի հետ սկսել է մայրաքաղաքի ճարտարապետական կարևորագույն փաստաթուղթը մշակել։ Երևանի այժմյան գլխավոր հատակագիծը ընդունվել է 2005-ին, սակայն այն պետք է գործեր մինչև 2020-ը։

Առանց նոր, ժամանակակից գլխավոր հատակագծի Երևանն օր օրի կորցնում է դիմագիծը՝ վստահ են մասնագետները։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն այսօր հանրային լսումներ էր նախաձեռնել, թեման Երևանի այժմ մշակման փուլում գտնվող գլխավոր փաստաթուղթն էր։

Երևանը մինչև հուլիսի 1-ը, ինչպես ճարտարապետներն են ասում՝ նոր քաղաքային սահմանադրություն կամ այլ կերպ ասած՝ նոր գլխավոր հատակագիծ կունենա։ Մինչ քաղաքային իշխանությունն ու պատկան մարմինները գրում ու գծագրում են, ընդդիմադիրներն ու ոլորտի մասնագետները ահազանգում են՝ մայրաքաղաքի տեսքն օր օրի է աղավաղվում։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն ասում է՝ փաստացի Երևանն այսօր գլխավոր հատակագիծ չունի, պարզապես պարբերաբար երկարացվում է նախկինի գործածության ժամկետը։

«Խնդիրն այն է, որ ստացվում է՝ մենք չունենք հստակ զոնավորում, չունենք հստակ քաղաքային պլանավորում ու, օրինակ, կառուցապատողները կարողանում են դիմել ու որոշակի արտադրական տարածքներն, օրինակ, փոխեն բնակելի տարածքների ու շարունակեն կառուցապատումը, ինչից հետո էլ արդեն ի հայտ են գալիս խնդիրներ տրանսպորտի ու կոմունիկացիաների հետ կապված»։

Ինչը որտեղ, ինչպես, կամ ինչ տեսքով պետք է կառուցվի, ինչ սկզբունքներ պետք է ունենա մայրաքաղաքը կամ ինչ առաջնահերթություններ ունի, ինչպես է զարգանում․ այս ամենը՝ պետք է սահմանվի ու բխի հենց գլխավոր հատակագծից։ Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասում է՝ քաղաքը պետք է հստակ դիմագիծ ունենա և դա ամրագրվի հենց հատակագծով։

«Արտերկրում, օրինակ, գոյություն ունեն նորմեր, և այդ նորմերը սահմանվում են յուրաքանչյուր թաղամասի համար առանձին-առանձին։ Առիթ եմ ունեցել ծանոթանալու, այնտեղ այդ փաստաթղթում յուրաքանչյուր հասցեի համար գրված է, թե օրինակ, որ շենքի ճակատային մասում ինչ է կարելի անել, ինչ չի կարելի, օրինակ, տանիքը ինչ գույնի պետք է լինի, մանրամասն նկարագրած է, նույնիսկ ամրագրված է պատուհանագոգին ծաղիկ կարելի է դնել, թե չէ։ Ու սա չի նշանակում, որ ծաղկամանը վատ բան է։ Պարզապես ընդունվել է, որ այդ տարածքում այդ ճարտարապետության հետ այդ ծաղիկները համահունչ չեն»,– ասում է Քալաշյանը։

Երևանը ոչ միայն այս մոտեցումը, վերահսկողությունը չունի, այլև օր օրի աճող շինարարության հետ ավելի է կորցնում դիմագիծը՝ պնդում են մասնագետները։ Միայն 2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել ավելի քան 1760 բնակելի շենք, ինչը 43 տոկոսով ավելի է 2022-ի ցուցանիշից։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ բնակարանաշինության ծավալների կեսից ավելին՝ 58 տոկոսը բաժին է ընկնում հենց Երևանին։ Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը հիշում է՝ Թամանյանը Երևանը նախագծում էր 100-150 հազար բնակչության համար, իսկ այսօր մայրաքաղաքը 1 միլիոնից ավելի բնակիչ ունի։

«Ես չգիտեմ, օրինակ, «Երևաննախագիծը» կամ քաղաքապետարանը ունի՞ արդյոք տվյալներ, թե այսօր քանի մարդ է ապրում Երևանում, ընդ որում, որքան է Երևանի գիշերային բնակչությունը, որքան է ցերեկային բնակչությունը։ Ամեն օր առավոտյան հազարավոր մարդիկ էլ մարզերից են գալիս, որոնք օգտոգործում են Երևանի ռեսուրսները։ Եվ այս ամենը պետք է անպայման հաշվի առնել։ Օրինակ՝ ինչպե՞ս են թույլ տվել, որ առանց այդ էլ ծանրաբեռնված քաղաքի հարավում նոր թաղամաս կառուցվի, ինչպես կառուցապատողն է ասում՝ ևս 100 հազար բնակչության համար»։

Երևանի առաջին գլխավոր հատակագիծը սահմանվել է 1856թ, 1924-ին արդեն գոյություն ուներ մայրաքաղաքի՝ Ալեքսանդր Թամանյանի հեղինակած մայր հատակագիծը, որն այն ժամանակ կոչվում էր Երևանի զարգացման և կարգավորման հատակագիծ։ Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքներից մեկն էր, որն ուներ գլխավոր հատակագիծ։ Երևանի վերջին գլխավոր հատակագիծը հաստատվել է 2005-ին։ Այն պետք է կիրառվեր 15 տարի՝ մինչև 2020-ը։ Ամեն տարի դրա գործածությունը երկարաձգվում է, քանի դեռ նորը չկա։ Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի կարծիքով՝ մայրաքաղաքը հիմա առաջնորդվում է ժամանակակից մարտահրավերներին չհամապատասխանող կամ, այլ կերպ ասած՝ ժակետանց հատակագծով։

«Ես կարծում եմ՝ «Երևաննախագիծն» այսօր հերոսական քայլ պետք է անի, պետք է դնեն իրենց առաջ այդ բոլոր խնդիրնեն ու լուծեն։ Պետք է գլխավոր հատակագիծն անելուց առաջ որոշել, թե մենք ինչ ենք ուզում, որ լինի Երևանը, ինչքան մարդ ենք ուզում, որ ապրի մայրաքաղաքում, և հետո միայն սահմանենք հատակագիծը։ Դրանից հետո էլ արդեն կարելի է անցնել զոնավորմանն ու կառուցապատման նախագծերին»։

Երևանը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ․ ուրախ լուրը քաղաքապետ Տիգրան Ավինյանը անցած տարի դեկտեմբերին հայտնեց։ Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում առկա պահանջներին՝ ասել էր Ավինյանը։

«Ուղակիորեն բարդությունից վախենալով, և այս բեռը չվերցնելով, մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները։ Սա բոլոր առումներով նպաստելու է քաղաքաշինական ծրագրերին, նպաստելու է ավելի կարգավորված քաղաքաշինություն ունենալ, ավելի տրամաբանված ճանապարհային, տրանսպորտային ցանց ունենալ։ Սա խորքային ու հիմնային աշխատանք է, որի կարևորությունը դժվար է գերագնահատել»,– ասել էր Ավինյանը։

«Երևաննախագիծը», գործադիրի հետ հատակագծի մշակման աշխատանքներն արդեն սկսել է։ Նախագիծը պատրաստ լինելուն պես կներկայացվի ավագանու հաստատմանը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը խորհրդարանում խոստացել է՝ մինչև հուլիսի 1-ը Երևանի ճարտարապետական սահմանադրության գոնե նախնական տարբերակն անպայման պատրաստ կլինի։

Back to top button