ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Անվտանգությունը՝ ՀՀ-ԵՄ երկխոսության բաղադրիչ․ ներկայացվել է քաղաքացիական պլատֆորմի առաջին զեկույցը

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն արդեն նաև անվտանգային բաղադրիչ ունի՝ քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Զեկույցն ամփոփում է Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի երկու տարվա գործունեության և մշտադիտարկման արդյունքները: Ներկաները կարևորել են քաղհասարակության միջոցով ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ամրապնդումը։

Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցը հիմնված է մինչև հիմա պլատֆորմի գործունեության շրջանակում մշակված 15 խորհրդատվական կարծիքների վրա, որոնք հեղինակել են քաղհասարակության ոլորտային փորձագետները: Փաստաթղթում անդրադարձ կա դատաիրավական համակարգին, ոստիկանության բարեփոխումների ընթացքին, կրթության, զբաղվածության, պարենի անվտանգության և մի շարք այլ ոլորտների։

Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Հայաստանը կարևորում է որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության մասնակցությունը և օբյեկտիվ գնահատականները՝ նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը բաց է Երևանի և Բրյուսելի միջև տեղի ընթացող  փոխգործակցության շուրջ քննարկումների համար։

«Պլատֆորմն իր նշանակալի դերակատարումն ունի ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական խթանման հարցում՝ մասնավորապես այնպիսի կենսական ոլորտներում, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարադատությունը, կրթությունը, տնտեսությունը։ Մեզ համար կարևոր են զեկույցում մատնանշված բացերի ու խնդիրների վերհանումը, և վստահեցնում եմ, որ դրանք հաշվի են առնվելու հետագա համատեղ աշխատանքներում»։

Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում ինտենսիվ ընդլայնվում է, և անվտանգությունը ևս դարձել է այդ երկխոսության մաս: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը կառույցին դիմել է եվրոպական խաղաղության գործիքակազմի մասն դառնալու խնդրանքով: Սա ևս օրինակ է, թե ինչպես են ընդլայնվում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները՝ նշել է Գրիգորյանը։

«Այս հարցում միանշանակ շատ կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։ Եթե ​​երկարաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք ավելի զարգացնել այդ հարաբերությունները և դրանք դնել ամուր հիմքերի վրա, ապա ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է ներառեն քաղաքացիական հասարակությունը, տնտեսությունը, անվտանգությունը և այլ ուղղություններ։  Համոզված եմ, որ գնալով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները ամրապնդվելու է»:

ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի ուղղությամբ արդեն որոշակի արդյունքներ կան։ Այն մեծապես վերաբերելու է CEPA-ի ներուժը հետազոտելուն և օգտագործելուն՝ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Այն շատ կարևոր փաստաթուղթ է և իդեալականացման ճանապարհին է, բայց իրականում մենք կարող էինք ավելի լավ արդյունքներ արձանագրել։ Երեկ մենք ԵՄ մշտադիտարկման առաքելության 1 տարին էինք նշում, և ակնհայտ է, որ այս ուղղությամբ արդեն աշխատում ենք։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք որակական ավելի բարձր մակարդակի լավարկումներ ունենալ։ Ուզում եմ նաև ընդգծել, որ ԵԽ-ն բարձր ներկայացուցչին և հանձնաժողովին խնդրել է դիտարկել հնարավորություններ, որով հնարավոր է լավարկել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները՝ բոլոր ուղղություններով»։  

Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ, Եվրոպական սոցիալ-տնտեսական հանձնաժողովի  ներկայացուցիչ Սիմո Տիայնեն, որը հեռավար էր միացել միջոցառմանը, հայտնել է, որ 1 ամսից կայցելի Հայաստան։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ Արցախից տեղահանվածներին ընդունելուց հետո։

«Դա կլինի Հայաստան իմ առաջին այցը, և ես մեծապես հետաքրքրված եմ։ Ես շատ ուրախ եմ տեսնել, որ հայկական կողմը շատ ակտիվ  է, և մշակվում են քաղաքականության փաստաթղթեր, որոնք վերաբերում են համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը։ Սա մեր հիմնական գործունեության ձևն է, և ես վստահ եմ, որ փորձագիտական կարողություններն ու գիտելիքները, որ առկա են քաղհասարակությունում, առանցքային կարևորություն ունեն այս գործընթացում»։

Այս պահին Հայաստանը 550 մլն եվրոյին համարժեք ծավալով ծրագրեր է իրականացնում ԵՄ-ի հետ, որոնք տարբեր փուլերում են: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ մեծ մասը ուղղված է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Սյունիքի մարզի կայունացմանն ուղղված շուրջ 50 մլն եվրոն գերազանցող ծրագրերի փաթեթ կա, որը մեկնարկի փուլում է: Փոխվարչապետը նշում է՝ թափանիվը շարժվել է, սակայն ցանկալի  կլիներ, որ ծրագրերն ավելի ծավալուն լինեն:

Back to top button