ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներն ու Հայաստանի տնտեսության արձագանքը․ սանկցիաներն ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից

Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները։ Դրանք սահմանվել էին Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկի հետ։ Այժմ ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը։ Այն պաշտոնապես ուժի մեջ կմտնի փետրարի 24-ին։ Միաժամանակ Պետդեպարտամենտը նույնպես հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր «հզոր» փաթեթի մասին։ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է։ Ի՞նչ ազդեցություն կունենան նոր պատժամիջոցները մեր երկրի տնտեսության վրա։

Եվս մեկ տարի Ռուսաստանի տնտեսությունը կմնա պատժամիջոցների տակ։ Նոր փաթեթը հրապարակված է։ Սա 13-րդն է՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած։ Եվրամիությունում Բելգիայի նախագահությունը X-ում արված գրառման մեջ ընդգծում է, որ փաթեթը «ԵՄ-ի կողմից հավանության արժանացած ամենալայն փաթեթներից մեկն է»: Ըստ Reuters-ի, սահմանափակումները կտարածվեն շուրջ 200 կազմակերպությունների և անհատների վրա։ Bloomberg գործակալությունն էլ, վկայակոչելով իր ունեցած փաստաթղթերը, հայտնել է, որ պատժամիջոցները կազդեն այն կառույցների վրա, որոնք զբաղվում են զենքի արտադրությամբ և ռուսական պաշտպանական ընկերությունների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի մատակարարմամբ:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ ԵՄ-ում նաև առաջարկներ են ներկայացրել՝ արգելելու Եվրամիության ընկերություններին առևտուր անել ՉԺՀ-ի, Թուրքիայի, Հնդկաստանի և Սերբիայի մի շարք ընկերությունների հետ՝ պատճառաբանելով, որ նրանք աջակցում են Ռուսաստանին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված:

Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերն է։

2023-ին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով:

ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունն են ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ընդգծում է՝ սա մտահոգության լուրջ առարկա է․

«Մեզ համար ուղղակի այդ ազդեցությունները գալիս են առևտրատնտեսական գործընկերոջ բացասական կամ այն ոչ դրական գնահատվող գործընթացներից, որ այսօր առկա է։

ԵԱՏՄ-ում բացարձակ առաջատարն է Հայաստանը, սա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»։

Տնտեսագետն արձանագրում է՝ պատժամիջոցները կարողեն ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության համար, որը հատկապես վերջին երկու-երեք տարիներին տնտեսական ակտիվութան բարձր ցուցանիշ է արձանագրում։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կսկսի քայլեր ձեռնարկել արգելափակված ռուսական ակտիվներից շահույթը բռնագրավելու, այնուհետև Ուկրաինային փոխանցելու ուղղությամբ։ Փետրվարի 12-ին է Եվրամիության խորհուրդը հավանություն տվել բանաձևին, համաձայն որի՝ ավանդապահներում Ռուսաստանի Բանկի արգելափակված ակտիվներից (ավելի քան 1 մլն եվրո) շահույթը պետք է գրանցվի և պահվի առանձին: Միաժամանակ, ավանդապահներին արգելվել է տնօրինել ստացված զուտ շահույթը։ Ընդհանուր առմամբ, G7 երկրները, ԵՄ-ն և Ավստրալիան արգելափակել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները կանխիկի և արժեթղթերի տեսքով, որոնք կազմում են մոտ 260 միլիարդ եվրո, որոնցից երկու երրորդը գտնվում է ԵՄ-ում: Հնարավո՞ր է արդյոք, որ այս որոշումն անուղղակի ազդեցություն ունենա Հայաստանի բանկային համակարգի վրա։

Թաթուլ Մանասերյանն արձանագրում է․ «Ես չեմ բացառում բացասական ազդեցությունը։ Իհարկե, չպետք է մոռանալ այն փաստը, որ Հայաստանի բանկային համակարգի մոտավորապես 80 և ավելի տոկոսը տարբեր բանկերում կազմել են արտերկրի կապիտալը։ Այժմ գերակշիռ մասը ռուսական կապիտալն է։ Այս պարագայում, բնականաբար, շղթայական ռեակցիան կարող է հասնել նաև Հայաստանի բանկային համակարգին։ Վիճակն այնքան էլ հանգիստ չէ, իհարկե, հարաբերական կայուն է, բայց տարբեր միտումներ, ե թե լուծում չստանան, բանկային համակարգում վերջին տարիներին գրանցված կայունությունը կարող է  հարցականի տակ հայտնվել»։

Ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանման հետ կապված մտագոհություն էր հայտնել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Նա նշել էր, որ արևմտյան ընկերությունների զգալի մասը հիմնվում է հարստացված ուրանի և միջուկային վառելիքի ռուսական մատակարարումների վրա։ Կոնսենսուս է ձևավորվել, որ «Ռոսատոմի» դեմ պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տա և միաժամանակ կխաթարեն միջուկային էներգետիկայի աշխատանքը շատ երկրներում՝ նշել է Գրոսին։ Հայկական ատոմակայանի առկայությունը էներգահամակարգում նախ՝ էներգետիկ անկախությունն է ապահվում, բայց ամենակարևորը՝ դա ազգային անվտանգության կարևորագույն տարր է։

Գործող էներգաբլոկը պետք է շահագործվի մինչև 2036 թվականը։ Էներգետիկ ոլորտում ռիսկեր նույնպես կլինեն՝ ասում է Մանասերյանը․

«Հատկապես էներգետիկ բնագավառում մեր համագործակցությունը շատ սերտ է ՌԴ-ի հետ։ Ուզում եմ հիշեցնել, որ պայմանավորվածություն կա մինչև 2036 թ ատոմակայանի ժամկետի երկարաձգման հետ կապված։ Հիշեցնեմ նաև, որ ԵՄ-ն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում» պահանջ էր դրել՝ ժամանակի ընթացքում կրճատել, նաև դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը։ Այս հակասական գործընթացները դեռ լուծում չեն ստացել և պատժամիջոցները հնարավոր է, որ որոշակի ազդեցություն ունենան ՀՀ-ի վրա»։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը նկատում է՝ Հայաստանի տնտեսության վրա ՌԴ-ի տնտեսական վիճակն ազդեցություն կունենա։ Ավելին, նա տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում։ Բայց նախորդ տարիներին պատժամիջոցների դրական ազդեցություն ակնհայտ էր․

 «Վերջին շրջանում ՌԴ բնակչությունը չունենալով այլ երկրներ գնալու հնարավորություն, զբոսաշրջության նպատակով ստիպված շատերը Հայաստան են այցելում։ Փոխադրումների ոլորտը աճ է արձանագրել։ Օդանավակայանում 5 մլն ից ավելի ուղևորահոսք է արձանագրվել։ Սրանք արտաքին գործոններ են, որոնք պահպանվել են ու գուցե պահպանվեն նաև 2024 թվականին»։

Տնտեսագետը կարծում է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի լուծման դեպքում էլ որոշակի իներցիոն գործընթացներ լինելու են։ Ավելին, այս պահին Հայաստանի տնտեսության կառուցվածքն է պայմանավորված ռուս-ուկրաինական կոնֆլիկտով․

 «Մենք ունենք ոլորտներ, որոնց աճը ռուս-ուկրաինական պատերազմով է պայմանավորված։ Սա կլինի թե՛ ռուսական կողմից, օրինակ, մեր պահածոների նկատմամբ, պահանջարկի ավելացումը, թե՛ ռելոկանտները, որ գալիս են Հայաստան»։

2022-ի արտաքին դրական ազդակները պահպանվել են նաև 2023-ին։ Առևտրի ոլորտի տնտեսական աճին ավելի շատ նպաստել է վերաարտահանումը։ 2023-ի առաջին ութ ամսում հատկապես մեծ էր ավտոմեքենաների ռեէքսպորտը՝ ասում է տնտեսագետը, նշելով, որ հետագայում խստացումներ իհարկե եղել են։ Հակառակ հոսքը նույնպես դիտվում է ՝ ՌԴ-ից որոշակի ապրանքներ են բերվում Հայաստան, դրանց մի մասը վերամշակվում է, մյուսները՝ ոչ, բայց արտահանվում են։ Փորձագիտական դաշտում միաժամանակ ընդգծում են՝ ցանկացած պարագայում պատժամիջոցները ավելի շատ բացասական ազդեցություն են ունենում ոչ միայն տվյալ, նաև նա գործընկեր երկրների տնտեսությունների վրա։

Մինչ այս փաթեթը Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12 փաթեթ է  հաստատել, որոնք սահմանափակում են Ռուսաստանի հետ առևտուրը և քաղաքական վերնախավի գործունեությունը:

Back to top button