ԿարևորՀասարակություն

Մխիթար Հայրապետյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են գործակցության նոր հնարավորություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Մխիթար Հայրապետյանը կարևորել է նախարարության գործունեության բոլոր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջիկա ռազմավարական ծրագրերին, նախաձեռնություններին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համագործակցության խնդրահարույց թեմաներին։

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ փոխադարձ շահավետ և արդյունավետ համագործակցության համար առկա է մեծ ներուժ, ուստի Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, գործակցության նոր հնարավորություններին, ռուսական ոլորտային ընկերությունների ներկայացվածությանն ու գործունեությանը Հայաստանում, երկուստեք մասնակցությանը ոլորտային ցուցահանդեսներին և մի շարք այլ թեմաների։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել լայն օրակարգով շարունակելու կառուցողական քննարկումները համագործակցության շուրջ։

Back to top button