ԿարևորՀասարակություն

Ոգեկոչման հանդիսավոր միջոցառում Թուլուզում՝ նվիրված Միսաք Մանուշյանի հիշատակին

Փետրվարի 19-ին՝ Ֆրանսիայի Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոն տեղափոխելու արարողությանն ընդառաջ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Օքսիտանիայի ռեգիոնի խորհրդի նախագահ և Ֆրանսիայի ռեգիոնների միության նախագահ Կառոլ Դելգայի հրավերով ռեգիոնի նստավայր Թուլուզ քաղաքում մասնակցել է Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառմանը նախորդել է մամուլի ասուլիս՝ Օքսիտանիայի ռեգիոնի խորհրդի նախագահի, դեսպան Տոլմաջյանի, Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, «Աշխարհիկ միություն» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Սակունի և ֆրանսահայ անվանի դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանի մասնակցությամբ։

Միջոցառման հանդիսավոր բացման ելույթներով հանդես է եկել Կառոլ Դելգան և Հասմիկ Տոլմաջյանը, որին հաջորդել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հայազգի հերոսի կյանքի և գործունեության լուսաբանմանը՝ ինը տարեկանում Հայոց ցեղասպանության հետևանքով որբացումից մինչև հանուն Ֆրանսիայի ազատության անձնազոհ նվիրում։

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Կառոլ Դելգային՝ դեռևս 2022 թվականին Օքսիտանիայի ռեգիոնի կողմից՝ ի աջակցություն Մանուշյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու մասին բանաձևի ընդունման և հանուն Ֆրանսիայի իր կյանքը նվիրաբերած հայ ժողովրդի զավակի մեծարման միջոցառման նախաձեռնման համար։

Դեսպանն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի բացառիկ և պատմական որոշմամբ ֆրանսիացի մեծերի կողքին միակ օտարազգի գործչի՝ հայ ժողովրդի զավակ Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփումը՝ կնոջ՝ Մելինեի ուղեկցությամբ, հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող հազարամյա անխախտ բարեկամության կարևոր խորհրդանիշ է, նաև՝ յուրօրինակ հարգանքի տուրք՝ հանուն Ֆրանսիայի և նրա ազատության իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների։

Միջոցառմանն ընթերցվել է Միսաք Մանուշյանի վերջին նամակը՝ ուղղված կնոջը՝ Մելինեին, իսկ երեկոն եզրափակվեց Անդրե Մանուկյանի երաժշտական կատարումներով:

Երեկոյին ներկա են եղել ռեգիոնալ և քաղաքային խորհուրդների ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, ընդհանուր՝ շուրջ 600 հոգի։

Back to top button