ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 20․02․24

1988–ի փետրվարի 20-ին Արցախյան շարժմամբ դրվեց Հայաստանի նորագույն պատմության սկիզբը։ Ստեփանակերտում ու Երևանում պահանջը մեկն էր՝ Արցախը պետք է միանա Հայաստանին։ «Անջատում» ու «Միացում» կարգախոսներով, բազմահազարանոց հանրահավաքներով ու անսահման լավատեսությամբ դրվեցին նոր դարաշրջանի հիմքերը։

Վարազդատ Լալայանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (205+250): 

Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ  արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247):

Մեր պատմության արցախյան էջը դեռ փակված չէ և պիտի շարունակի գրվել՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։ Արցախցիներն ամեն տարի այս օրը Արցախի եղբայրական գերեզման էին այցելում, այսօր, սակայն, քայլերն ուղղել են դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին։ Արցախի նախկին պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների գերեզմաններին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «X»-ի միկրոբլոգում գրել է․

«Հաջողված քննարկում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝  Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումն ու բարգավաճումն առաջնային են ԵՄ օրակարգում»։ 

Գործարքի վերջնական հաստատումից հետո «Ամերիաբանկը» կշարունակի գործունեությունն իր բրենդի ներքո եւ գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ՝ Հայաստանում հայտարարել է BOGG ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Մել Քարվլը։ Ֆինանսական այս ընկերությունն է պատրաստվում դառնալ Ամերիաբանկի հիմնական բաժնետերը։ Խորհրդի նախագահը Հայաստան է այցելել բանակցությունների բարեհաջող ավարտի կապակցությամբ։ Ամերիաբանկի գործարքին անդրադարձել են նաև Բանկերի միությունում։ Կառույցի նախագահը կարծում է, որ գործարքը կարող է դրական ազդեցություն ունենալ բանկային համակարգի վրա։ Փորձագիտական դաշտում, սակայն,  ռիսկեր այդուհանդերձ տեսնում են։

Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին որոշումներ է ընդունել։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողներն այսուհետ պետք է վճարեն մի քանի անգամ ավել գումար։ Շինարարության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունները դժգոհություններ են առաջացրել ոչ միայն կառուցապատողների, այլև բնակարանային ապահովման ծրագրերից օգտվողների շրջանում։ Այդ փոփոխություններն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել շինարարական ծախսերի և վաճառքի գների վրա։ Այսօր շինթույլտվությունների վերաբերյալ կառուցապատողների հետ քննարկում է կազմակերպվել ԱԺ-ում։

Հրանտ Բաբասյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի տասնվեցին Աբովյան քաղաքում։ Դպրոցից հետո աշխատել և օգնել է ընտանիքին։ 2019-ի հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել «Եղնիկներ» կոչվող զորամասում։ Ծառայությանն ընդամենը մի քանի ամիս էր մնացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Աբովյանից զորակոչված վեց ընկերներով միասին անցան ինչպես ամբողջ ծառայությունը, այնպես էլ պատերազմը։ Ոմանք միասին նաև վիրավորվեցին։ Հրանտը ոտքից բեկորային ծանր վիրավորում է ստացել  հոկտեմբերի տասին։ Նույն հարվածից վիրավորվել էին նաև ընկերները։ Բարեբախտաբար, օգնությունը հասել էր։ Հրանտը հիշում է  մինչև հոսպիտալ ճանապարհը․ «Մորֆի էին ներարկել, բայց ես ամեն ինչ անում էի, որ չքնեմ։ Վախենում էի քնեմ, էլ չարթնանամ»,-պատմում է Հրանտը։ Երևանում բժիշկներն ասել էին՝ ոտքը պիտի կտրեն, բայց պապը համառել էր՝ իմ թոռը թող իր ոտքով լինի։ Բազմաթիվ վիրահատություններից հետո այժմ վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ Հրանտն այսօր քայլում է՝ մի քիչ դժվարությամբ, բայց ի՛ր ոտքով։

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։ Մասնավոր անդրադարձ կկատարվի տարվույս ընթացքում Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության կազմակերպմանը։ Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական  տարաբնույթ հարցեր։

Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցադրություն Բրյուսելի Սինեմատեկում: Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից, փետրվարի 20-ին, ժամը 18:00-ին և փետրվարի 27-ին, ժամը 20:00-ին կցուցադրվեի Համո Բեկնազարյան «Երկիր Նաիրի» (1930թ) ֆիլմը։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում այսօր ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Պայմանագիրը ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի կողմից։ Կենտրոնի հիմնումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Back to top button