ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հոգեբուժարան. ստեղծագործելու առիթը՝ կողպելու պատճառ․ մենք ու նրանք

  • Վերջին տասը տարիների ընթացքում հոգեբուժարաններից առողջ տուն է վերադարձել մեկ մարդ. ՄԻՊ արտահերթ զեկույց:
  • Նկարիչ Արման Օհանյանը ստեղծագործում է միայն «Հոգեբուժարան» թեմայով։
  • Վերջին տարիներին հոգեկան առոջության խնդիր ունեցողների թիվն աճել է, ոլորտի մասնագետներինը՝ նվազել։

«Իրար ամեն օր կասենք գիժ, կասենք խելագար, բայց դրա լրջությունը չենք հասկանա։ Մենք առանձնացրել ենք իրենց մեզնից, բայց  իրենք ու մենք նույնն ենք»։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ նույն իրավունքներն ունեն և պետք է ապահովված լինեն իրենց իրավունքների իրացման հնարավորությամբ, ինչպես մյուսները»։

Արման Օհանյանի ու Լաուրա Գասպարյանի գործը վերջին հաշվով նույնն է՝ կոտրել հոգեբուժարանների բարձր պատերն ու կարծրատիպը, թե մենք բանական ենք, նրանք՝ ոչ։

Ցանկալի վերջնարդյունքին հասնելու ուղիները, սակայն, տարբեր են․ Արմանը նկարիչ է և ստեղծագործում է միայն «Հոգեբուժարան» թեմայով, Լաուրա Գասպարյանը ՄԻՊ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետն է։ Երկուսն էլ հաճախ են լինում հոգեբուժարաններում․Արմանը՝ ավելի շատ այնտեղ ապրողներին, Լաուրա Գասպարյանը՝ ապրելու պայմաններն ուսումնասիրելու համար։

«Մենք արձանագրել ենք գերբնակեցված սենյակներում այնպիսի միջավայր, որտեղ մինչև 3 քմ տարածք կա, և հնարավոր չի ապահովել հակահրդեհային կանոննները։ Գույքով ապահովելու հետ խնդիրներ ունենք, անձնական պահարանների, անձնական իրերի պահման, շատերը իրենց անձնական իրերը պահում են մահճակալի մեջ, պոլիէթիլենով մահճակալի տակ, և միջանձնային խնդիրներ են առաջանում»,- պատմում է Լաուրա Գասպարյանը։

Արման Օհանյանին ևս հուզում են հոգեբուժարաններում ապրողների պայմանները, բայց կարևորն ու ընդգծելին այդ պայմաններում ազատությունն ու բանականությունը չկորցնելն է։

«Երկրի վրա կա մի տեղ, որը երկրից դուրս ա, որ էդ չակերտավոր ազատությունը, որը մենք իբրև թե ունենք հասարակության մեջ, ինչքան էլ պարադոքս ա, իրենք էնտեղ ունեն։ Ոնց որ ստեղ մարդիկ։ Այսինքն՝ դու կիսաառողջ գնում ես էնտեղ, և նույն կարգավիճակում ես։ Հետևաբար՝ ես հասկացա, որ տարբերություն չկա։ Պատեր, բարիկադներ են շարում, որ մենք լավն ենք, տարբեր ենք, բանական ենք, բայց չկա էդպիսի բան, իրանք ավելի բանական են»։

Հոգեկանը՝ իրավական ու սոցիալական անլուծելի խնդիր

Ըստ ՄԻՊ 2022թ․–ի արտահերթ զեկույցի՝ վերջին տասը տարիների ընթացքում հոգեբուժարաններից առողջ տուն է վերադարձել մեկ մարդ, ըստ նույն զեկույցի՝ «Սևան» հոգեբուժարանում 402 մարդ իր կամքին հակառակ է պահվում, մյուս 394-ը, ըստ փաստաթղթերի, դեմ չեն եղել ապրել հոգեբուժարանում, սակայն առանձնազրույցները հակառակն են ցույց տվել։

«Երբ առանձնազրույցներ ենք ունենում շատ պացիենտների հետ, նրանք միշտ գանգատվում են, որ իրենց հարազատները ստիպողաբար են բերել, և պետք է նախաձեռնել ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ, ինչը չի արվում։ Սոցիալական կապերի բացակայությունը, համայնքային ծառայությունների, խարանի առկայությունը դժվարություններ են ստեղծում՝ համայնքում ապրելու, խնամքը, զբաղվածությունը կազմակերպելու առումով։ Շատերը ստացիոնարից դուրս չեն գրվում, որովհետև հարազատներ չունեն կամ հարազատների կողմից անտեսված են։ Այս դեպքում պետությունը պետք է ջանքեր գործադրի, որ անձն իր համայնքում ապրի, և ոչ թե ստացիոնարներում»,- ասում է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը։  

Գասպարյանի դիտարկմամբ՝ եթե հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին ճանաչենք և օգնենք նրանց մինչևհոգեբուժարանում հայտնվելը, ոչ միայն կտրուկ կնվազի հոգեբուժարաններում ապրողների թիվը, այլև կկանխվի հիվանդության զարգացումն ու սրացումը։

«Երբ են հոսպիտալացնում․ երբ որևէ զանցանք է անում կամ իրեն ագրեսիվ է պահում, միջավայրում դառնում է վտանգավոր, բայց մինչև այդ փուլը գնահատելը կարիք կա ավելի շուտ սկսել աշխատել նրանց հետ»։

Եթե նույնիսկ մի քանի տարի անց մարդն առողջանում է, հաստատությունը կաշկանդված է նրան դուրս գրելու հարցում, քանի որ նա ապրելու տեղ չունի, իսկ «հոգեկան հիվանդի» խարանը խանգարում է աշխատել կամ ներգրավվել համայնքում՝ ասում է Գասպարյանը։ Խնդիրը սոցիալական աշխատողների դաշտում է, որոնք քիչ են հոգեբուժարաններում, նաև՝ համայնքներում։ Ընդհանրապես, հոգեբուժության ոլորտի մասնագետների կարիք ունենք։

«Լուրջ խնդիր է հոգեբույժների թիվը, շարունակում ենք մեկ ամբողջ մարզում 2 հոգեբույժ ունենալ, հոգեբույժները դժվարություն ուեն տեղափոխվելու, և դա իրականում ամբողջ երկրի մակարդակով է»,- ասում է Գասպարյանը։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվը մեծանում է, ոլորտի մասնագետներինը՝ նվազում

Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ 2019-ին հոգեկան առողջության խնդիր է ախտորոշվել 2188 մարդու մոտ, 2020-ին՝ 2602, 2021-ին՝ 3230, 2022-ին՝ 3206։ Նույն թվականների տարեվերջյան տվյալներով՝ դիսպանսերային հաշվառման մեջ գտնվող բուժառուների թիվը կայուն աճել է՝ 2019-ի 57164-ից 2022-ին դառնալով 60609:

Հոգեբուժական մահճակալների թիվը նույն տարիներին ավելացել է 87-ով՝ 2019-ի 1270-ից 2022-ին դառնալով 1357։

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված 5 պետական հաստատություն կա: Դրանցից երեքը՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը», «Սևան» և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնները գտնվում են Առողջապահության նախարարության համակարգում և իրականացնում են ստացիոնար բուժում: Մյուս երկուսը՝ «Ձորակ» խնամքի կենտրոնը և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, գործում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ և տրամադրում են միայն շուրջօրյա խնամքի ծառայություն: 

Հոգեբուժարաններում ավելի լավ պայմանների համար ամենամեծ խոչընդոտը ֆինանսավորման բացակայությունն է՝ փաստում են մասնագետները։ Հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Արամ Հովսեփյանն ասում է, որ պետությունն անում է ամեն ինչ, բայց՝  հնարավորությունների սահմաններում․

«Էն փուլն ա, որում գտնվում ա մեր պետությունը, և պարզապես էնքան հարուստ չենք, որ էդքան միջոցներ տրամադրենք մի հիվանդի, որ ոլորտում ուզում է լինի։ Այսինքն՝ ինչքան որ ես ծանոթացել եմ հիվանդանոցների աշխատանքին, բոլոր տեղերում էլ բոլոր ղեկավարությունները մաքսիմալը անում են։ Պարզապես էդ մաքսիմալը մեր երկրի տնտեսական վիճակում էդքան էլ մաքսիմալ չի համաշխարհային ստանդարտներով»։ 

Ավելի արդյունավետ աշխատանքի համար նախ պետք է սահմանել առաջնահերթությունները, տարբերել շտապ հոսպիտալացման կարիք ունեցողներին, ստեղծել խնամքի առանձին կենտրոններ, որտեղ կապրեն համեմատաբար կայուն վիճակում գտնվող բուժառուները։ Գերծանրաբեռնված հոգեբուժարաններում ապրում է ընդհանուր օգնության կարիք ունեցողների միայն փոքր մասը՝ ասում է հոգեբույժը։

«Հոգեբուժական ստացիոնարներ բոլոր մարզերում չունենք, ունենք Շիրակի մարզում, Լոռու մարզում, Սյունիքում, Գեղարքունիքում և Արարատում, մնացածում չունենք։ Մի կողմից սա խնդիր է, օրինակ, Տավուշում մարդիկ երկար ճանապարհ պետք է անցնեն, եթե հիվանդանոցում պառկելու կարիք ունեն։ Մյուս կողմից սա հիմնական խնդիրը չէ, որովհետև հիվանդանոց պառկողները փոքր մասն են ընդհանուր օճգնության կարիք ունեցողների։ Շատ ավելի մեծ մասը, մեկը տասին է հարաբերակցությունը, էն մարդիկ են , ովքեր կարիք ունեն արտահիվանդանոցային ծառայության, այսինքն՝ գնալ, բժշի խորհուրդը ստանան, գալ։ Էս դեպքում մենք էլի ունենք խնդիր՝ մասնագետների հագեցվածության»,-ասում է հոգեբույժը։

Եթե Երևանի բուժհաստատությունները պարբերաբար վերանորոգվում են, ապա մարզային մասնաճյուղերում վիճակը տարիներ շարունակ նույնն է։ ՄԻՊ պաշտոնյայի փոխանցմամբ՝ աշխատողները չեն հիշում՝ վերջին անգամ երբ են թարմացվել անկողնային պարագաները կամ նոր հագուստ ստացել, իսկ օրինակ Սյունիքի մասնաճյուղում սնունդն ապահովում է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը՝ ամսական նվիրատվությունների տեսքով։

Անվերջ ստեղծագործելու տեղը

Արմանը նկարում է միտքը՝ սահմաններից դուրս։Սկզբում հեռուստացույցով, հետո դեմ առ դեմ է տեսել, շփվել ու որոշել նկարել միայն նրանց կամ նրանց հետ անմիջական կապ ունեցող իրերը, երևույթները, պատկերացումները։ Առաջին՝ «Հոգեբուժարան» շարքը, որտեղ գլխավոր ատրիբուտը մարդու գլուխն է, արդեն ցուցադրվել է, հիմա ստեղծում է նոր՝  «Շիզոֆրենիա» շարքը։

«Սկզբից ինձ մարմինը չէր հետաքրքրում, որովհետև ինչ կատարվում ա, գլխի մեջ ա կատարվում։ Ինձ թվում ա՝ մարմինը ինչ -որ տանող բերող առարկա ա, բայց հիմնական կարևոր էությունը, երևույթները գլխի մեջ են կատարվում, հիմա էս նոր շարքի մեջ երեխաներ են էլի գլուխներով, բայց մենակ չեն, էս թազա հետաքրքրություն ա չգիտեմ ուր կտանի»։

Մեր ու նրանց իրականությունները երբեմն զուգահեռ են, երբեմն՝ խաչված, ավելի հաճախ՝ նույնը։ Նկարչի նկարներում հոգեբուժարանի դատարկ աթոռն ու երևանյան մետրոյի վագոնը այդ 2 աշխարհների սպանող լռության ու գլխապտույտ քաոսի միաձուլումն են։

«Աթոռ դե միշտ եմ տեսել, բայց որ հոգեբուժարանում տեսա, էդ ուրիշ զգացողություն էր, գիտե՞ք ինչ աթոռ ա, էդ էն ներկա-բացակա աթոռն ա, որ կամ դու կգնաս, կունենաս քո աթոռը, կամ ինքը տենց դատարկ մնալու ա, էդ ավելի շատ մարդ ա, քան աթոռ, դրա համար էնտեղ աթոռ չկա, աթոռի սիլուետ ա։ Մետրոյով շատ եմ գնում–գալիս, մետրոյի էդ քաոսը ինձ հոգեբուժարանը հիշեցրեց»։

Արմանը որոշ նկարների էսքիզներ արել է հոգեբուժարանում՝ ներսի մարդկանց ներկայությամբ, նրա որոշ կերպարներ իրական նախատիպեր ունեն։ Ասում է՝ իր նկարներով փորձում է նաև ջարդել հոգեբուժարանների ներսում և դրանցից դուրս գտնվողների միջև եղած պատը:

Back to top button