Երաժշտական եռանկյունի

Արփենիկ Հակոբյանի ստեղծագործական բանաձևը. «Երաժշտական եռանկյունի»

Երգչուհի, թավջութակահարուհի, ստեղծագործողԱրփենիկ Հակոբյանը միշտ ձգտել է գտնել ինքն իրեն, ապրել է տարբեր երկրներում, աշխատել է օր ու գիշեր և գտել ազատությանը հասնելու սեփական բանաձևը։

Արփենիկ Հակոբյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։ 1995 թվականին ընդունվել է Երևանի Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը և սովորել թավջութակի ու դաշնամուրի դասարաններում։ Երաժշտական կրթությունը շարունակել է 1999 թվականին՝ Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցի Մեդեա Աբրահամյանի թավջութակի դասարանում, որտեղ ստացել է տաղանդաշատ պատանիների կրթաթոշակ։

2003 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Արմեն Էլբակյանի արվեստանոց։ 2005 թվականից կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում և Եվրոպայում։ 2009 թվականից սովորել է Անտվերպենի թագավորական կոնսերվատորիայում՝ Բելգիայի պետական նվագախմբի մենակատար Օ. Լեկայի դասարանում, իսկ 2012 թվականից՝ Գենտի կոնսերվատորիայում՝ գերմանացի պրոֆեսոր Յ. Էրմերթի թավջութակի դասարանում։

Արփենիկը 2013 թվականին որպես երաժիշտ-կատարող ավարտել է բակալավրիատը և շարունակել կրթությունը նույն կոնսերվատորիայի մագիստրատուրայում։

Արփենիկ Հակոբյանի համագործակցել է մի շարք երաժիշտների և երգիչների հետ, որոնցից են Խաչիկ Սահակյանը, Վարդան Առաքելյանը, Արման Ջալալյանը, Գոռ Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Անի Սահակյանը, Արման Փահլևանյանը, Արթուր Սողոյանը, Տիգրան Տեր-Ստեփանյանը, ինչպես նաև «Դորիանս», «Նուզ» խմբերը։ 2010 թվականին դարձել է բելգիական «Արաքս» երաժշտական խմբի անդամ։ Արփենիկ Հակոբյանը 2008 թվականին ԱՄՆ-ի Թենեսի նահանգում մասնակցել է «Սեուաննի» ամառային դասական երաժշտական փառատոնին՝ որպես կամերային կատարող և մենակատար, իսկ Բերն քաղաքում՝ «Էմ Էս Էյ» երգչախմբային և նվագախմբային նախագծին։ 2009 թվականին նա ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում մասնակցել է «ՅուԷսՍի» աշխարհի ջազ սիմֆոնիայի նախագծին, Ս. Զեկոպսենի ղեկավարությամբ, որպես մենակատար-թավջութակահար և Ֆրանսիայի Ռուբէ քաղաքում եղել է Ալբեկի փողային նվագախմբի սիմֆոնիկ նախագծի առաջատար թավջութակահարը։

2008 թվականից Արփենիկը մասնակցել է տարբեր համերգների, նախագծերի, վարպետության դասերի՝ Գլեն Հյուզի, Դերեկ Շերինյանի, Սերժ Թանկյանի, Ալան Մունիերի, Լուիս Կլաբերի, Մարիա Կլիգելի, Նատալի Գութմանի, Միշա Մայսկիի մասնակցությամբ։ Առանձնահատուկ տեղ է գրավում երաժշտի կարիերայում նրա աշխատանքը աշխարհահռչակ «Ցիրկուս դե Սոլեի կրկեսում, ուր նա ձկտել է աշխատել, մասնակցելով տարիների ընթացքում բազմաթիվ մրցույթների։

Աշխատանքը նման ստեղծագործական թիմի հետ համարում է մեծ նվաճում պրոֆեսիոնալիզմի առումով։ Ժանրային առումով ձգտում է ջազի, ազատ ոճի երաժշտությանը, բաց է ստեղծարարության և էքսպերիմենտի համար։ Աշխատում է բացառապես ազատ արվեստի դաշտում՝ որպես ինքնազբաղ ստեղծագործող գործիչ։

Այսօր Արփենիկը ապրում և աշխատում է Հայաստանում, հանդես է գալիս որպես մենակատար և ամենատարբեր երաժշտական կազմերով, համագործակցում բազմաթիվ երժիշտների (հատկապես ջազային) և խմբերի հետ։

Back to top button