Վերնատուն

Սիրված ու ժողովրդական, բայցև՝ անծանոթ Իսահակյանը. «Վերնատուն»

Ավետիք Իսահակյանի տուն –թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը խոսում է Իսահակյանի ստեղծագործությունների արդիականության, հասարակական քաղաքական գործունեության, տուն թանգարանի էքսպոզիցիայի շեշտադրումների մասին։

Արմինե Ավետիսյանը կարևորում է Իսահակյանի մեծ ժողովրդականություն ունենալու փաստը, որը կարևոր դերակատարում է ունեցել գրողի կենսագրության բոլոր շրջաններում։

«Իսահակյանը ժողովրդական բանաստեղծ էր, նրա ստեղծագործություններն ամենաշատն է տարածվել ժողովրդի մեջ, իր երգը երգվել է ժողովրդի լեզվով և չի տարբերակվել ժողովրդական երգից»։ Իսահակյանը հանրության շրջանում հայտնի է որպես լիրիկ բանաստեղծ։

Արմինե Ավետիսյանը նշում է, որ կարևոր է ներկայացնել գրողի ազգային, հասարակական գործունեությունը։ Պատմում է, որ Իսահակյանը 20 տարեկանից ակտիվորեն ներգրավված է եղել ազգային ազատագրական, հասարակական ակտիվ գործունեության մեջ՝ հավաքագրել է կամավորական ջոկատներ, զենք մատակարարել Արևմտյան Հայաստան։ Իր գործունեության արդյունքում բազմիցս ձեռբակալվել ու բանտարկվել է։

Իսահակյանի Ակադեմիական հատորների շրջանակներում հավաքագրվել և ի մի է բերվել գրողի ողջ ստեղծագործական գործունեությունը։ Արմինե Ավետիսյանը նշում է, որ Իսահակյանն այդտեղ նորովի է բացահայտվում։

Թանգարանն ակտիվորեն նախապատրաստվում է Վարպետի ծննդյան 150 –ամյա հոբելյանին։ Հավաքագրվում և ի մի է բերվում Իսահակյանի հասարակական, քաղաքական գործունեությանը վերաբերվող նյութերը, որը կվավերացվի գրողի կերպարը նորովի բացահայտող ֆիլմում։

Հոբելյանի շրջանակներում նախատեսվում է նաև Միջազգային գիտաժողով՝ տեղի և արտերկրում բնակվող հայագետների ու իսահակյանագետների մասնակցությամբ։ Թանգարանի նպատակներից մեկն էլ Իսահակյանի ստեղծագործությունները տարբեր լեզուներով թարգմանել ու հրատարակելն է։

150-ամյակին ընդառաջ՝ նախատեսվում է «Աբու– Լալա Մահարի» պոեմի բազմալեզու թարգմանությունն ու հրապարակումը։ Արմինե Ավետիսյանը խոսեց նաև Իսահակյանի արխիվում պահվող հետաքրքիր ու յուրօրինակ լուսանկարների ֆոնդի ու իրերի մասին, որը բացահայտում է մի շարք երկրների մշակութային առանձնահատկությունները, որտեղ Վարպետն ապրել ու ճամփորդել է։

Back to top button