ԿարևորՀասարակություն

Օրը` կարճ․ 12․02․2024

ԱԳՆ ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին, նշված է Հանրային հեռուստաընկերության կայքում տեղ գտած հրապարակման մեջ։

«Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է:

Ամոյանը կիսաեզրափակչում գոտեմարտեց Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրիան Գուտուի հետ և հաղթեց 2։1 հաշվով:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ Նա հանդիպումներ կունենա Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կքննարկվեն Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող հարցեր։

Հանդիպման արդյունքներով նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի մամուլի ասուլիսը։ Մինչ այդ ադրբեջանական  լրատվամիջոցները հաղորդում են, որ  այդ երկրի  ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԵՄ դեսպան Պիտեր Միխալկոն: Նրան տեղեկացվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություն է առաջացնում Բաքվում:

Լուսանկարը՝ արխիվային

Վերջին օրերին հանրության շրջանում ակտիվ քննարկվող թեմաներից մեկը սահմանամերձ բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիսում և Մեղրիում պետական մի շարք կառույցների տեղափոխման  մասին լուրերն էին։ Խոսքը Մեղրիում՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրիի  նստավայրի, ՊԵԿ սպասարկման կենտրոնի և  կադաստրի կոմիտեի գրասենյակի, իսկ Վարդենիսում անձնագրային և վիզաների վարչության գրասենյակի մասին է։ Եթե Մեղրիում կառուցվածքային փոփոխությունները հանգիստ ընդունվեցին, ապա Վարդենիսում անհագստությունների և մտավախությունների պատճառ դարձան։

Հանրապետության դպրոցներում 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները, «Առողջ ապրելակերպ» խմբակի նոր չափորոշիչներով դասընթացներին մասնակցելով, հնարավորություն ունեն ծանոթանալու մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ սնուցում և ֆիզիկական ակտիվություն, աճ, զարգացում, հիգիենա, անվտանգություն և այլն։ Խմբակը նշված դասարանների համար դարձել է պարտադիր։

Օրերս համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել «Առողջ ապրելակերպ» դասընթացի բովանդակությունը։ Մասնավորապես, քննադատվում էին 5-րդ դասարանում սեռական դաստիարակությանը վերաբերող դասերը։ Այս մտահոգությունները «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի անդամները չեն կիսում։ Ըստ նրանց՝ սխալ տեղեկատվություն է տարածվում, կա թյուրըմբռնում։

2018թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հունաստանի կառավարության որոշմամբ փետրվարին նշվում է «հունարենի համաշխարհային օրը»։ Օրն ընտրվել է ի հիշատակ հույն բանաստեղծ Դիոնիսոս Սոլոմոսի, որը Հունաստանի Հանրապետության օրհներգի տեքստի հեղինակն է։ Հունարենը բանաստեղծի առաջին լեզուն չէր, նա ծագումով Արևմտյան Հունաստանից էր, որտեղ տարածված լեզուն իտալերենն էր։ Սոլոմոսը ավագ տարիքում է սովորել մայրենին և այնքան է կատարելագործվել, որ գրել է հիմնի բառերը։

Օրերս Հայաստանի բանկերից մեկը՝ Արդշինբանկը, հայտարարեց  HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին։ Վերջինը բրիտանական  խոշորագույն հոլդինգի  հայաստանյան դուստր ընկերությունն է։ Ըստ պաշտոնական հիմնավորման՝ որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։

«Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, Խումբն իր բիզնեսի համար նպատակահարմար չի համարել  շարունակել ներկայությունը Հայաստանում»,- նշվում է հաղորդագրության  մեջ։ Հայաստանյան մեկ այլ՝ «Ամերիա» բանկի վերաբերյալ էլ մասնակցության հնարավոր փոփոխության մասին խոսակցություններ են շրջանառվում։  ԿԲ-ն դրանք  հերքել է՝ նշելով, որ այս պահին նման գործարք չի  գրանցել։

Իրանն այլ երկրների հետ իր հարաբերությունները կառուցում է կարևոր 3 սկզբունքների վրա՝ արժանապատվություն, իմաստություն և նպատակահարմարություն՝ Իրանի Հանրապետության հեղափոխության 45-րդ տարեդարձին նվիրված հանդիսությանն ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։ Հանդիսությունից բացի՝ քննարկումներ են ծավալվել հայ-իրանական հարաբերությունների շուրջ։

Բրիտանական «The Telegraph» պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է «Խաղաղության պայմանագրի» շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքից։ 43 րոպե տևած հարցազրույցում Փաշինյանը խոսել է առավելապես բանակցությունների և անվտանգային ուղղությունների մասին։ Նա ընդգծել է, որ անվտանգային ուղղությամբ դիվերսիֆիկացումը արդեն իրողություն է ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի և այլ ուղղություններով։ Սակայն, դա չի նշանակում Ռուսաստանի հետ կապերի խզում, հստակեցրել է Փաշինյանը։

Երևանի քաղաքապետարանը աշխատանքներ է սկսել մայրաքաղաքի հուշարձան– շենքերի վերականգման ու պահպանման ուղղությամբ։ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ քաղաքային իշխանությունը բարեկարգման կարիք ունեցող 50 հուշարձան-շենք է գույքագրել, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների։ Մեկ այլ ծրագրի շրջանակում առաջիկայում կվերականգնվի նաև Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը, ինչպես նաև ամրոցի մուտքը։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև մայրաքաղաքում կառուցվող թեքահարթակներին ներկայացվող նոր պահանջները։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 77 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադիլետ Տուլուբաևի հետ:

Մալխասը հաղթեց 3։2 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: 55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 20-ամյա հայ մարզիկը հաղթեց 13:5 հաշվով:

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Back to top button