ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ինչո՞ւ է Հայաստանից hեռանում HSBC բանկը

Օրերս Հայաստանի բանկերից մեկը՝ Արդշինբանկը, հայտարարեց HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին։ Վերջինը բրիտանական  խոշորագույն հոլդինգի հայաստանյան դուստր ընկերությունն է։ Ըստ պաշտոնական հիմնավորման՝ որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։

«Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, Խումբն իր բիզնեսի համար նպատակահարմար չի համարել  շարունակել ներկայությունը Հայաստանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանյան մեկ այլ՝ «Ամերիա» բանկի վերաբերյալ էլ մասնակցության հնարավոր փոփոխության մասին խոսակցություններ են շրջանառվում։  ԿԲ–ն դրանք հերքել է՝ նշելով, որ այս պահին նման գործարք չի  գրանցել։

Ի՞նչ փոփոխություններ են կատարվում բանկային համակարգում, ինչո՞ւ է Հայաստանից հեռանում HSBC-ն, ի՞նչ է սպասվում «Ամերիա» բանկին։ Հարցերը քննարկվում են փորձագիտական շրջանակներում, պաշտոնական պատասխաններն ու հաղորդագրությունները շատ հարցեր առայժմ անպատասխան են թողնում։ ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը մտահոգիչ ձևակերպումներ է տեսնում HSBC–ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

«HSBC-ն հայտարարել է, որ Հայաստանը իրենց ռազմավարական զարգացման հեռանկարի մեջ չի տեղավորվում։ Ըստ այդմ՝ նման որոշում են կայացրել։ Եթե այս նախադասությունը վերլուծենք, իհարկե մտահոգիչ է, խնդրահարույց է,որ  Հայաստանը նման կառույցի համար  ռազմավարական զարգացման առումով հետաքրքրություն չի ներկայացնում։ Սա կարող է նաև այլ շրջանակների համար ուղղորդող, որոշումների վրա ազդող գործոն հանդիսանալ»։

Պաշտոնական հաղորդագրությամբ HSBC-ն տեղեկացնում է, որ որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ «Չնայած հայաստանյան ընկերության ցուցանիշները բարձր են, բայց Խմբի ռազմավարությունն է՝ կապիտալը վերաբաշխել ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններում։ Այս համատեքստում Խումբն իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել ներկայությունը Հայաստանում», –նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

TVYALNER.COM կայքի հիմնադիր Աղասի Թավադյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում հիշեցնում է՝ դեռ երկու տարի առաջ էր կառույցը հայտարարություն տարածել, որ դուրս է գալու որոշ պետություններից՝ իր հիմնական գործունեությունը կենտրոնացնելով Արևելյան Ասիայի վրա, որտեղ տեղաբաշխված է ընդհանուր կապիտալի 75 տոկոսից ավելին։

«Արդեն իսկ HSBC-ն իր գործունեությունը դադարեցրել է Ֆրանսիայում, Հունաստանում, ՌԴ-ում, ինչպես նաև Կանադայում։ Հայաստանը այս շղթայի փակումներից մեկն է»։

Բանկը 2023-ին խոշոր հարկատուների ցանկում 55-րդն է ՝ արձանագրում է տնտեսագետը, նկատում, որ վերջին երեք տարիներին շահույթը շուրջ 3 անգամ մեծացել է։

«Եթե 2021-ին մոտ 3 մլրդ դրամի շահույթ էր գրանցվել, ապա 2023-ին՝ արդեն 11 մլրդ դրամի շահույթ։ Եթե սա դիտարկենք ընդհանուր համաշխարհային մասով, ապա սա HSBC-ի վերջին երկու տարիներին իրականացվող քաղաքականության մի մասն է»։

Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Արդշինբանկը, օրերս հայտարարեց HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին։ Թավադյանի գնահատմամբ՝ ծառայությունների մատուցման ու բազաների տարբերությունն ակնհայտ է։

«Սակայն դա տեխնիկական հարց է, ժամանակի ընթացքում կփոփոխվի։ Որոշակի բիզնես որոշումներով այդ խնդիրը կարող է լուծվել, բայց ճշմարտությունն այն է, որ Արդշինբանկը ամենախոշոր շահույթ ունեցող բանկն է , իրեն կարող է թույլ տալ իր գործունեության ծավալները ավելի մեծացնել ՀՀ-ում և ավելի մեծանալ»։

HSBC-ի մուտքը Հայաստան բանկային համակարգում մշակույթ փոխեց՝ արձանագրում է  տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Թե ինչ կփոխի հեռանալը, դեռ պետք է սպասել։ Մինչ փորձագիտական շրջանակներում հնարավոր հետևանքները քննարկվում են, անորոշության ամպեր են կուտակվում նաև «Ամերիա» բանկի շուրջ։ Պաշտոնական հաղորդագրություններ առայժմ չկան, բայց կան շրջանառվող խոսակցություններ, օրինակ, վրացական ընկերության կողմից «Ամերիա» բանկի մասնաբաժնի ձեռքբերման մասին։

Հարցը լրագրողների հետ  հանդիպման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին ուղղվեց։

«ԿԲ-ն՝ որպես այն ինստիտուտ, գրանցում է կամ հավանություն է տալիս այդ տիպի գործարքների։ Հենց նման բան տեղի ունեցավ, բոլորդ կիմանաք դրա մասին։ Այս պահի դրությամբ նման գործարք չկա»։

«Ամերիա» բանկում ֆինանսական այլ կազմակերպության հնարավոր մասնակցությունն Արմեն Քթոյանին ավելի քիչ է մտահոգում, քան HSBC-ի՝ Հայաստանից  հեռանալը։

«Սա ֆորմալ առումով կարող ենք որպես օտարերկրյա ներդրում դիտարկել՝ ՀՀ-ում։ Սա կապիտալի դուրս հանել չէ։ Իսկ թե ինչո՞վ է դա պայմանավորված, որքանո՞վ է Ռուբեն Վարդանյանի հետ կապված խնդիրը, կանխորոշել նման որոշումը կդժվարանամ ասել։ Եթե չդիտարկենք Ռուբեն Վարդանյանի գործոնը, որևէ երկրի բանկը գալիս է, մասնակցություն է ձեռք բերում մեր երկրի բանկում։ Դա ներդրումային գործընթաց է, նախկինում նույնպես եղել են նման գործընթացներ։ Եթե գործոնը դիտարկենք, հնարավոր շարժառիթների շարքում դիտարկենք Ադրբեջանի ճնշումը, այստեղ ես ուղղակի կապ չեմ տեսնում»։

«Ամերիա» բանկի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալի մասնակցություն ունեցող անձ է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն այս  պահին գերության մեջ է Ադրբեջանում։  

Back to top button