Քեսաբում գերեվարված եւ թուրքական Վագըֆում ապաստանած հայերն այսօր տեղափոխվում են Լիբանան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Քեսաբում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում գերեվարված 23 քեսաբցիներն այսօր արդեն Սփյուռքի նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հայակական կազմակերպությունների համատեղ աշխատանքների շնորհիվ տեղափոխվում են Լիբանան, այնուհետև կմիավորվեն իրենց ընտանիքների հետ։
Թուրքիայի սահմանակից սիրիական Քեսաբ գյուղաքաղաքի վրա մարտի 21-ին սկսված հարձակման հետեւանքով բնակիչների մեծ մասը տեղափոխվել էր Լաթաքիա, սակայն որոշ, հատկապես մեծահասակ քեսաբցիներ չէին կարողացել գաղթել եւ գերեվարվել էին զինյալների կողմից։ Թուրքիայում հայաբնակ Վաքըֆ գյուղ էին տեղափոխվել 23 հայեր։ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Լիբանանի և Սիրիայի հայկական կազմակերպությունների հետ համատեղ աշխատում էր գերեվարվածներին վերադարձնելու ուղղությամբ:
Այսօր նրանք տեղափոխվում են Լիբանան, մի քանի օրից՝ հարազատների մոտ: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի խոսքով` գերիները չեն ունեցել փաստաթղթեր և այս օրերին ձեւակերպվում էին նոր փաստաթղթերը, որպեսզի վերջիններս կարողանան տեղաշարժվել: Այս հարցում դժվարություններ չեն ունեցել։
22 գերեվարվածները ցանկություն են հայտնել միանալ իրենց ընտանիքներին: Այդ ընտանիքները Հայաստան չեն գաղթել, այդ իսկ պատճառով էլ նրանց կտեղափոխեն Լիբանան, այնուհետև հարազատների մոտ: Գերեվարված մեր հայրենակիցներին էլ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կցուցաբերի օգնություն:
Սփյուռքի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը` իրենց հանձնել այն բոլոր քեսաբահայերի ցուցակը, ովքեր այս օրերին գտնվում են Թուրքիայում, և աջակցել վերջիններին` ընտանքիներին վերամիավորվելու հարցում: