Գերդաստաններ

Բժշկությունից մինչև «Ոսկե Ցլիկ» ու «Հարսնացուն հյուսիսից». «Գերդաստաններ»

Ժորա Հարությունյանը անվանի թատերագիր էր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գորժիչ, շատ-շատ սիրված «Ոսկե Ցլիկը», «Հարսնացուն հյուսիսից», «Խոշոր շահում» ֆիլմերի,  հայտնի «Խաչմերուկ», «Քո վերջին հանգրվանը» կատակերգությունների հեղինակն է։ Նրա դուստրը բանաստեղծ, թարգմանիչ, ԳԱԱ-ի   «Լրաբեր» և «Բանբեր» հայագիտական հանդեսների երկար տարիների աշխատակից Գայանե Հարությունյանն է։

Մուշում հիանալի փայտագործ վարպետներ կային, որոնց զարդանախշերով ստեղծած սեղանների շուրջը, հավանաբար, մինչ օրս նստում են քրդեր, թուրքեր և հնարավոր է նաև հայեր, որոնք իրենց գենետիկ հիշողությամբ ժամանակ առ ժամանակ Մշո Գորանի են երգում, իսկ նրանց պատրաստած օրորոցներում մեծանում են այդտեղ ապրողների մանուկները։

Սաղաթել Հարությունյանը Մուշի փայտագործ վարպետներից էր, որը ցեղասպանության տարիներին գաղթեց Հայաստան, եկավ բնակություն հաստատեց այսօրվա Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Նա իր հետ բերել էր իր իսկ ձեռքով պատրաստած մահճակալը, ուղղանկյունաձև սեղանը, գրապահարանը։ Դրանք  բոլորն էլ աչքի էին ընկնում յուրահատուկ զարդանախշերով և մինչ այսօր պահպանվում են Հարությունյանների տանը։ Սաղաթելի կինը՝ Մայրանուշը, հիանալի ասեղնագործում էր։ Սաղաթելը հաճախ հետևում էր կնոջ ասեղնագործ աշխատանքներին և կերտում էր նոր պատկերներ՝ իր փայտաշեն իրերի վրա։

Հետո մշեցի այս ընտանիքը տեղափոխվեց Երևան և հաստատվեց 3-րդ մաս կոչվող թաղամասում։ Այստեղ է ծնվել և մեծացել Սաղաթելի որդին՝ Ժորա Հարությունյանը։  Ճարպիկ տղան օժտված էր հումորով, և օրվա մեջ պատահած ամեն դիպված վերածվում էր հետաքրքիր հումորային պատմության, որի հերոսները փողոցի, 3-րդ մասի միակ տրավմայի մարդիկ էին՝ պատմում է դրամատուրգի դուստրը՝ Գայանե Հարությունյանը։

Ժորային հետաքրքրում էին բոլոր մարդիկ՝ բակի, դպրոցի և նույնիսկ հիվանդանոցների, որտեղ, բժիշկների աշխատանքը տեսնելով, որոշել էր բժիշկ դառնալ։ Եվ հենց այդ պատճառով նա ընդունվեց բժշկական ինստիտուտ, հետո աշխատեց բուժհիմնարկներում, սակայն շուտով համոզվեց, որ ընտրելու է մի ճանապարհ, որտեղ կգործածի հումորի իր անսահման հնարավորությունները, և շատ դեմքեր հետագայում կդառնան իր ստեղծած սյուժեներով հանրահայտ ֆիլմերի նախատիպերը, օրինակ՝ «Ոսկե ցլիկի» Նաջարյանի կերպարը։ Եվ այսպես կամաց-կամաց բացվեց նրա կյանքի շքեղազարդ դուռը։

Փայլեց նրա մարդասիրական տաղանդը։ Նա լրջորեն նայում էր մարդկային հարաբերություններին, բայց դրանք ընդունում էր հումորով։ Այդպես էր նա զգում ու տեսնում աշխարհը՝ հետևելով ոչ միայն համամարդկային բարոյական պատգամներին, այլև իր հոգու, սրտի և խղճի պատգամներին, այո, խղճի, որն էլ սնում էր նրա անսահման մեծ բարությունը, բարություն, որը տալիս էր իր մեջ ապրող հերոսներին, որոնց նա զարգացնում էր ֆիլմերի, դրամատուրգիայի ժանրի առանձնահատկությունների շրջանակում, և մենք ականատես էինք լինում հմայիչ աշխատանքների, ինչպես, օրինակ, «Հարսնացուն հյուսիսից»-ը, որը բարի, ուրախ, սրտաբաց կատակերգական տրամադրությամբ պիես է։ Այս ֆիլմի և ներկայացման սրամիտ իրավիճակները, բնավորությունները, երկխոսություններն ու ռեպլիկները մինչ օրս հիշվում են հանրության կողմից։

Դրամատուրգի կյանքը լի էր զավեշտալի արկածներով։ Օրինակ, երբ իրեն հարվածել փորձող մարդու գլխին Ժորան դույլ է հագցնում։ Հետագայում բացահայտվեց, որ այդ մարդը եկել էր գողության նպատակով՝ մտածելով, որ «Ոսկե ցլիկը» ֆիլմից հետո մեծ հոնորար տված կլինեն։ Ընտանիքի անդամներին ու հարևաններին վախեցնում է այս կերպարանքը՝ պատմում է Գայանեն։

Ժորա Հարությունյանը նաև բանաստեղծ էր։ Կանաչ-կարմիր երազների, պատարագի խնկով օծված երգերի կանչի, կտուրին կանգնած՝ երկար ծամերով աղջկա սիրով ապրող և հանուն նրա հավատարմության ու անմեղ մաքրության համար աղոթող  բանաստեղծ։

Գայանեն անընդմեջ հոր աշխատանքների, ներկայացումների, ֆիլմերի հետ էր մեծանում։ Սակայն ուներ նաև իր անհատական աշխարհը։ Նա ունի բանասիրական կրթություն, բանաստեղծ է, թարգմանիչ, խմբագրական պատասխանատու աշխատանքներ է կատարում ԳԱԱ-ի «Լրաբեր» և «Բանբեր» հանդեսներում։ Հրատարակել է մի քանի բանաստեղծական ժողովածուներ ռուսերենով։ Դրանք հույսի, հավատի, աշնանային դրամատիկ պատկերների ու թախիծի, սառած հոգիների պոետիկ հրաշալի պատմություններ են։

Խորհրդավոր ու տխուր
Քո հայացքը այդքան լուռ
Ինձ տանում է դռնեդուռ,
Հետն էլ բացում հուշի դուռ,
Այնքան ծանոթ մի մրմուռ
Նշմարում է խիղճը կույր,
Ձեռքս բռնում է ամուր,
Եվ չմարող մի ցավ խուլ
Տագնապում է սիրտս լուռ։

Գայանեն հայրիկի մահից հետո դարձավ Գրողների և Ժուռնալիստների միությունների անդամ։ Նա թեև ռուսական դպրոց էր հաճախել, սակայն դա չէր խանգարում, որ մնար հայ, մտածեր հայի և Հայաստանի մասին։ Նա հետազոտեց հայրիկի ողջ արխիվը, նոր բացահայտումներ արեց ու հրատարակեց Ժորա Հարությունյանի մասին նրա ժամանակակիցների հուշերը, նրա  կենսափիլիսոփայությունն արտահայտող թևավոր խոսքերը։

Ժորա Հարությունյանի «Պարոն Շմոն» շատ ավելի է առաջ գնացել, քան խեղճ ու կրակ «Աբիսողոմ աղան»։ Նա ուներ հզոր թիկնապահներ, Թոթոլ անունով բազմափորձ խոհարար, սևաչյա և կապուտաչյա հարճեր, շքեղ խալաթի գրպանում ՝շքեղ հեռախոս, արծաթե փայլուն կոթով ատրճանակ, սակայն նույն գրպանները լեցուն էին արևածաղկի սերմերով, և Շմոն պատեհ ու անպատեհ չրթում էր։

«Միակ դեպքն էր, որ դրամատուրգի պիեսը չէր բեմադրվել»,- գրում է Ռազմիկ Մադոյանը և ավելացնում։ «Ես չգիտեմ, եթե բեմից ներկայացվի «Պարոն Շմոն», արդյո՞ք Հայաստանի «ցարը» համարձակություն կունենա ասելու, որ այստեղ ներկայացված են բոլոր չինովնիկները»։

Այստեղ հեղինակի սիրտը դաղված էր նոր հայերի կենսագրությունից, նոր գործելակերպից ու նոր հոգեբանությունից, ասում է արձակագիր, գրականագետ Նորայր Ադալյանը։

Այս գերդաստանում մի փայլուն բանաստեղծ էլ կա՝ Լյուդմիլա Վարդանյանը։ Նրա մասին կպատմի զարմուհին՝ Նեկտար Մարտիրոսյանը։

Ամեն անգամ մեզանից յուրաքանչյուրը երբ դիտում է «Ոսկե ցլիկը», «Հարսնացուն հյուսիսից»-ը կամ «Ղազարը գնում է պատերազմ», ոչ միայն ժպտում ու կրկնում է հերոսների ճշմարիտ ու հումորով լի խոսքերը, այլ հիշում է նաև Ժորա Հարությունյանի խոսքերը. «Մարդկային կյանքի մեծությունը ոչ թե ապրած տարիներն են, այլ արած գործերը»։ 

Back to top button