ԿարևորՎերլուծական

Մեր դիրքորոշումը շատ հստակ է և խիստ՝ մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը․ Իրանի դեսպան

Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը եղել է ամենաանվտանգը և երաշխիք է հանդիսացել երկուստեք ընդլայնվող կապերի ու շփումների, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկեցության ու բարօրության համար, ուստի Թեհրանն իր քայլերով ցույց է տվել, որ կտրականապես չի հանդուրժի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում։

Իրանի այս դիրքորոշումը փորձագետների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին շեշտել-վերահաստատել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա մի շարք այլ  ուշագրավ հայտարարություններ ևս արել է նախօրեին հրավիրած հանդիպում-ասուլիսի ժամանակ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ Իրանի քաղաքական և հոգևոր ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով նախանշված «կարմիր գծերի» վերահաստատումը Երևանում հենց Իրանի դեսպանատան շենքում, յուրօրինակ ուղերձ է՝ այս անգամ արդեն Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կողմերին։

Դժվար է հիշել դեպք, որ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը Երևանում ասուլիս հրավիրի հենց դեսպանատան շենքում՝ կարևոր նրբություն է նկատում իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ի՞նչ է արձանագրել ու վերահաստատել մեր երկրում իրանի դեսպանը. հայ-իրանական հարաբերությունները հաստատումից ի վեր օրեցօր զարգացել են։ Իրանն այսօր էլ աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և նախկինի պես պատրաստ է իր ողջ կարողությունները ծառայեցնել փոխգործակցության զարգացմանը։

«Թեհրանը ողջունում և աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի բովանդակությունը, այն է՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը, հիմնված է երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Պաշտոնական Երևանի դիրքորոշումն առավել քան տրամաբանական է ու միջազգային նորմերին համահունչ։ Ճանապարհների ապաշրջափակումը Իրանի համար ողջունելի է, եթե այն տեղի ունենա տարածաշրջանի երկրների շահերի հիման վրա ու ինքնիշխանության ներքո»,-ձևակերպեց Սոբհանին։  

Արձագանքելով փորձագետների և լրագրողների հարցերին, Իրանի դեսպանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Մասնավորապես, շեշտել է, որ Իրանը Հայաստանի «ուժեղացման և հզորացման» կողմնակից է։ Այդ առումով կարևորելով ուժերի հավասարակշռման դերը՝ Սոբհանին նշել է, որ ցանկացած օգնություն, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն, Իրանը պատրաստ է տրամադրել Հայաստանին։ Իրանով դեպի Հայաստան զենքի տարանցման խոչընդոտների վերաբերյալ լուրերի մասին հարցին արձագանքելով, դեսպանը շեշտել է՝  ես կնախընտրեմ նման ասեկոսեներին չպատասխանել։

Անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին` Սոբհանին նկատել է, որ այն 30 տարի որևէ արդյունք չի գրանցել, քանի որ, Մինսկի խումբը ստեղծվել է, որ իրենք իրենց ներկայությունն ապահովեն տարածաշրջանում, հետևաբար՝ նրանք խաղաղության չեն ձգտել։ Բնական է, որ մենք հետևենք իրական խաղաղություն հաստատելուն՝ ասել է Սոբհանին։ Անդրադառնալով «3+3» ձևաչափին, դեսպանը նշել է, որ այն միտված է տարածաշրջանի երկրների խնդիրների լուծմանը, շեշտելով, որ այն կարող է հաջողություն ունենալ, եթե մասնակից երկրները ցանկանան իրական խաղաղություն՝ լուծեն խնդիրները և երաշխավորը լինեն։

«Եթե այս ձևաչափը կարողանա շոշափելի ձեռքբերումներ արձանագրել, ապա մյուս երկրները ևս ցանկություն կունենան մասնակցելու այս հարթակին։ Եվ, ի վերջո, խաղաղության հաստատման համար ամենալավ ուղին տնտեսական կապերի հաստատումն է, այլ ոչ թե լարվածության հրահրումը»,-հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Սոբհանիի խոսքով՝ Իրանի համար նախընտրելի է Հայաստանի տարածքով դեպի Սև ծով ճանապարհը, քան Ադրբեջանով։ Իրանի համար ՀՀ-ն լավագույն ճանապարհն է դեպի հյուսիս` Սև ծով դուրս գալու համար, այն երկու օրով ավելի կարճ է։ ՀՀ-ի համար ևս Իրանը լավագույն ճանապարհն է դեպի Պարսից ծոց ու Չաբահար նավահանգիստ դուրս գալու համար՝ ընդգծել է դեսպանը։

Ինչ վերաբերում է Հյուսիս–հարավ ճանապարհին, ապա նա նշել է, որ հայկական կողմը դեպի հյուսիս լավ աշխատանքներ է արել արդեն, սակայն Երևանից դեպի հարավ թերևս դեռ աշխատելու տեղ կա։ Փետրվարի վերջին գործնական քայլեր կձեռնարկվեն այն սկսելու համար։ Այդ ճանապարհի կառուցումը փոխադրումների ու առևտրի ծավալների մեծացման համար կարևոր գործոն կլինի՝ ասել է Սոբհանին, վստահեցրել՝ առաջիկա ամիսներին երկու երկրների պատվիրակություններն այդ ուղղություններով անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն։

Իրանի դեսպանը հիշեցրել է ՀՀ-ն Իրանին աջակցեց, որ ԵԱՏՄ–ի հետ տնտեսական համաձայնագիր կնքվի, որի արդյունքում Իրանի առևտրաշրջանառության ծավալը մի քանի անգամ ավելացավ։ Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները համարում է ռազմավարական՝ ծառայելով ի շահ Հարավային Կովկասի և տարածաշրջանի կայունության՝ եզրափակել է մեր երկրում Իրանի դեսպանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ դեսպանն արձանագրել է մի շարք կարևոր Իրանի պետական մետեցումները ՀՀ-ի նկատմամբ, որոնք չեն կարող որևէ պարագայում խախտվել, կտրվել կամ դառնալ ոտնձգությունների առարկա։      

Back to top button