Հովիկ Հովեյանի «Հիշողությունների կավ» եւ «Քամիների վերադարձը» գրքերի շնորհանդեսը` այսօր
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Այսօր Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Հիշողությունների կավ» եւ «Քամիների վերադարձը» գրքերի շնորհանդեսը: Վերջինը, ի դեպ, թարգմանվել է պարսկերեն եւ հրատարակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Գրողին շնորհավորելու էին եկել նրա գրչակից ընկերները, մշակութային գործիչներ եւ պարզապես ընթերցասերները:
Իրանի «Հաֆրաս» հրատարակչությունը բոլորովին վերջերս թարգմանել եւ հրատարակել է Հովիկ Հովեյանի «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն: Այն բանաստեղծի 13- րդ ժողովածուն է։ Քանի որ 2011 թ-ին հրատարակված «Հիշողությունների կավ» գրքի շնորհանդեսը չէր եղել, Հովիկ Հովեյանն ասաց, որ այսօր ընթերցասեր հասարակությանը ներկայացնում է միաժամանակ երկու գիրք: Պարսկերեն թարգմանությունը, գրողի խոսքով, երեւույթ է, եւ նա հպարտ է ոչ միայն իր, այլ ընդհանրապես հայ պոեզիայի հանրահռչակման եւ օտար ընթերցողին հասցնելու համար:
Իրանում ընթերցում է նույնիսկ տաքսու վարորդը, ջուլհակը, ատաղձագործը, ասաց Հովիկ Հովեյանն ու հույս հայտնեց, որ Հայաստանում եւս կվերականգնվի գիրք կարդալու հրաշալի ավանդույթը:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը, շնորհավորելով Հովիկ Հովեյանին, ասաց, որ ի դեմս բանաստեղի այսօր ունենք հրաշալի գրողներ,պոետներ, նկարիչներ ու, ընդհանրապես, արվեստագետներ, սակայն պակասում է պետական հոգածությունը:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Արզումանյանն այսօր նախընտրեց խոսել Հովեյանի մասին որպես ընկեր, այլ ոչ որպես գրականագետ։ Հովիկի բանաստեղծությունները նման են կոլաժի, ասաց. «Հաճախ կարդում ես, ու մտորում ես թե արդյոք ինչպես է պատահում, որ «ժամանակը փայտփորիկ է», որ «գիշերը քառակուսի է», որ «նոյեմբերը կաղում է»։ Մի պահ կանգ ես առնում, հետո հասկանում ես, որ այնուամենայնիվ երեւի ինչ-որ ճշմարտություն կա ասածի մեջ։ Երբ հեղինակը գրում է , որ «Հյուսիսային պողոտայի ցայտաղբյուրից պատմության կրկնօրինակն է հորդում»… , եւ ես կարծում եմ , որ պետք է պահենք ու փայփայենք այն մարդկանց, այն անհատներին, որոնք գունավորում են մեր կյանքը»: