ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Միջազգային կառույցները չեն գործում․ միջուկային զենքը կզսպի՞ երրորդ համաշխարհայինը

Մինչև մարտի կեսերն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժության հայտարարվող նպատակը տարածաշրջանի անվտանգությունն ու ընդհանուր շահերը պաշտպանելն է: Այս զորավարժությունները տեղի են ունենում ներկայիս գլոբալ անվտանգային պայթյունավտանգ իրավիճակում. Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտություն, Եմենում պատերազմ, ԱՄՆ մեղադրանքներ ուղղված Իրանին, ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղիղ հարվածելու մարտահրավեր, Իրանից Լոնդոնին և Վաշինգտոնին տարածաշրջանի ցասումը չառաջացնելու կոչ և այլն։

Տևական ժամանակ է, ինչ պետությունների միջև փոխհարաբերությունները չեն ընթանում  միջազգային հարաբերություններում օրենքի, փոխգործակցության վրա հիմնված, ընդհանուր առմամբ՝ ընդունելի և վաղուց բանակցված կանոնների հիման վրա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։ Նրա խոսքով՝ դա առավել ցայտուն արդեն իսկ դրսևորվեց Ուկրաինական պատերազմում։

«Իրականում այսօր աշխարհում տեղի են ունենում այնպիսի վերադասավորումներ, որոնք միտված են աշխարհակարգում նոր օրենքներ սահմանելուն։ Միաբևեռ աշխարհակարգն այլևս, կարծում եմ, լինել չի կարող»։  

Բազմաբևեռ աշխարհակարգն էլ, փորձագետի դիտարկմամբ, իր մեջ սկսում է ներառել տարբեր մեխանիզմներ ու տարբեր կառուցվածքներ ձևավորել։ 

«Կառուցվածքներից մեկը կարող է դիտարկվել Ռուսաստան-Չինաստան-Իրան համագործակցային ձևաչափը»։   

Այս համատեքստում էլ փորձագետը դիտարկում է աշխարհում տեղի ունեցող անցուդարձերը։

Կհանգեցնե՞ն այդ ամենը երրորդ համաշխարհային պատերազմի, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն ասում է, որ իր սուբյեկտիվ կարծիքով՝ այդ պատերազմը վաղուց է սկսվել, պարզապես ոչ այն ձևով, որը գիտենք պատմությունից։ Փորձագետը նկատում է, որ այդ առումով գործիքները փոխվել են՝ տնտեսական պատժամիջոցներ են, օրինակ, հիմա կիրառվում. հիբրիդային եղանակով պատերազմներ և այլն։ Որքանո՞վ այդ ամենը կվերաճի դեմառդեմ առճակատման՝ դժվար է ասել։ Ըստ փորձագետի, սակայն, մի բան այսօր շատ հստակ է ու տեսանելի՝ միջազգային ոչ մի կառույց իր գործառույթներն այսօր չի կարողանում իրականացնել։

«Այն, որ այսօր իրավիճակն այնքան է շիկացած, որ անհրաժեշտ է վերանայել միջազգային կառուցակարգերը, սա փաստ է»։

Որքանո՞վ կհաջողվի այդ կառուցակարգերի վերանայում և նոր աշխարհակարգի ձևավորում՝ առանց մեծ բախման՝ առանց երրորդ համաշխարհայինի բռնկման, այն դեպքում, երբ բոլոր կողմերից սպառնալից հայտարարություններ ու դրանց համապատասխան կանխատեսումներ են հնչում։ Օրինակ՝ չինական Global Times թերթը գրել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հայտարարությունը Ռուսաստանի և Չինաստանի մասին վկայում է համաշխարհային պատերազմ սկսելու դաշինքի ցանկության մասին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Չինաստանն անվանել է ամենամեծ սպառնալիքը երկարաժամկետ հեռանկարում, իսկ Ռուսաստանը՝ ամենահրատապը դրանցից։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենի գործունեության հետևանքով կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը՝ մինչև նրա նախագահական ժամկետի ավարտը։

Փորձագետը նկատում է, որ աշխարհակարգերը, ըստ էության ձևավորվեցին հենց համաշխարհային պատերազմներից հետո։ Այսօր, սակայն, ըստ նրա, դժվար է պատկերացնել, որ նույն գործընթացը կարող է լինել, այսպես ասած, այդ տրադիցիոն պատերազմի միջոցով։

«Աշխարհն այսօր ունի մի շատ կարևոր զսպման միջոց, դա միջուկային զենքն է։ Այսինքն՝ այսօր բոլորին էլ պարզ է, որ միմյանցից դժգոհ պետությունները, որոնք հայտ են ներկայացնում գլոբալ աշխարհակարգում կանոններ թելադրելու, մեծ մասամբ տիրապետում են միջուկային կարողությունների։ Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ պետք է խոսենք այն մասին, թե ինչքանով հնարավոր կլինի նստել բանակցային սեղանի շուրջ»։

Միաժամանակ, ըստ փորձագետի, իրավիճակն այնքան է շիկացել, որ զսպման միջոցները գործուն չեն, ուստի՝ սեղանի շուրջ նստելը ցանկալի է բոլորիս համար։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, փորձագետը կարծում է, որ մեր երկիրը հնարավորինս պետք է ընդլայնի իր համագործակցության դաշտը տարբեր ուժային կենտրոնների հետ՝ այդ գործընթացից ոչ թե տուժող, այլ օգտվող դուրս գալու համար։

Back to top button