Երկրորդ շնչառություն

Հայկական կարմիր խաչի ընկերությունը ծառայություններ է առաջարկում 65 և ավելի տարիք ունեցող միայնակ անձանց․ «Երկրորդ շնչառություն»

Տարեցները Հայկական կարմիր խաչի ընկերության իրականացրած ծրագրերի և ծառայությունների հիմնական թիրախային խմբերից են: Հայկական կարմիր խաչի ընկերության հաղորդակցության պատասխանատու Նունե Գրիգորյանի խոսքերով, կամավորները տարիներ շարունակ այցելում են հանրակացարանաբնակ տարեցներին և տրամադրում սննդի ու հիգենիկ պարագաների փաթեթներ:

«Ամենակարևորն այն է, որ կամավորները շփվում են տարեցների հետ, և շատ դեպքերում նրանք ոչ մի այլ հարազատ չեն ունենում և միակ մարդիկ մեր մասնագետներն են, որ այցելում են նրանց»,- ընդգծում է նա:

2016-17 թթ. Մասիսում գործում է բարեգործական ճաշարան, որտեղ շաբաթական երեք անգամ շուրջ 85 տարեցի մատուցվում է տաք սնունդ: 2020 թվականից պետությունն այս կազմակերպությանն է պատվիրակել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը, որտեղ բնակվում է մինչև 160 միայնակ ու տարեց անձ:

Հաստատությունը հիմնանորոգվել է, առանձնացվել է պալիատիվ խնամքի բաժանմունքը, ապահովվել է ժամանակակից ենթակառուցվածքներով: Ն.Գրիգորյանը հիշում է, որ համավարակի տարում համապատասխան հանդերձանքով կամավորներն ավելի քան 36 հազար տարեց մարդու սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են հասցրել: Այսօր էլ մի շարք մարզերում գործում է նաև ձմեռային աջակցության ծրագիրը, երբ վեց ամիս կամավորների միջոցով տարեցներին տրամադրվում է սննդի փաթեթ:

«Մենք գործում ենք շվեյցարական մոդելով, որ տեղայնացվել է մեր երկրում և տարիների ընթացքում արձանագրել է բարձր՝ 97 տոկոս արդյունավետություն: Խնամառուի հարազատի հետ համագործակցությամբ մշակվում է խնամքի անհատական պլան և սկզբունքն այն է, որ տվյալ տարեց անձի դուռն օրական առնվազն մեկ մասնագետ բացի, և նա իրեն միայնակ չզգա»,- բացատրում է Ն.Գրիգորյանը:

Նրա խոսքերով, բուժքույրը կատարում է բժշկի նշանակած միջամտությունները, խնամողներն օգնում են կենցաղային հարցերում, կամավորներն աջակից են զբոսանքի, ծաղիկների խնամքի կամ տարեց անձի զբաղվածության հետ կապված այլ հարցերով:

2016թ․-ին Լոռու և Շիրակի մարզերից սկսված «Համայնքային ինտեգրված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն» ծրագիրն այսօր արդեն իրականացվում է նաև Վայոց Ձորում և Կոտայքում, ինչպես նաև մայրաքաղաքում:

«Ծրագիրն իրականացվում է՝ հաշվի առնելով խնամառուի կարիքները: Դրանք այն մարդիկ են, որ ինքնուրույն չեն կարողանում հոգալ իրենց կարիքները»,-բացատրում է ծառայության  ղեկավար Կարինե Կուրղինյանը՝ ավելացնելով, որ իրենց նպատակը տարեց մարդուն ավելի երկար կենսունակ պահելն է:

Նա նշում է, որ Ակտիվ երկարակեցության չորս մարզերի 32 ակումբներն ունեն ավելի քան 450 անդամներ: Բազմաբովանդակ այս ծրագրի շրջանակում տարեցներին հնարավորություն է տրվում իրենց հետաքրքրող ոլորտներում նախաձեռնություններով հանդես գալ, որոնց կազմակերպությունը դրամաշնորհներ է տրամադրում՝ ապահովելու զբաղվածությունն ու ակտիվ ծերությունը:

Back to top button