Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

«Մա՛մ, էլ իմ բարձն ու վերմակը արևին չտաս»․ Արևիկ Դանիելյան․ «Կյանքին ասել այո՛»

Արևիկն ու Արտակն ամուսնացել էին 2019-ի հոկտեմբերի 29-ին։ Արտակը նկարիչ էր, ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ավարտել Խաչատուր Աբովյանի անվան մանկավաժական համալսարանի Գեղարվեստի բաժինը, աշխատում էր Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում որպես նկարչության ուսուցիչ։ 44-օրյա պատերազմի օրերին ներգրավված էր կամավորական աշխատանքներում, օգնություն էր հասցնում Լոռիում ապաստանած արցախցի ընտանիքներին ու Գորիսի հիվանդանոցներում բուժվող վիրավոր զինվորներին։ 2020-ի հոկտեմբերի 15-ին Գորիսից վերադարձող մեքենան վթարի է ենթարկվում՝ բախվելով զինվորական ՈՒԱԶ-ին։

Արտակը հիվանդանոցում մահանում է։ Ուղիղ մեկ տարի անց՝ մահվան տարելիցի օրը LIVER կենտրոնի օժանդակությամբ տեղի ունեցավ Արտակ Բարսեղյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքները ընդգրկված են նաև նույն կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված պատերազմում զոհված արվեստագետներին նվիրված ժողովածուի մեջ։ Արտակը ոչ միայն նկարում էր, այլև գրում։ Արևիկի նախաձեռնությամբ 2022-ին հրատարակվեց «Որովհետև սիրում եմ» ժողովածուն, որտեղ նաև Արտակի վերջին գործն է՝ «Մա՛մ, էլ իմ բարձն ու վերմակը արևին չտաս» վերնագրով։

«Մանկության տարիներին Արտակի մեջ մի դրվագ էր տպավորվել․ մայրը մաքրություն է անում, թարմություն ներս բերում, ու այդ պահին հնչում է պատերազմի լուրը։ Պատահականության բերումով 2020-ի պատերազմի օրը Արտակի մայրը դարձյալ մաքրություն է անում, իսկ Արտակն ասում է՝ մա՛մ, հերիք է էդ բարձն ու վերմակը արևին տաս, մի բան լինում է, ու եղավ․․․»,-պատմում է Արևիկը։ Արտակի ստեղծած արվեստը մարդկանց հասցնելն այսօր Արևիկի ու Արտակի ծնողների կարևոր նպատակն է։ Ապրելու ուժ գտնելու և Արտակին ապրեցնելու ճանապարհը դա է։

Back to top button