Սիրվարդ Մարգարյան։ Բանաստեղծուհի, ռազմական լրագրող։ Բառը` այդ մեծագույն զենքն է նրա կյանքի ու արարումների միջոցը։ Բառն է, որով բանաստեղծուհին հեշտությամբ կարողանում է զինաթափել դիմացինին կամ ընթերցողին` նրան դարձնելով բարի ու սիրառատ։ Ընդհանրապես դեմ է բոլոր տեսակի կոպտություններին ու բռնություններին։ Ասում է` Աստված տիեզերքը ստեղծել է, մարդուն արարել արարչագործությունների համար։ Տիեզերքը շատ մեծ է, որպեսզի որևէ թիզ հողի համար կամ այլ պատճառաբանություններով մարդուն վտանգելն ու սպանելը արդարացվեն։ Մարդն իր պատկերով ու նմանությամբ մեկին պետք է սիրի` իր տողերով քարոզում է Սիրվարդ Մարգարյանը, համաձայնելով, որ պոեզիան սիրո քարոզ է։
Տասնյակ գրքերի հեղինակը 2023 թվականի սեպտեմբերին հարկադրաբար զրկվեց հայրենիքից։ Հայրենիքը հիմա երգ է դարձել բանաստեղծուհու գրչի ծայրին, հայրենիքը վերք է դարձել նրա հոգուն ու սրտին, և երգը սպեղանի է դարձել դեպի հայրենիք վերադարձի անվերջ ճամփաներում։