Երաժշտական եռանկյունի

Վաչե Շարաֆյան. կոմպոզիտորի ուղիները. «Երաժշտական եռանկյունի»

Հայ ժամանակակից ակադեմիական երաժշտության կոմպոզիտորների գործունեությունը, միջազգային ճանաչումն ու ստեղծագործական նվաճումները պայմանավորում են հայկական կոմպոզիտորական դպրոցի սերնդափոխությունն ու զարգացումը։

Վաչե Շարաֆյանը , անցնելով կրթական բոլոր աստիճաններով, մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրից դուրս, պարգևատրվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և Մովսես Խորենացի մեդալով։

Վաչե Շարաֆյանը ծնվել է 1966 թվականին Երևանում։ 1990 թվականին ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, 1992 թ.-ին՝ ասպիրանտուրան (պրոֆ. Է. Միրզոյանի դասարան)։ 1992-1996 թթ. դասավանդել է Երուսաղեմի Հայոց Ժառանգավորաց ճեմարանում, ուր նաև հեղինակել է սուրբ Թափորագրքի երգեցողությունների մասը Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարի արարողությունների համար։ Դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, Կալիֆոռնիայի պետական համալսարանում (UCLA):

Շարաֆյանը հեղինակ է ավելի քան հարյուր ստեղծագործությունների, այդ թվում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ անսամբլային, ինչպես նաև «Աբգար արքա» երկժամանոց օպերայի, «Երկրորդ լուսինը» բալետի, ֆիլմերի, թատերական ներկայացումների համար գրված երաժշտության։

2001 թ.-ից աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի կողմից ընտրվել է որպես The Silk Road նախագծի պաշտոնական կոմպոզիտոր Հայաստանից։ 2002 թ.-ից BMI կոմպոզիտոր է։ Ձայնասկավառակներ է թողարկել BIS Records (Շվեդիա), Albany Records (ԱՄՆ), Traditional Crossroads (ԱՄՆ), Blue Grigffin (ԱՄՆ), Louth CMS (Իռլանդիա) կողմից։ Շարաֆյանի ստեղծագործությունների հրատարակիչներն են՝ G.SCHIRMER (ԱՄՆ), Editions BIM (Շվեյցարիա), Billaudot (Ֆրանսիա), A-RAM (Անգլիա), այլն։ Շարաֆյանի երաժշտությունը, ստանալով իր բարձրագույն գնահատականը New York Times-ի, TheSTRAD-ի, Boston Globe-ի, San Francisco Classical Voice-ի, բազմաթիվ այլ պարբերականների քննադատների կողմից, կատարվում է միջազգային ամենահեղինակավոր դահլիճներում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Ուկրաինայում, Վրաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Թայլանդում, Լիբանանում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Մեքսիկայում, Լեհաստանում, Իռլանդիայում, Անգլիայում, Իսլանդիայում, Շոտլադիայում, Էստոնիայում, Լատվիայում, Հունաստանում, Կիպրոսում և Շվեդիայում։

Շարաֆյանի ստեղծագործությունները պատվիրվել, կատարվել են բազմաթիվ նվագախմբերի, մենակատարների, անսամբլների, փառատոների կողմից, այդ թվում այնպիսի ականավոր երաժիշտների կողմից, ինչպիսիք են Յո-Յո Ման, Յուրի Բաշմետը և «Մոսկվայի մենակատարներ»-ը, Հիլլիարդ անսամբլը, Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը, Ռոստոկի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը, Բոստոնի ժամանակակից սիմֆոնիկ նվագախումբը (BMOP), Նյու Յորքի Մետրոպոլիտան համերգային արտիստները, նաև Սիցիլիայի, Մենսֆիլդի, Թուրինգերի, Դուբրովնիկի, Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբերը, Soli Deo Gloria «Սաղմոս-համաշխարհային նախագիծը», Էստոնիայի Պետական Արական երգչախումբը և այլн։

Մշտապես համագործակցում է հայ անվանի երաժիշտների, նվագախմբերի, երգչախմբերի հետ ինչպիսիք են Սուրեն Բագրատունին, Մովսես Պողոսյանը, Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ, Երիտասարդական, Համահայկական և Ազգային Կամերային նվագախմբերը, Հովեր պետական կամերային երգչախումբը, Միրզոյանի, Կոմիտասի անվան պետական քառյակները, Խաչատուրյան տրիոն և այլ։

Back to top button