Սփյուռքի ձայնը

Ռուսաստանում Փարաջանովին նվիրված միջոցառումները կմեկնարկեն փետրվարին. «Սփյուռքի ձայնը»

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը Ռուսաստանում տրվելու է փետրվարին: Հունվարի 9-ին նրա  ծննդյան օրը կազմավորվեց Փարաջանովին նվիրված փառատոնի իրականացման հանձնածողովը՝ Ռուսաստանում հայտնի ու Փարաջանովի հետ մտերմություն ունեցող հայ և ռուս անձանցից։

«Աշխարհաքաղաքական խառնաշփոթի, հոգևոր արժեքների անկման, այսօրվա ներազգային ու համամարդկային խնդիրների գոյության ու դրանց հաղթահարման  համար հանրաճանաչ ռեժիսորի ու արվեստագետի՝ Փարաջանովի 100-ամյակի նշումը  լավագույն առիթն է»,- ասում է Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Գաբբեն:

Փարաջանովի 100-ամյակի միջոցառումները ՌԴ-ում սկսվելու են նրա անունը կրող թատրոնի բեմադրած դրամատուրգիական կոլաժային ներկայացմամբ: «Վրեժխնդիր կլինեմ աշխարհին սիրով» ներկայացումը Փարաջանովի՝ բանտում անցկացրած տարիների գրառումների, նրա չբեմադրված գործերի ու թատրոնի ստեղծման պատմության մասին է: Վլադիմիր Գաբբեն նշում է, որ փառատոնի շրջանակներում կլինեն հանդիպում-քննարկումներ, կլոր սեղաններ, ֆոտոցուցահանդեսներ ու սկսնակ ռեժիսորների գործերի ներկայացումներ:

Ներկայացվելու են նրա ֆիլմերը, կլինի նաև ֆիլմի պրեմիերա: «Փարաջանով-100»․ այսպես է անվանվել այն ֆիլմը, որը նկարահանել է հայտնի կոմպոզիտոր Յուրի Սաուլսկու որդին՝ Ռոման Սաուլսկին՝ ոգեշնչվելով մեծ արվեստագետի գործերով ու մտքի թռիչքով։

Վլադիմիր Գաբբեն նշում է, որ ՌԴ մի քանի քաղաքներում Փարաջանովի շունչը զգալու են ողջ տարվա ընթացքում: Նաև ավելացնում է, որ ներկայացումը հնարավոր է ցուցադրվի հայաստանյան բեմերից մեկում:

Back to top button